Մատչելիության հղումներ

«Ակոս»-ի խմբագիր․ Դինքի սպանությունից 10 տարի անց ավելի մտահոգիչ իրավիճակ է


«Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյան
«Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյան

Բագրատ Էստուկյանի խոսքով, Հրանտ Դինքի սպանությունը «պետական կարգադրությամբ, պետական կազմակերպվածությամբ կատարված ոճիր էր»:

«Արդարության պահանջ Հրանտի համար»: Ստամբուլում տպագրվող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով, նաև այս վանկարկումն էին հնչեցնում հարյուրավոր մարդիկ, որոնք պոլսահայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին դուրս էին եկել փողոց։ «Սա համառ պայքար է, որ շարունավում է արդեն մեկ տասնամյակ»,- հավելում է Էստուկյանը։

«Սա ատելութան ոճիր էր, պետական կարգադրությամբ, պետական կազմակերպվածությամբ կատարված ոճիր: Այդ առումով, ամենահաճախ կրկնված վանկարկումներից էր՝ «ոճրագործ պետությունը հաշիվ պիտի տա»: Մյուսն էլ՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: Միտքն այն է, որ եթե Հրանտը սպանվել է հայ լինելու համար, ուրեմն՝ բոլորս էլ հայ ենք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բագրատ Էստուկյանը:

Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարած Դինքի աջակիցները վստահ են՝ նրա սպանության իրական պատվիրատուներն ազատության մեջ են, շարունակվող դատավարության հետ էլ մեծ հույսեր չեն կապում։

«Ընդհակառակը, նույնիսկ կարող ենք ասել, որ 10 տարի անց շատ ավելի մտահոգիչ եզրերի մեջ ենք, հույսերն ավելի են նվազել, որովհետև բռնատիրության համակարգը հաստատվում է օրըստօրե, իսկ Հրանտը, գիտեք, ժողովրդավարության ջատագով էր»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

«Դինքի սպանության գործով դատավարությունը Թուրքիայի ժողովրդավարացման բանալիներից մեկն է»,- ամուսնու մահվան տարելիցին հնչեցրած ելույթում ասել էր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, հավելելով՝ «Թուրքիան մղձավանջի մեջ է, մարդիկ սկսել են վախենալ ու շնչահեղձ լինել»։

«Ակոսի» հայալեզու հավելվածի խմբագիր Էսուկյանի կարծիքով՝ ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխության փորձից հետո երկրի ղեկավար Էրդողանի ձեռնարկած կոշտ քայլերի ու հարյուրավոր ձերբակալությունների հետևանքով Թուրքիայում քաղաքական ու ազգային փոքրամասնությունները, այդ թվում հայերը, իրենց ավելի անապահով են զգում։

«Այդ հեղափոխության փորձից հետո Էրդողանը ելույթ ունեցավ և ասաց, որ սա Աստծո պարգևն էր, որ մեզ շնորհվեց, որպեսզի հիմա մենք այդ բոլորի հետ հաշիվ տեսնենք։ «Բոլոր» ասելով՝ նկատի ուներ, իրեն չհավանող բոլորին»,- կարծիք հայտնեց Էստուկյանը։

Նրա խոսքով՝ մթնոլորտը լարված է նաև թուրքական Մեջլիսում, որի վերջին նիստերից մեկի ժամանակ ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը զրկվեց երեք նիստի մասնակցելու իրավունքից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փայլանն իր ելույթում գործածեց «ցեղասպանություն» բառը: Թեև Գարո Փայլանն այդ բառն իր ելույթներում առաջին անգամ չէր օգտագործում, սակայն, նախկինում նրան պատժելու պահանջներ չէին հնչել։

«Մեզ համար այստեղ շատ ուշագրավ է այն, որ հակառակորդ երեք կուսակցություններ, կամ նվազագույնը՝ երկուսը, երբ խնդիր եղավ հայի դեմ դիրք բռնելու, անմիջապես միավորվեցին», - նկատում է Էստուկյանը։

«Թուրքիայում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում, երբ ձերբակալված են Մեջլիսի ընդդիմադիր պատգամավորներ, երկրում հետընթաց կա մարդու իրավունքների առումով, առաջ են եկել տնտեսական խնդիրներ, շատ ընտանիքներում սկսել են հնչել Թուրքիայից հեռանալու մասին խոսակցություններ»-, նաև ասաց Էստուկյանը, ավելացնելով, որ, այնուամենայնիվ, արտագաղթի միտում չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG