Մատչելիության հղումներ

Ռուսաստանի «մեծ խաղը» Բալկաններում


Միլորադ Դոդիկը և Տոմիսլավ Նիկոլիչը Բանյա Լուկայում մասնակցում են Սերբական Հանրապետության օրվա միջոցառումներին, 9-ը հունվարի, 2017թ.

Միլորադ Դոդիկը և Տոմիսլավ Նիկոլիչը Բանյա Լուկայում մասնակցում են Սերբական Հանրապետության օրվա միջոցառումներին, 9-ը հունվարի, 2017թ.

Ռուսաստանի ուղիղ միջամտությունն Ուկրաինայում և Սիրիայում, ինչպես նաև ամերիկյան նախագահական ընտրությունների ընթացքում պայթած սկանդալները որոշ չափով ստվերում են թողել համաշխարհային ազդեցության համար Կրեմլի մղած պայքարը Եվրոպայի մի շրջանում, որտեղ պատմականորեն առկա են վեճեր և արյունալի բախումների վտանգ:

Bloomberg հանդեսի վերլուծաբանները Ռուսաստանի այդ նախաձեռնությունն անվանում են «Բալկանյան խաղ»: Այն այդքան էլ աղմկոտ չէ և արտաքուստ շատ ավելի մեղմ է միջազգային ոլորտում Մոսկվայի մնացած գործողությունների համեմատությամբ, բայց դա բնավ չի նվազեցնում 21-րդ դարում վերսկսված աշխարհաքաղաքական «մեծ խաղի» նշանակությունը:

Բալկանները, ինչպես նաև նախկին խորհրդային երկրները, Bloomberg-ի փորձագետների համոզմամբ, վաղուց են Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, քանի որ Միացյալ Նահանգներն այլևս չի հանդիսանում անվտանգության երաշխավոր, և եթե նորընտիր նախագահի վարչակարգն իսկապես իրագործի «իզոլյացիոնիզմի» (մեկուսացման) քաղաքականությունը, որի մասին նախընտրական ամիսներին խոսել է Դոնալդ Թրամփը, ապա Բալկաններում շատ դժվար կլինի անդորր ապահովել անատամ և պառակտված Եվրամիության ուժերով, ուստի Ռուսաստանի ձեռքերն ազատ կլինեն:

Bloomberg-ի համոզմամբ, Ռուսաստանի մասնակցությունը Բալկանների խնդիրներին այս իրավիճակում, փաստորեն, կանխորոշված է:

Ռուսաստանում ազգային անվտանգության լուրջ սպառնալիք են համարում ՆԱՏՕ-ին Բոսնիայի, Չեռնոգորիայի և Մակեդոնիայի անդամակցումը, ինչպես արդեն եղել է Ռուսաստանի երբեմնի դաշնակից Բուլղարիայի պարագայում:

Եվ հիմա Մոսկվան փորձում է բալկանյան մնացած երկրներին ստիպել չեզոք դիրք գրավել արևմտյան կառույցների նկատմամբ:

Ռուսների «բալկանյան խաղի» մի դրվագը Բոսնիա և Հերցեգովինայի մաս հանդիսացող Սերբական Հանրապետությունն է: Մոսկվան սատարում է այդ կազմավորման ղեկավար Միլորադ Դոդիկին, որը վերածվել է Բոսնիայում Արևմուտքի ազդեցությունը նվազեցնելու գործիքի:

Իսկ Արևմուտքի համար Դոդիկը Մոսկվայի գաղափարների իրականացնողն է, ով ռուսներից ֆինանսական օգնություն է ստանում: Ռուսները ներել են նախկին Հարավսլավիայի՝ Բոսնիային բաժին ընկած 125 միլիոն դոլարի պարտքը: Մինչդեռ, ամերիկացիները Դոդիկի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Դեյթոնի համաձայնությունը խոչընդոտելու համար:

Bloomberg-ը նշում է նաև Ռուսաստանի դերը Կոսովոյի զարգացումներում: Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին նույնիսկ հայտարարել է, թե սերբերն ու Մոսկվան ծրագրում են Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ հատվածը «Ղրիմի սցենարով» բռնակցելու տարբերակ:

Սերբերի մեծ մասը համակրանք ունի Ռուսաստանի հանդեպ, սակայն բալկանյան մնացած երկրներում ռուսները բացահայտ դաշնակիցներ չունեն:

Մոսկվան աջակցում է նաև Մակեդոնիային և 2015 թվականին այդ երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաները համարում է արևմտյան ուժերի կողմից իշխանությունը գրավելու փորձ:

Չեռնոգորիայում, որտեղ իշխում է արևմտամետ կառավարություն և բնակիչների մոտ կեսը արևմտյան ինտեգրման կողմնակից է, ռուսներին մեղադրում են 2016 թվականին վարչապետ Միլո Ջուկանովիչի մահափորձը ծրագրելու մեջ:

Այսպիսով, եզրակացնում է Bloomberg-ը, ռուսներն այս կամ այն չափով ներգրավված են բալկանյան բոլոր խնդիրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG