Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ. Հաց արտադրող ստուգված 24 տնտեսավարող սուբյեկտից 21-ի աշխատանքը կասեցվել է


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ։

Ըստ ծառայության հաղորդագրության, վերահսկողության արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանություններ, ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:

«Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը տեղեկացնում է, որ վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում, նշելով, որ վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG