Մատչելիության հղումներ

Փաստաբանի պնդմամբ, ոստիկանը հակասական ցուցմունքներ է տվել Սարի թաղի գործով


Սարի թաղի գործով այսօրվա դատավարությունն անցավ լարված մթնոլորտում․ ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին հունից հանեց տուժող ոստիկան Հովսեփ Հովսեփյանի՝ փաստաբանի բնորոշմամբ՝ հակասական ցուցմունքները։

«Մեկի հարցին սենց եք պատասխանում, մյուսի հարցին սենց եք պատասխանում: Չի կարելի, վերջին հաշվով ոստիկան եք, ձեր ոստիկանապետն ամեն օր ասում է հասարակության մոտ ոստիկանության դերի բարձրացման մասին, այնինչ, այս հասարակության մոտ զրոյի եք հասցնում այդ դերը, էդ ձեր պատասխաններով նաև: Հստակ պատասխանեք հարցին, ոչ թե մեկի հարցին պատասխանեք այլ կերպ, հենց որ հասկանաք, որ մեղադրողը իր ցանկալի պատասխան չի ստանում, փոխեք պատասխանը», - հայտարարեց փաստաբանը:

Կես տարի առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։

Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։ Ոստիկանությունն, իր հերթին, հայտարարում է, թե քաղաքացիները քարերով հարվածներ են հասցրել իրենց: Այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան։

Տուժող ոստիկանի Հովսեփ Հովսեփյանը դատավորի հարցին ի պատասխան հայտարարեց, թե դեպքի օրը Սարի թաղում հնչել է կրակոց, ինչից հետո էլ բորբոքված քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

Դատավորի հարցին ի պատասխան, թե կրակոցից առաջ քարեր չէի՞ն նետում, պատասխանեց՝ որ ոչ: Դատավորի մեկ այլ հարցին, թե արդյոք ոստիկանը տեսել է ձեռքերով, ոտքերով հարվածներ, տուժող ոստիկանը պատասխանեց, թե չի հիշում․ - «Ճիշտն ասած, երբ մենք վերև բարձրացանք, խառնաշփոթ վիճակ էր»:

Մինչդեռ, տուժող ոստիկանը, ինչպես հայտարարեց մեղադրող դատախազը, նախաքննության ժամանակ այլ բան էր պատմել։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ոստիկանին հորդորեց ճշմարտությունը պատմել․- «Պետք չի անմեղ մարդկանց վրա բոչկա գլորել»:

Արձագանքելով փաստաբանների մեղադրանքներին՝ դատախազը հայտարարեց․ - «Խնդրում եմ, Ձեզ կոռեկտ պահեք: Ոչ մեկ ոչ մեկի վրա բոչկա չի գլորում»:

Հարցաքննված մյուս ոստիկաններն իրենց ցուցմունքներում կրակոցի դրվագի մասին այլ ցուցմունքներ տվեցին:

Փոխգնդապետ Արմեն Գալստյանը կարծիք հայտնեց, թե այն հավանաբար հնչել է հենց ՊՊԾ գնդի տարածքից, այլ ոչ թե Սարի թաղում գտնվող ոստիկանների կողմից այն ժամանակ, երբ քաղաքացիները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Այդ օրը գլուխը վնասած ոստիկանն ասաց, թե ականատես է եղել միմյանց հարվածներ հասցնող ոստիկանների և քաղաքացիների, չբացառելով, որ ոստիկանները կարող էին նաև հարվածներ հասցնել քաղաքացիներին։

Սակայն մեկ այլ տուժող միանշանակ պնդում էր, թե ոստիկանները միայն պաշտպանվել են։ Դավիթ Սահակյանն այդպես էլ չհստակեցրեց՝ արդյոք դեպքի վայրում տեսել է, որ ինչ-որ մեկը հարվածում է ոստիկան Աբել Վարդանյանին, թե՝ ոչ։

Սարի թաղը դեպքի վերաբերյալ տեսագրություն կա։ Ամբաստանյալների պաշտպանները դեռ չեն ուզում այդ մասին խոսել, քանի դեռ դատարանն այն չի ուսումնասիրել։ Փաստաբան Գրիշա Բալասանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա հարցաքննված 4 ոստիկաններին էլ միաբերան պնդել են, թե 4 ամբաստանյալներին չեն ճանաչում։

«Նախաքննության ժամանակ հստակ նշում էին, որ ՊՊԾ գունդ, չգիտեմ, տպավորություն ստեղծելով՝ բռնության և այլն: Բայց պարզվեց, որ քաղաքացիների նպատակը բոլորովին բռնության մասնակից լինելը չի եղել, այլ սովորական կենցաղային հարցեր լուծելը, որովհետև, ինչպես նշվեց, ոստիկանն էլ նշեց, որ նրանց պահանջը եղել է զուտ կենցաղային՝ տրանսպորտի բացակայություն և այլն», - ասաց Գրիշա Բալասանյանը:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ նշեց, որ քրեական գործը անհստակ է՝ շեշտելով՝ ոստիկանների ցուցմունքները հակասում են ինչպես միմյանց, այնպես էլ սեփական նախաքննական ցուցմունքներին։

Հաջորդ դատական նիստը փետրվարի 9-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG