Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը դրական է գնահատել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու առաջարկը


ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՌԴ վարչապետի կեցավայրում տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, աշխատանքային նախաճաշի շրջանակում, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Համագործակցության ավանդական ուղղություններից բացի, կողմերը քննարկել են նոր ուղղություններով գործակցության ընդլայմանը նոր թափ հաղորդելու, ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան բիզնեսում ներգրավելու հետ կապված հարցեր:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, որպես օրակարգային առանցքային կետեր, առանձնացրել են համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը:

Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը:

Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝ 2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը:

Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG