Մատչելիության հղումներ

Պերմյակովի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալը պատիժը կրի Ռուսաստանում


Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ
Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն արդեն մի քանի հայցերով դիմել են Վճռաբեկ ատյան: Անհրաժեշտության դեպքում էլ գանգատ են ներկայացնելու Եվրոպական դատարան:

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայողի պաշտպան Էդուարդ Աղաջայանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ Վալերի Պերմյակովն իր պատիժը կարող է կրել Ռուսաստանում։ Աղաջանյանի խոսքով, դա պարզ կդառնա այն ժամանակ, երբ օրինական ուժի մեջ մտնի առաջին ատյանի դատարանի որոշումը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն առաջիկա 2 ամսվա ընթացքում դժվար թե օրինական ուժ ստանա, քանի որ վերաքննիչ ատյան ներկայացված բողոքների մերժումից հետո, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն այժմ էլ դիմել են Վճռաբեկ դատարան։ Հույսեր չկապելով նաև այս ատյանի հետ, Ավետիսյասնների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցն ասում է՝ կասկած անգամ չունի, որ Պերմյակովի պատժի կրման վայրի որոշումը կկայացվի միակողմանիորեն, Հայաստանն էլ չի ընդդիմանա ռուսական կողմի կամքին։

«Չի լինելու համատեղ որոշում, արդեն ռուսական կողմի միանձնյա, միակողմանի որոշումը եղել է, որ Պերմյակովը պետք է գտնվի իրենց հսկողության տակ: Եվ այդպես էլ կա ու շարունակվելու է: Ինչ է՝ Հայաստանի որևէ պետական մարմին համարձակություն ունի՝ ընդվզելու՞ այդ որոշման դեմ, չկա այդպիսի բան»,- «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ավետիսյաննների իրավահաջորդներից փաստաբան Լուսինե Սահակյանն էլ վստահ է՝ Պերմյակովն, ի սկզբանե, Հայաստանին հանձնված չի էլ եղել, հետևաբար՝ պատիժն էլ մեր երկրում չի կրի: Նա շեշտում է այն փաստը, որ Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է իր քաղաքացուն այլ երկրի հանձնելը։

«Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե պետք է ամեն ինչ աներ, որ Պերմյակովը չհայտնվեր ռուսական կողմում, այսինքն՝ այն պահից սկսած, երբ Պերմյակովը ռուսական կողմի տրամադրության տակ հայտնվեց, խնդիրն արդեն առկա էր, քանի որ Ռուսաստանը նրան հանձնելու համար պետք է խախտեր Սահմանադրոթւյունը, ինչը չի արել և չի անի նաև հետագայում»,- կարծիք հայտնեց Սահակյանը:

Նա վստահ է նաև, որ Վճռաբեկ դատարանը ևս կմերժի ոչ նյութական վնասի՝ 450 հազար եվրոյի չափով փոխհատուցման պահանջով իրենց քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Փաստաբանի խոսքով, դրանից հետո արդեն իրենք գործը կուղարկեն Եվրոպական դատարան, մեկ այլ հայցով էլ դատական հայց կներկայացնեն հենց Ռուսաստանում։ «Ստիպված ենք լինելու նման հայց ներկայացնել, և եթե խնդիրը լուծում չստանա, ապա ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Եվրոպական դատարանում գանգատ կներկայացնենք»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Դատական 3-րդ ատյանը հավանաբար կլսի նաև Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Սաքունցի բողոքը, ըստ որի, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ չի բացահայտել 7 հոգանոց ընտանիքի սպանությունը։ Արթուր Սաքունցի խոսքով՝ ոճրագործությունից 2 տարի անց Ավետիսյանների հարազատները դեռ վստահ են, որ Պերմյակովը միայնակ չի գործել, չպարզաբանված են մնացել նաև հանցագործության դրդապատճառները։

«Մենք մշտապես կասկածներ ունենք, որ Պերմյակովը մշտական հսկողության տակ լինելով, նաև ճնշման տակ է: Մեր վերաքննիչ բողոքի վերաբերյալ Պերմյակովը մի շատ ուշագրավ դիրքորոշում էր արտահայտել, որ ինքը հայտնում է, որ ինքն է կատարել [հանցագործությունը], բայց ինքը դեմ չէ մեր վերաքննիչ բողոքին»,- հիշեցնում է Սաքունցը: Նրա խոսքով, եթե Վճռաբեկ ատյանը մերժի գործի քննության վերսկսման պահանջը, ինքը ևս կդիմի Եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG