Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահի լիազորությունները


Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, 20-ը հունվարի, 2017թ․
Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, 20-ը հունվարի, 2017թ․

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած արարողությանը երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով պաշտոնը:

Ձախ ձեռքը դնելով Ավետարանի վրա, որով երդվել էր դեռ Աբրահամ Լինքոլնը, Թրամփը արտասանեց՝ «Ես հանդիսավորությամբ երդվում եմ, որ հավատարմորեն իրականացնելու եմ Նախագահի պարտականությունները և իմ ամբողջ կարողություններով լավագույնս պահպանելու եմ, նեցուկ եմ կանգնելու և պաշտպանելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:

Երդմնակալությանը հաջորդեց Թրամփի ելույթը, որը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ:

«Գերագույն դատարանի նախագահ Ռոբերտս, նախագահ Քարթեր, նախագահ Քլինթոն, նախագահ Բուշ, նախագահ Օբամա, սիրելի ամերիկացիներ և աշխարհի ժողովուրդներ, շնորհակալությո՛ւն:

Մենք՝ Ամերիկայի քաղաքացիներս, միավորել ենք մեր ջանքերը, որպեսզի վերակառուցենք մեր երկիրը և վերականգնենք ողջ ժողովրդի առջև խոստումը:

Միասին մենք կորոշենք Ամերիկայի և աշխարհի ուղին առաջիկա տարիների համար:

Մենք մարտահրավերների առջև կկանգնենք: Մենք դժվարություններ կհաղթարենք: Բայց պատվով կկատարենք մեր առաջադրանքը:

Չորս տարին մեկ մենք հավաքվում ենք այս աստիճաններին, որպեսզի իրականացնենք իշխանության խաղաղ և օրինական փոխանցումը, և մենք շնորհակալ ենք նախագահ Օբամային և առաջին տիկին Միշել Օբամային՝ այս փոխանցման ընթացքում իրենց սիրալիր աջակցության համար: Նրանք ուղղակի հոյակապ էին:

Այդուհանդերձ, այսօրվա արարողությունը շատ առանձնահատուկ նշանակություն ունի: Որովհետև այսօր մենք ոչ միայն մի վարչակարգից մյուսը, կամ մի կուսակցությունից մյուսն ենք փոխանցում իշխանությունը, այլ նաև իշխանությունը տեղափոխում ենք Վաշիգտոնից և վերադարձնում ենք այն ձեզ՝ ամերիկյան ժողովրդին:

Շատ երկար ժամանակ մեր պետության մայրաքաղաքում մարդկանց փոքրաթիվ մի խումբ քաղել է կառավարության պարգևներ, մինչ ժողովուրդը հոգացել է ծախսերի մասին: Վաշինգտոնը ծաղկել է, բայց մարդիկ չեն օգտվել այդ հարստությունից: Քաղաքական գործիչները բարգավաճել են, բայց աշխատատեղերը թափուր են մնացել, գործարարներն էլ փակվել են: Էսթաբլիշմենթը պաշտպանել է իրեն, բայց ոչ մեր երկրի քաղաքացիներին:

Նրանց հաղթանակները ձեր հաղթանակները չեն եղել, նրանց նվաճումները ձեր նվաճումները չեն եղել, և մինչ նրանք տոնում էին մեր երկրի մայրաքաղաքում, ողջ երկրով մեկ գոյատևման համար պայքարող ընտանիքները տոնելու քիչ բան ունեին:

Այդ ամենը կփոխվի՝ հենց այստեղ և հենց հիմա, որովհետև այս պահը ձեր պահն է, այն ձեզ է պատկանում: Այն պատկանում է այստեղ հավաքվածներին և բոլոր այն մարդկանց, որ դիտում են սա ողջ Ամերիկայով մեկ: Սա ձեր օրն է, սա ձեր տոնն է:

Եվ սա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ձեր երկիրն է:

Այս պահին իսկապես կարևոր չէ, թե որ կուսակցությունն է եկել իշխանությունը, կարևորն այն է, որ մեր կառավարությունը ղեկավարվում է ժողովրդի կողմից: 2017 թվականի հունվարի 20-ը կհիշվի որպես այն օրը, երբ ժողովուրդը վերստին դարձավ այս երկիրը ղեկավարը: Մեր երկրի՝ մոռացության մատնված տղամարդիկ ու կանայք այլևս երբեք չեն անտեսվի: Բոլորը հիմա ձեզ են լսելու:

Տասնյակ միլիոնավոր մարդիկ դարձան մասնիկը մի պատմական շարժման, որի նմանը աշխարհը դեռ չի տեսել: Այս շարժման կենտրոնը այն կարևոր համոզմունքն է, որ պետության գոյության նպատակը իր քաղաքացիներին ծառայելն է:

Ամերիկացիներն ուզում են լավ դպրոցներ իրենց երեխաների, ապահով շրջապատ ընտանիքների և լավ աշխատատեղեր իրենց համար: Սրանք արդարացի և ողջամիտ պահանջներ են արդար ժողովրդի կողմից:

Բայց մեր շատ քաղաքացիների համար գոյություն ունի այլ իրականություն: Մայրերն ու երեխաները թաղված են աղքատության ճիրաններում մեր քաղաքներում, ժանգոտ գործարարները գերեզմանաքարերի նման ցրված են ողջ երկրի տարածքում, կրթական համակարգը լի է կանխիկ փողով, բայց զրկում է մեր երիտասարդ և հրաշալի ուսանողներին գիտելիքից, և հանցագործությունը, ավազակախմբերն ու թմրանյութերը չափից ավելի շատ կյանքեր են խլել և զրկել մեր երկիրը իր չիրացված ներուժից: Ամերիկյան կոտորածը դադարում է հենց այստեղ և հենց հիմա:

Մենք մեկ ազգ ենք, և նրանց ցավը նաև մեր ցավն է: Նրանց երազանքները մեր երազանքներն են, նրանց հաջողությունը կլինի մեր հաջողությունը: Մենք ունենք մեկ սիրտ, մեկ տուն, մեկ փառավոր նպատակ: Իմ այսօրվա երդմամբ ես հավատարմությունս եմ հայտնում բոլոր ամերիկացիներին: Շատ տասնամյակներ մենք հարստացրել ենք օտարների տնտեսությունը՝ ամերիկյան տնտեսության հաշվին: Ֆինանսավորել ենք օտարների բանակը՝ հանդուրժելով մեր բանակի տկարացումը, մենք պաշտպանել ենք օտարների սահմանները, հրաժարվելով պաշտպանել մեր սահմանները:

Մենք տրիլիոններ ենք վատնել արտասահմանում, երբ Ամերիկայի ենթակառուցվածքները շարքից դուրս էին գալիս և ժանգոտում: Մենք այլ երկրները դարձրել ենք հարուստ, երբ հարստությունը, հզորությունը, վստահությունը մեր երկրի հանդեպ հորիզոնից անհետացել է: Մեկը մյուսի հետևից փակվել են գործարաններ, տնտեսությունը տեղափոխվել է այլ երկրներ, և չեն մտածել լուսանցք մղված միլիոնավոր ամերիկացի բանվորների մասին: Միջին դասի հարստությունը թալանվել է, դուրս է հանվել և բաժանվել ամբողջ աշխարհով մեկ: Բայց սա այլևս անցյալ է, հիմա մենք դեպի ապագա ենք նայում:

Մենք այսօր հավաքվել ենք և արձակում ենք նոր հրաման, որը պետք է լսեն բոլոր քաղաքներում, աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, իշխանության բոլոր ատյաններում: Այս պահից սկսյալ այս երկիրը ղեկավարվելու է նոր տեսլականով: Այս պահից սկսյալ կլինի «Նախ Ամերիկան»: Ցանկացած որոշում, որն առնչվելու է առևտրի, հարկերի, ներգաղթի, արտաքին հարաբերությունների հարցերին, ընդունվելու է հանուն ամերիկացի բանվորների և ամերիկացիների ընտանիքների:

Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սահմանները ավերիչ ազդեցությունից, որը գործում են մեր ապրանքն իրենց մոտ արտադրող օտար երկրները, քանի որ այդ արտադրանքի ներմուծումը ավերում է մեր տնտեսությունը, գողանում է մեր աշխատատեղերը: Այդ պաշտպանությունը կհանգեցնի հզորացման և բարգավաճման:

Ես իմ ամբողջ կարողությամբ պայքարելու եմ ձեր համար, ես ձեզ երբեք փորձանքի մեջ չեմ թողնի, չեմ լքի: Ամերիկան կսկսի նորից հաղթել, տանել այնպիսի հաղթանակներ, որոնք երբևէ չեն եղել: Մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը, մենք հետ կբերենք մեր սահմանները, մենք հետ կբերենք մեր հարստությունը: Մենք կկառուցենք նոր ճանապարհներ, նոր կամուրջներ, նոր օդակայաններ, թունելներ, երկաթուղի այս հրաշալի ազգի համար: Մենք մեր մարդկանց կազատենք սոցիալական նպաստների ճիրաններից և կվերադարձնենք աշխատանքի՝ վերակառուցելու մեր երկիրը ամերիկացիների ձեռքերով և ամերիկացիների աշխատանքով: Մենք հետևելու ենք երկու պարզ օրենքի՝ գնիր ամերիկյանը և աշխատանք տուր ամերիկացուն: Մենք բարեկամության կձգտենք աշխարհի ազգերի հետ, բայց դա կանենք, գիտակցելով, որ ցանկացած ազգ ունի նախևառաջ իր շահը հետապնդելու իրավունք:

Մենք չենք ուզում մեր ապրելակերպը պարտադրել ուրիշներին, փոխարենը մենք ուզում ենք, որ այն փայլի և դառնա ուրիշների համար օրինակ: Մենք կհզորացնենք հին դաշինքները և կկազմենք նոր դաշինքներ և կմիավորենք քաղաքակիրթ աշխարհն ընդդեմ արմատական իսլամական ահաբեկչության: Մենք ահաբեկչությունն ամբողջությամբ կջնջենք երկրի երեսից: Մեր քաղաքականության հիմնաքարը կլինի ամբողջական անվերապահ հավատարմությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, և մեր երկրի հանդեպ մեր հավատարմության միջոցով մենք կվերագտնենք մեր հավատարմությունը միմյանց հանդեպ:

Երբ սիրտդ բացում ես հայրենասիրության առաջ, նախապաշարմունքի տեղ չի մնում: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է. «Որքան բարի է, երբ Աստծո մարդիկ միմյանց հետ ապրում են միասնության մեջ»: Մենք պարտավոր ենք շիտակ խոսել մեկս մյուսի հետ, քննարկել, վիճել ազնվորեն, բայց միշտ լինել համերաշխ: Երբ Ամերիկան միասնական է, Ամերիկան բացարձակ անպարտելի է: Վախի տեղ չպետք է լինի:

Մենք պաշտպանված ենք և մենք միշտ կլինենք պաշտպանված: Մեզ պաշտպանում են զինվորական համազգեստ կրող մեր խիզախ տղամարդիկ և կանայք: Իսկ ամենակարևորը՝ մենք պաշտպանված ենք Աստծո կողմից: Եվ վերջապես մենք պետք է ավելի լայն մտածենք, հետապնդենք էլ ավելի մեծ երազանքներ:

Ամերիկայում մենք գիտենք, որ որևէ երկիր ապրում է, քանի դեռ ունի ձգտում, մենք այլևս չենք ընդունի քաղաքական գործիչների, ովքեր անվերջ խոսում են, բայց չեն գործում, անընդհատ դժգոհում են, բայց որևէ բան չեն անում: Դատարկախոսության ժամանակն անցել է, եկել է գործելու ժամանակը: Որևէ մեկին թույլ չտաք ասել, թե ինչ-որ բան հնարավոր չէ, ոչ մի մարտահրավեր չի դիմանա Ամերիկայի սրտին, բազկին և ոգուն: Մենք չենք ձախողվի: Մեր երկիրը նորից կծաղկի և կբարգավաճի: Մենք նոր հազարամյակի ակունքում ենք, պատրաստ ենք լուծել տիեզերքի գաղտնիքները, ազատել Երկիր մոլորակը հիվանդություններից, կերտել վաղվա էներգետիկան, արդյունաբերությունն ու տեխնոլոգիան:

Նոր ազգային հպարտությունը լիցք կտա մեր հոգիներին, կբարձրացնի մեր ոգին, կապաքինի տարաձայնությունների հասցրած վերքերը: Ժամանակն է հիշել հին իմաստնությունը, որը մեր զինվորները երբեք չեն մոռանա՝ սևամրթ ենք, սպիտակամորթ, թե թուխ մաշկ ունենք՝ թափում ենք հայրենասերի նույն կարմիր արյունը, մենք վայելում ենք մեր փառահեղ ազատությունները, մենք պատիվ ենք տալիս նույն մեծ ամերիկյան դրոշին:

Երեխան ծնվել է Դեթրոյթի արվարձանում, թե Նեբրասկայի ընդարձակ հարթավայրում՝ երկուսն էլ նայում են գիշերային նույն երկնքին, նրանց սրտում նույն երազանքներն են, նրանց մեջ Արարչի նվիրած կյանքի շունչն է: Ուստի, ուզում եմ, որ բոլոր ամերիկացիները լսեն՝ ամեն քաղաքում, հեռու, թե մոտիկ, մեծ թե փոքր, լեռից լեռ, օվկիանոսից օվկիանոս, լսեք այս խոսքը՝ ձեզ այլևս երբեք չեն անտեսի:

Ձեր ձայնը, ձեր հույսերը, ձեր երազանքներն են վճռելու Ամերիկայի ճակատագիրը: Ձեր խիզախությունը, ձեր բարությունը և սերն են հավերժ մեզ ուղեկցելու այս ճանապարհին: Միասին մենք Ամերիկան նորից կդարձնենք հզոր, միասին մենք նորից Ամերիկան կդարձնենք հարուստ և՝ այո, միասին մենք Ամերիկան նորից կդարձնենք մեծ, շնորհակալ եմ:

Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի Ամերիկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG