Մատչելիության հղումներ

Հռոմի պապը նախազգուշացնում է պոպուլիզմի աճի մասին


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպայի բնակիչներին նախազգուշացնում է պոպուլիզմի աճի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի ղեկավարման տարիներին տնտեսական ճգնաժամի և գործազրկության բարձր մակարդակի ֆոնին կտրուկ ուժեղացել են աջակողմյան կուսակցության դիրքերը։

Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել եվրոպացիներին ավելի շատ քայլեր ձեռնարկել փախստականներին ինտեգրելու ուղղությամբ։

Նրա խոսքերով ահաբեկչական վտանգի ահագնացման պայմաններում շատ կարևոր է սահմանների վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «պատերի, փշալարերի օգնությամբ» պաշտպանվելու փորձերը։

Նախօրեին՝ հունվարի 21-ին գերմանական Կոբլենցա քաղաքում տեղի է ունեցել եվրոպական երկրների աջակողմյան քաղաքական գործիչների հանդիպումը, որին մասնակցել է նաև ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։ Նա կոչ է արել եվրոպացի ընտրողներին հետևել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օրինակին և «արթնանալ» 2017-ին։

Հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը՝ «Ազատության կուսակցության» հիմնադիր և առաջնորդ, հայտարարել է, որ արևմտյան երկրների քաղաքացիները հոգնել են քաղաքական կոռեկտությունից։

2017 թվականին Ֆրանսիայում, Նիդերլադներում և Գերմանիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Աջակողմյան քաղաքական գործիչները հույս ունեն ընտրողներին գրավել ազգայնական կարգախոսներով և հակամիգրանտական հռետորաբանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG