Մատչելիության հղումներ

Վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հնարավոր նոր գործարքը կխախտի տարածաշրջանում հավասարակշռությունը


Հայաստանը որևէ կերպ չի կարող հակազդել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սպառազինությունների գնման հնարավոր նոր գործարքին, կարծում է լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: Իսկ որ պաշտոնական Բաքուն Մոսկվայի հետ արդեն իսկ նման բանակցություններ է վարում, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում:

Ալիևը նշել է, որ իրենք, մասնավորապես, հետաքրքրված են ամենաարդիական պաշտպանական համակարգերով և ուղղաթիռներով:

«Ազատության» հետ զրույցում Թաթուլ Հակոբյանը, մասնավորապես, ասաց․ - «Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար Ռուսաստանը կարևոր ռազմական և ռազմավարական գործընկեր է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ունի փող, իսկ Ռուսաստանը ունի զենք, որը հաջողությամբ վաճառում են: Այսինքն, առուծախի պրոցես է:

Բայց այստեղ մի մեծ բայց կա․ այդ բայցը այն է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող պետություն է: Ես մի կողմ եմ դնում, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Եվ սա արդեն որոշակի մտահոգության տեղիք է տալիս՝ ինչպես է, որ համանախագահող պետություններից մեկը, որը խաղաղություն է փնտրում տարածաշրջանի համար, վաճառում է զենք մի երկրի, որը ամեն օր ամենաբարձր մակարդակով սպառնում է նոր պատերազմով:

Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի դիվանագիտական ռեսուրսներ և չի կարողանում ազդել այդ գործընթացի վրա: Ես կարծում եմ, որ սա խախտում է տարածաշրջանում հավասարակշռությունը, բայց նաև ընդունում եմ, որ Հայաստանը անել վիճակի մեջ է, որևէ բան չի կարող անել, որովհետև այլընտրանք չունի:

Իհարկե, այս իրավիճակի հասցնելուց առաջ պետք էր հասկանալ, որ պետք է պահել ռազմաքաղաքական բալանսը, պետք էր եվրոպական և ամերիկյան վեկտորը այնպես պահել, որ մենք այս իրավիճակի մեջ չհայտնվեինք, բայց ունենք այն, ինչ ունենք:

Հայաստանը պարզապես, հավանաբար, պետք է մտածի ամեն անգամ մտածի, թե ինչպես պետք է հակաթույնը գտնի այն զենքի, զինամթերքի, որոնք հավանաբար կօգտագործվեն նոր պատերազմում Ադրբեջանի դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG