Մատչելիության հղումներ

Հայ փաստաբանները «ոչ իրավաչափ» են գնահատում ԼՂ այցելած բլոգերին Ադրբեջանին հանձնելու՝ Բելառուսի որոշումը


Ալեքսանդր Լապշին, արխիվ

ՀՀ Հանրային խորհուրդը նամակ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կոչ անելով «ողջախոհություն դրսևորել ու հետ կանգնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումից»։

Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Արբեջանին հանձնելը, հայ փաստաբանների գնահատմամբ, իրավաչափ չէ։ Հայաստանի փաստաբանների պալատը երեկ հաղորդել էր, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել` բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով վերջինիս պատասխանատվության ենթարկելու համար։

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի պահանջով Մինսկում ձերբակալվել էր դեկտեմբերի 14-ին՝ Լեռնային Ղարաբաղ այցելելություններ կատարելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար: «Ադրբեջանը գործողություններ է ծավալում Խոսքի ազատության դեմ»,- ասում է փաստաբան Արա Ղազարյանն ու հավելում։

«Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281 հոդվածը շատ նման է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածին, որի վերաբերյալ, գիտեք, արդեն տասնյակ դատական ակտեր կան: Ողջ միջազգային հանրությունը քննադատում է այդ հոդվածը։ Եթե որևէ անձ, մասնավորապես, լրագրող կամ հետազոտող կամ քաղաքական գործիչ կարծիք է արտահայտում որևէ պետության քաղաքականության վերաբերյալ, քննադատական կարծիք, դա չի նշանակում ոտնձգություն նրա տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի դեմ։

Բայց ահա տեսնում ենք, որ Ադրբեջանն այն նույն քաղաքականությունն է որդեգրում, ինչը որ Թուրքիան որդեգրել է բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր, ասենք, քրդերի հարցն են բարձրացրել, հայերի հարցն են բարձրացրել։ Եթե Ադրբեջանը 281 հոդվածն է կիրառում, ինքը ներքաշվում է աշխարհակարգի դեմ։ Եթե նույնիսկ Լապշինին հանձնեն, տասնամյակ ձգվող դատական գործընթաց է սկսվելու: Ոչ միայն դատական, այլև մարդու իրավունքների տարբեր պլատֆորմներում անընդհատ Ադրբեջանին հիշեցնելու են, որ դու արել ես սա, կամ անում ես սա»:

Փաստաբան Սիմոն Բաբայանի խոսքով, Հայաստանը Բելառուսի դատախազության որոշման բողոքարկման գործընթացին որևէ մասնակցություն չի կարող ունենալ, սակայն, գործին կարող են միջամտել ռուս իրավապաշտպանները, քանի որ Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է։ Հայաստանի փաստաբանները, այդուհանդերձ, զբաղվում են խնդրով, նշեց Սիմոն Բաբայանը։

«Փաստաբանների պալատը կազմավորել է համապատասխան մասնագետների խումբ։ Մենք ներկայացրել ենք համապատասխան իրավական կարծիք ինչպես Բելառուսի փաստաբանների պալատին, այնպես էլ Ռուսաստանի փաստաբանների պալատին և ակնկալում ենք, որ այս պետություններում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ»,- նաև ասաց Բաբայանը:

Ասուլիսին մասնակցող փաստաբանները տեղյակ չէին՝ արդյո՞ք ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, թե Լապշինն իր այցերի ու հայտարարությունների համար Ադրբեջանից ներողություն է խնդրել։ «Եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա, ամենայն հավանականությամբ, դա կարող է ճնշումների արդյունք լինել»,- հարցին պատասխանեցին բանախոսները։

«Եթե անձը կալանքի տակ որևէ հայտարարություն է անում, ի սկզբանե պետք է դրան մոտենալ վերապահումով»,- մասնավորապես, ասաց Ղազարյանը: Սիմոն Բաբայանն էլ հավելեց՝ «Ես հետևում եմ Լապշինի բլոգին, որտեղ որոշակի տեղեկատվություն է ներկայացվում, որ վերջինս, մեղմ ասած, այնքան էլ լավ վիճակում չի գտնվում կալանավայրում և նրա նկատմամբ որոշակի ճնշումներ են գործադրվում։ Եվ, ի վերջո, դա կարող է ճարահատյալ մի քայլ լինել, որ ազատվի կտտանքներից»:

Հանրային խորհրդի մամուլի խոսնակ Անի Գասպարյանի խոսքով, խորհուրդը Լապշինի հարցով նամակ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նրան կոչ անելով «ողջախոհություն դրսևորել ու հետ կանգնել բլոգերին արտահանձնելու որոշումից»։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակն ավելի վաղ «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, թե իրենք ևս զբաղվում են ձերբակալված բլոգերի հարցով: Այսօր Տիգրան Բալայանը կրկնեց նույն պատասխանը, հավելելով՝ ավելացնելու բան չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG