Մատչելիության հղումներ

Այսօր Դոնալդ Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը


Դոնալդ Թրամփը օտարերկրացի դիվանագետներին ներկայացնում է թիմը, որն իրականացնելու է «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականությունը, Վաշինգտոն, 17-ը հունվարի, 2017թ.

Դոնալդ Թրամփը օտարերկրացի դիվանագետներին ներկայացնում է թիմը, որն իրականացնելու է «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականությունը, Վաշինգտոն, 17-ը հունվարի, 2017թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Դա տեղի կունենա Վաշինգտոնում տեղական ժամանակով կեսօրին, Երևանի ժամանակով երեկոյան ժամը 9-ին:

Ընտրյալ նախագահը երդումը կարտասանի Ներկայացուցիչների տան և Սենատի համալիրի՝ Կապիտոլիումի աստիճաններին, որտեղ արդեն պատրաստ է հանդիսավոր արարողության հարթակը:

Հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահ է ընտրվել անցյալ տարվա նոյեմբերի 8-ին՝ հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին: Սակայն պաշտոնամուտը միայն այսօր կլինի՝ հաղթանակից ավելի քան երկու ամիս անց:

Մինչև 1933 թվականը երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 4-ին՝ ընտրություններից չորս ամիս անց, սակայն 1933-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 20-րդ լրամշակումը, որով այդ ժամկետը կրճատվել է:

Ընտրությունից մինչև երդում ընկած ժամանակաշրջանում, եթե արտառոց որևէ բան չի պատահում, հեռացող նախագահը, որին ամերիկյան քաղաքական ավանդույթի համաձայն անվանում են lame duck՝ «կաղ բադ», ավարտին է հասցնում գործերը, ներման հրամանագրեր է ստորագրում, կարգավորում է արխիվը, հավաքում է իրերը և գործերը հանձնում է նոր նախագահի թիմին:

Ընտրյալ նախագահն այդ ընթացքում կազմում է թիմը, որն առաջիկա 4 տարիներին ղեկավարելու է երկիրը:

Ամերիկայում նախագահը չի ընտրվում անմիջապես ժողովրդի կողմից: Նախ քաղաքացին ընտրում է տվյալ նահանգում կամ մայրաքաղաք Վաշինգտոնի համար հատկացված Կոլումբիայի առանձնատարածքում իր նախընտրած թեկնածուին սատարող ընտրիչներին:

538 ընտրիչների մեծամասնության՝ 270-ի քվեն բավական է թեկնածուներից մեկին հաղթող հռչակելու համար: Թրամփի պարագայում վճռական էր Տեքսասի նահանգը, որտեղ հաղթելով՝ նա հատել է 270 քվեի շեմը, ընդհանուր հաշվով նա ստացել է 304, իսկ Քլինթոնը՝ 227 քվե:

Քվեարկության արդյունքները Ընտրիչների կոլեգիան ամփոփել է անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, իսկ Կոնգրեսը վավերացրել է այս տարվա հունվարի 6-ին:

Այսօր երդումն ընդունելու է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, դրանից կարճ ժամանակ անց տեղի կունենա նաև փոխնախագահ Մայք Փենսի երդմնակալությունը: Ապա նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը հայրենակիցներին կդիմի իր առաջին ուղերձով:

Ամերիկյան ավանդույթի համաձայն, հեռացող նախագահը պարտավոր չէ մասնակցել ընտրյալ նախագահի երդմնակալության արարողությանը, բայց որպես կանոն ներկա է լինում, համենայն դեպս՝ անցած 96 տարիների ընթացքում ավանդույթը չի խախտվել:

Հնարավորության դեպքում արարողությանը մասնակցում են նաև նախկին նախագահները, ներկա և նախկին բարձրաստիճան քաղաքական և հասարակական գործիչները, հանրային ճանաչում ունեցող մարդիկ, այդ թվում շոու բիզնեսի աստղերը:

ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող գործիչների և աստղերի մի խումբ որոշել է բոյկոտել Թրամփի պաշտոնամուտի արարողությունը:

XS
SM
MD
LG