Մատչելիության հղումներ

Աստանայում այսօր կմեկնարկեն Սիրիայի հարցով բանակցությունները


Ղազախստան - Աստանայի Rixos հյուրանոցի այն սրահը, որտեղ անցկացվելու են բանակցությունները, 23-ը հունվարի, 2017թ.
Ղազախստան - Աստանայի Rixos հյուրանոցի այն սրահը, որտեղ անցկացվելու են բանակցությունները, 23-ը հունվարի, 2017թ.

Նախ՝ հրադադար, ապա՝ քաղաքական գործընթաց․ այս փիլիսոփայությամբ են այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկում Սիրիայի հարցով բանակցությունները, որը նախաձեռնել են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Բանակցություններին բացի այդ երկրների ներկայացուցիչներից մասնակցելու են ինչպես Սիրիայի կառավարությունը, այնպես էլ՝ զինված ընդդիմությունը: Ներկա կգտնվի նաև Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան, ով ավելի վաղ հայտարարել է, թե նման համաժողովի կազմակերպումը լավ նախաձեռնություն է։

Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ նախկինում ընթացող բանակցությունների առանցքային մասնակից Միացյալ Նահանգները պատվիրակություն չի ուղարկել Աստանա: Այդ քննարկումներում Վաշինգտոնը կներկայացնի Ղազախստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջորջ Քրոլը։

Ըստ ռուսական «Ինտերֆաքս»-ի, սիրիական ընդդիմությունն այս բանակցություններին ներկայանում է հիսուն հոգանոց պատվիրակությամբ, այդ թվում՝ քրդերի ներկայացուցիչներ։ Մինչ այս պահը, սակայն, դեռևս հստակ չէ, թե արդյո՞ք Ասադի կառավարությունն ու զինված ընդդիմությունը դեմ առ դեմ կնստեն մեկ սեղանի շուրջ։

Սիրիայի հարցով վերսկսված այս բանակցություններն անցկացվում են Ասադի ռեժիմի համար բարենպաստ ժամանակահատվածում՝ ռուսական զինուժի օգնությամբ սիրիական բանակն անցած ամիսներին վերականգնեց վերահսկողությունը ռազմավարական համարվող Հալեպ քաղաքում։

Սիրիական ընդդիմության դիրքերը զգալիորեն թուլացան ոչ միայն Հալեպի կորստից հետո, այլ նաև առանցքային դերակատարում ունեցող մի քանի ընդդիմադիր առաջնորդների մահվան հետևանքով։ Այս իրադարձությունների ֆոնին վեց տարի շարունակվող սիրիական արյունալի պատերազմը վերջին մեկ ամսվա ընթացքում փոքր-ինչ հանդարտվեց։

Անցած տարեվերջին, հիշեցնենք, սիրիական ընդդիմության և կառավարության միջև հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց։ Այդ փաստաթուղթը հիմք է ծառայելու Ղազախստանի բանակցությունների համար, որի մասնակիցները հույս ունեն վերջ դնել հարյուր հազարավոր կյանքեր խլած սիրիական պատերազմին։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավելի վաղ հայտարարել է, թե բանակցություններին քննարկվելու են նախևառաջ կրակի դադարեցումն ու հումանիտար օգնությունը տեղ հասցնելու հետ կապված խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG