Մատչելիության հղումներ

Հայրիկյանի ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյանի առաջնորդելիք դաշինքին


Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորումը» միանում է Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Արամ Սարգսյանի կուսակցությունների դաշինքին, որը, ամենայն հավանականությամբ, առաջնորդելու է Սեյրան Օհանյանը:

«Ազատության» հետ զրույցում Հայրիկյանն ասաց, որ Պաշտպանության նախկին նախարարի հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ նա վճռական է տրամադրված․ - «Իհարկե, ես հեռախոսային խոսակցություններ էլ ունեցա, որովհետև Արամ Սարգսյանի հետ հին ընկերներ ենք, Օսկանյանի հետ առնչություններ ունեցել ենք ժամանակին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, և Վիկտոր Դալլաքյանի հետ էլ եղել ենք պատգամավորական ընկեր: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, նրա հետ մարդկային կապեր են եղել դեռ նախարար եղած ժամանակ: Բացի այդ` նաև գործնական»:

«Ազատություն» - Այս ճակատը գնում է իշխանություն վերցնելո՞ւ: Ինչո՞ւմ է ձեր կարծիքը համընկել Սեյրան Օհանյաին տեսակետի հետ:

Հայրիկյան - Առաջին քայլը, որ մենք արել ենք․ ասել ենք՝ դուք դռները բացել եք, մենք միանում ենք այդ դաշինքին: Հատկապես ինչ շեշտադրում կկատարվի, դժվար է ասել, բայց իրենց հայտարարության մեջ նշված է՝ հասնել իշխանափոխության: Մենք էլ խոսում ենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մասին: Մեր մասնավոր զրույցներում ես տեսա, որ այդ գաղափարը միանգամից ընկալվում է բոլորի կողմից:

«Ազատություն» - Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել․ Սեյրան ՕՀանյանը որքանո՞վ է վճռական տրամադրված գնալու մինչև վերջ այս պայքարը հասցնելու: Օրինակ, եթե կեղծվեն ընտրությունները կամ այլ զարգացումներ լինեն:

Հայրիկյան - Այդ եթե-ները ես ուզում եմ հենց սկզբից բացառել: Եթե մենք իսկապես միավորվենք, կարող ենք պայմանավորվել, որ հիմնական մի քանի խնդիրները, որոնք պիտի լուծվեն, մեկ-երկու տարվա ընթացքում լուծելուց հետո, այդ խնդիրները պատասխանները գտնելուց հետո մենք կարող ենք իսկապես ժողովրդավարական ընտրություններ ապահովել, որտեղ ամեն մեկը գնա արդեն իր գաղափարական շեշտադրումով: Իմ տպավորությունն այն է, որ բոլոր նրանք, ում հետ աշխատում եմ, տրամադրված են վճռականորեն:

Հայրիկյանը ծանոթ է քննադատությանը, թե ինչպե՞ս կարող է Սեյրան Օհանյանը ընդդիմադիր դիրքերից խոսել՝ երկու տասնամյակ տարբեր պաշտոններում լինելով Սերժ Սարգսյանի թիմակիցը:

«Ազատության դիտարկմանը, թե «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան ասել էր, որ «Օհանյանը, Օսկանյանը և Դալլաքյանը ձևավորել են Սերժ Սարգսյանի աշխատողների դաշինք», Հայրիկյանն արձագանքեց․ - «Նա համարձակվել է այդպիսի բան ասել մարդկանց մասին․․․ լավ չի: Լավ չի, բայց սարսափելի չի: Որովհետև սխալներ թույլ են տալիս մարդիկ, դա կարելի է ուղղել: Պիտի էս փուլում մտածես համախմբելու մասին: Եթե վաղը Հովիկ Աբրահամյանը գա, ես Հովիկ Աբրահամյանի հետ պատրաստ եմ աշխատել հանուն Հայաստանի ժողովրդվարության: Ուզում եմ ասել, որ խիտի էնքան քեզ բարձր չհամարես, որ քեզ հետ նույն նպատակը հասկացած մարդուն մերժես: Մեր նպատակն է՝ մոլորության պատճառով, վախի պատճառով, ինչ-ինչ հանգամանքներով հակառակորդ ճակատում եղած կամ սխալ ուղղությամբ աշխատած մարդկանց դարձի բերել: Եվ այստեղ է, որ մենք պիտի բոլոր տարաձայնությունները մոռանանք: Ավտոբուսով գնում ենք, և հետո պիտի մի մասս ձախ գնանք, մի մասը՝ աջ: Բայց մինչև այդ խաչմերուկին հասնելը, ցեխի մեջ ենք հայտնվում, ավտոբուսից իջնում ենք, որ պիտի ինչ-որ տեղ հրենք: Հիմա այդ հրելու պահն է»:

«Ազատություն» - Նաև Մարտի 1-ը՞ խոչընդոտ չէ:

Հայրիկյան - Մարտի 1-ի հանցագործությունները պետք է դատվեն: Նույնիսկ եթե այսօր նա լինի իմ կողքին, նա պիտի դատվի:

«Ազգային ինքնորոշում միավորում»-ը դեռ ամիսներ առաջ դիմել է հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերին լայն դաշինք կազմելու առաջարկով: Հայրիկյանը ընտրություններին միայնակ մասնակցելուն դեմ է՝ դա համարելով մի քանի մանդատի համար պայքար: Հատկապես ցանկացել է միանալ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի «Ելք» դաշինքին, բայց արձագանք չի ստացել: Հիմա էլ, ասում է, այս դաշինքի դռները բաց են բոլորի՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանի ու իր երբեմնի քաղաքական հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առջեւ:

«Եթե ուզում են դրական փոփոխություններ, պետք է միավորվել», - հայտարարում է Պարույր Հայրիկյանը՝ պնդելով, որ սա նպատակային դաշինք է, ոչ թե գաղափարական կուսակցություն: Այսինքն չի ընդունում քննադատությունը, թե հրաժարվել է իր աշխարհաքաղաքական սկզբունքային դիրքորոշումից:

«Ազատություն» - Նկատի ունեմ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն, այն իմաստով, որ Սեյրան Օհանյանը երբեք ՀԱՊԿ-ին դեմ չի արտահայտվել, Արամ Սարգսյանը հայտնի է իր համակրանքով Մոսկվայի նկատմամբ․ ինչպե՞ս եք այս ուժերի հետ գնում ճանապարհ:

Հայրիկյան - Նպատակային դաշինք քննարկելիս դու չես խոսում այլ բաների մասին: Այս հարցերի շուրջ ես որևէ մեկի հետ չեմ խոսել: Ո՞վ ասեց, որ ժողովրդավարական Հայաստանը, այն երկիրը, որտեղ քաղաքացին կլինի իրավիճակի տերը, քաղաքակրթական ճիշտ կողմնորոշում չի ունենա: Ես ոչ միայն իմ սկզբունքներից չեմ հրաժարվել, այլ կարծում եմ, վստահ եմ, հավատում եմ, որ ճիշտ ճանապարհի այս ընթացքը բոլորին պիտի հանգեցնի նույն եզրակացությանը, նույն արժեքային համակարգին:

Պարույր Հայրիկյանը փոխանցել է, որ նախընտրական ցուցակում իր և ԱԻՄ-ականների տեղի վերաբերյալ խնդիրներ չի տեսնում․ - «Թող իրենք մտածեն, թե հետո իրենց երեխաներին ինչպես պիտի պատասխանեն, որ Աստծու կողմից առաջինը, օրինակի համար, հինգերորդն է: Դա ինձ համար խնդիր չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG