Մատչելիության հղումներ

Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը


ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի կարծիքով, խորհրդարանի պատգամավորի թեկնածուի հայերենի իմացության ստուգման մասին Կրթության և գիտության նախարարության որոշումը արհեստական է:

Պողոսյանը փաստարկեց, թե այսօր էլ խորհրդարանում կան պատգամավորներ, որ գուցե կարողանան մեծ գրողների մեջբերել, սակայն գոնե մեկ անգամ ամբիոնից ելույթ չեն ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել և աչքի են ընկել բացառապես պատգամավորին ոչ-պատշաճ վարքագծով․ - «Գործող Ազգային ժողովում ունենք մարդիկ, որոնք փայլուն տիրապետում են հայոց լեզվին, ուրիշներին էլ դաս կտան, բայց տեղը եկած ժամանակ միգուցե մի հատ բառ օգտագործեն, որը հարիր չի, և դրանից հետո այդ բառը կարող է դառնալ նաև մեկը մյուսին վիրավորելու համար ամենաշատ օգտագործվող բառերից մեկը: Այդտեղ լեզվի քննությունը ի՞նչ է անելու»:

Կրթության և գիտության նախարարի՝ երեկ ստորագրած հրամանով, մայր լեզվին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում պատգավորը պետք է հայերենի քննություն հանձնի: Հրամանի համար հիմք է հանդիսացել Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը:

Ըստ Թևան Պողոսյանի, այս ամենը քիչ թե շատ տրամաբանական կընկալվեր, եթե որոշումը կիրառվեր երկքաղաքացիություն ունեցող անձի նկատմամբ, որը, օրինակ, կրթութուն է ստացել արտերկրում: Այս դեպքում էլ, սակայն, քննությունն արդեն իսկ հանձնվում է քաղաքացիություն ստանալիս:

Իսկ մնացած դեպքերում, Թևան Պողոսյանն ավելի քան վստահ է, որ պատգամավորի թեկնածուի համար դիպլոմ գնելը խնդիր չի լինի, հատկապես, որ խորհրդարանում այսօր էլ քիչ չեն մարդիկ, ովքեր բուհի դիպլոմ ձեռք են բերել պատգամավոր դառնալուն գրեթե զուգահեռ:

Գրող, հրատարակիչ, խմբագիր, Լեզվի պետական տեսչության նախկին աշխատակից Վաչագան Սարգսյանը ևս կասկածում է, որ հայերենի իմացությունը ստուգող հանձնաժողովը անառաչ կգործի՝ ընդգծելով, որ այսօրվա իրականությունում ոչ միայն հայերենի, այլ նաև դոկտորի դիպլոմ կարելի է գնել:

Կառավարության այս հրամանի ֆոնին առավել ուշագրավ է դառնում, թե ինչ բառապաշար են այսօր գործածում մայրենի լեզվին տիրապետելու մասին փաստաթուղթ ունեցող պատգամավորներից շատերը: Օրինակները բազմաթիվ են:

«ԱԺ պատգամավորները օրենք են խախտում՝ ամեն անգամ ոչ-հարիր բառապաշար օգտագործելով», - պնդում է Վաչագան Սարգսյանը՝ հղում անելով «Լեզվի մասին» օրենքին․ - «Պատգամավորը, եթե անաղարտ չի խոսում, նա անընդհատ օրենք է խախտում: Բայց որևէ մեկը մինչև հիմա դրա համար ո՛չ տուժել է, ո՛չ էլ որևէ պատասխանատվության է ենթարկվել»:

Իսկ Թևան Պողոսյանը վստահ է, որ այս որոշմամբ խորհրդարանում կրթական ցենզը չի բարձրանա, քանի դեռ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը որևէ լծակ չունի օրենսդիր մարմնի ներսում ոչ-պարկեշտ արտահայտությունների հեղինակերին պատասխանատվության ենթարկելու համար․ - «Որովհետև այն բոլոր գործերը կամ դիմումները, որ քննել ենք և բացահայտել ենք, որ մարդիկ խախտել են Էթիկայի հանձնաժողովի խնդիրը․․․ այդպես էլ առանց որևէ ազդեցության մնացին: Ինքը էլի այդ բառապաշարը կօգտագործի, որովհետև, է՜, մի անգամ, ընդունենք, որ խախտել եմ կամ սխալ բառ եմ ասել: Դրանից ի՞նչ»:

Վաչագան Սարգսյանը հիշում է, որ նման մի փորձ էլ ժամանակին Լեզվի պետական տեսչությունն էր նախաձեռնել, սակայն այն հաջողության չհասավ:

Մասնագետը հույս ունի, որ կառավարության այս որոշումը գոնե զսպող գործոն կդառնա որոշ պատգամավորների համար: Ավելին թերևս հնարավոր չէ սպասել․ - «Չի կարող պատահել, որ մարդը, որը չունի հազարամյա քաղաքակրթությունը իր ներսում, ասենք, ինչ-որ մի հանձնաժողովի կամ լեզվի քննությամբ նրա կրթական ցենզը բարձրանա, կամ բարոյական ցենզը բարձրանա, կամ առաքինի դառնա նա: Այդպիսի բան հնարավոր չէ, բնականաբար»:

«Անկիրթ մեծամասնությունը ձևավորում է անկիրթ իրականություն», - օրերս «Ազատության» եթերում ասաց երաժիշտ Վահան Արծրոււնին՝ անդրադառնալով խորհրդարանում պատգամավորների արտահայտած մտքերին, բառաշարին, վարքագծին․ - «Այսինքն դու հասկանում ես, որ մտային այս պաշարով և նման բառապաշարով մարդը նույնիսկ, կներեք արտահայտությանս՝ համբալ չի կարող աշխատել: Եվ այս մարդիկ օրինաչափում են մեր կյանքը՝ գտնվելով բարձրագույն ատյանում»:

XS
SM
MD
LG