Մատչելիության հղումներ

Շարմազանով. Ծառուկյանի վերադարձը ո՛չ ՀՀԿ-ի շանսերն է պակասեցրել, ո՛չ մարտավարությունն է փոխել


Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո երեկ երեկոյան Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի առաջին նիստն անցկացրեց։

Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտարարեց, որ շարունակում են կրկեսի վերածելու հայրենիք չունենալ, իսկ Ծառուկյանի մասին իր կարծիքն, ասաց, որ չի փոխվել։

«Իմ կարծիքը՝ կախված գործչից, կախված է նրա գործունեությունից։ Բոլոր այն գործիչները, ովքեր կիրականացնեն քաղաքական գործունեություն, քաղաքական մշակույթի, քաղաքական կուլտուրայի, քաղաքական կոռեկտության շրջանակներում, իմ կողմից կարժանանան միայն ու միայն հարգանքի։ Բոլոր այն գործիչները, որոնք քաղաքական մրցակցության մեջ կգնան զոռբայության, կգնան ոչ-կոռեկտության, ոչ-քաղաքական մշակույթի ճանապարհով, բնականաբար, անկախ կուսակցական պատկանելիությունից՝ նրանք իշխանություն են, թե՝ ընդդիմություն, նրանք իմ կողմից կարժանանան ոչ դրական և հիացական խոսքերի», - ասաց Շարմազանովը։

Ծառուկյանի վերադարձը, ըստ ՀՀԿ խոսնակի, Հանրապետական կուսակցության ո՛չ շանսերն է պակասեցրել, ո՛չ էլ մարտավարությունն է փոխել, իրենք շարունակում են քաղաքական դաշտի ամենաազդեցիկ դերակատարը մնալ։

«Մեզ համար ի՞նչ տարբերություն մի ուժի դեմ պայքարել, թե՝ 50 ուժի դեմ պայքարել, մեկ է բոլորն էլ Հանրապետականին քննադատում են», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտում դեռ հստակություն չկա։ Հարցին, թե ՀՀԿ-ի համար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լո՞ւրջ մրցակից է, Շարմազանովը պատասխանեց՝ կհասկանան, երբ նրա հայեցակարգը տեսնեն։

«Մինչև քաղաքացիական հայեցակարգ չլինի, ես ինչպե՞ս գնահատական հնչեցնեմ, միայն փառահեղ անցյալը, կամ հերոսական, անցյալը, կամ լավ գործունեությունը այս կամ այն ոլորտում քիչ է, որպեսզի ես կարողանամ քաղաքական թիմերի, քաղաքական ծրագրերի վերաբերյալ գնահատականներ հնչեցնեմ։ Երբ, որ կլինի նախընտրական ծրագիրը, մենք այդ ժամանակ կնստենք և կքննարկենք», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովի փոխանցմամբ, ՀՀԿ-ն ձգտում է, որ խորհրդարանական ընտրությունները լինեն գաղափարների, ոչ թե անձերի պայքար։

Առաջիկա ընտրություններում իրենց գործընկեր Դաշնակցության հետ միասնական ցուցակով չեն գնա, փոխարենը՝ կոալիցիան երկարաժամկետ է։

Առաջիկա հինգշաբթի Հանրապետականը խորհրդի նիստ կանցկացնի և կուսակցության փոխնախագահներ և առաջին տեղակալ կընտրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG