Մատչելիության հղումներ

Փորձագետները՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում սպասվող հնարավոր փոփոխությունների մասին


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար «Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը»:

«Միացյալ Նահանգների հետ կառուցողական երկխոսություն հաստատելու համար Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը»: Այսօր նման հայտարարոթւյուն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների քաղաքական խորհրդակցությունների նիստի բացման խոսքում: Որպես ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդհանուր դաշտ, նա նշել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

«Այս տարի միջազգային շատ հարցեր կախված կլինեն այն բանից, թե ինչ ընթացք կստանան մեր երկրների հարաբերությունները Արևմուտքի առանցքային երկրների և իհարկե ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ: Հույս ունենք, որ մեր գործընկերները կհրաժարվեն միջազգային օրակարգի առանցքային հարցերի նկատմամբ միակողմանի մոտեցումներից»,- իր ելույթում նշել է Սերգեյ Լավրովը:

Ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր փոփոխություններին են անդրադարձել նաև ռուսաստանյան փորձագետները: «Կարնեգի»-ի մոսկովյան կենտրոնի ղեկավար Դմիտրի Տրենինի կարծիքով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը միջազգային հարաբերություններում առաջնորդվելու է ազգային շահերով, այլ ոչ թե գաղափարախոսությամբ: «Սա Միացյալ Նահանգների կառավարության որակապես այլ կազմ է, համեմատած վերջին երկու տասնամյակներում եղածների հետ: Այս մարդիկ, իմ կարծիքով, ելնում են շահերի բավականին պարզ սկզբունքներից, այլ ոչ թե գաղափարախոսական, հայեցակարգային մոտեցումներից»,- ասել է Դմիտրի Տրենինը, ռուս-ամերիկյան հարաբերություններին նվիրված փորձագիտական մի քննարկման ժամանակ:

Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովն էլ նշել է՝ «Այնտեղ, որտեղ մենք կարող ենք տարանջատել մեր շահերը՝ հակասությունների մեջ չմտնելով, մեզ համար ավելի հեշտ կլինի: Իսկ այնտեղ, որտեղ հակասություններ կառաջանան, նրանք զիջումների չեն գնա, այլ շատ կոշտ կերպով կպաշտպանեն իրենց դիրքորոշումները, ընդ որում՝ ուժի դիրքերից»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարերին են անդրադարձել նաև եվրոպացի գործիչները: Մասնավորապես, Գերմանիայի կառավարությունում ռուս-գերմանական միջհամայնքային համագործակցության համակարգող, խորհրդարանի պատգամավոր Գերնոտ Էրլերը գերմանական մամուլում հրապարակված մի հարցազրույցում ասել է, թե Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն մուտք գործելով հնարավորություն է ստեղծվում՝ լիցքաթափել հարաբերությունները Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:

Նա նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ահաբեկչոթւյան՝ մասնավորապես, Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Միաժամանակ, Էրլերն ընդգծել է՝ Թրամփի հայտարությունը միջուկային զինանոցի կրճատման դեպքում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման մասին, խնդրահարույց է:

«Դա կլինի բիզնեսի և քաղաքականության շատ վիճելի խառնուրդ»,- ասել է գերմանացի խորհրդարանականը, հավելելով՝ դրանով Թրամփը հարցականի տակ կդնի կոնսենսուսն այն պնդման շուրջ, որ պատժամիջոցները Ուկրաինայում Ռուսաստանի կատարած գործողությունների պատասխանն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG