Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատվիրակություն չի ուղարկի Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին


Միացյալ Նահանգները պատվիրակություն չի ուղարկի Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին, որոնք նախատեսված են հունվարի 23-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Ինչպես հայտարարել են պետդեպարտամենտից, ամերիկյան կողմը ներկայացնելու է Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Կրոլը։

Բանակցությունները անցկացվելու են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ։ Այդ երկրներից բացի մասնակցելու են նաև սիրիական կառավարությունը և զինված ընդդիմադիր խմբավորումները, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրան։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ բանակցություններին քննարկվելու են նախ և առաջ կրակի դադարեցումն ու հումանիտար օգնությունը տեղ հասցնելու հետ կապված խնդիրները։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հատուկ խորհրդական Յան Էգելանդը հայտարարել է, որ հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաները նախկինի պես չեն կարողանում հասնել սիրիական մի շարք շրջաններ։

Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել անցած դեկտեմբերի 30-ին։ Փաստաթուղթը հիմք է ծառայելու Ղազախստանի բանակցությունների համար, որի մասնակիցները հույս ունեն վերջ դնել ավելի քան վեց տարի շարունակվող սիրիական պատերազմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG