Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը


«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարություն է տարածել, որում պնդում է, թե առաջիկա ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է «գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ»: ՀԱԿ-ը նաև պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը:

«Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաև հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետևանքները։ Այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։ Որպես այդպիսին, այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։

Արդեն արձանագրվել է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։ Չմտնելով այդ խախտման և ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանության հնարավոր շարժառիթների մեջ, «Հայ Ազգային Կոնգրես»-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG