Մատչելիության հղումներ

Սուրեն Կարայան․ 2017-ին ձգտելու ենք գերազանցել ՀՆԱ-ի աճի նախատեսված ցուցանիշը


Սուրեն Կարայան, 19-ը հունվարի, 2017 թ․

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ այս տարի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կհասնի առնվազն կես միլիարդ դոլարի:

«Ազատություն»- Հայաստանի պետբյուջեով նախատեսվել է 3,2 տոկոս տնտեսական աճ: Հաշվի առնելով այն, որ 2016-ը փաստացի փակվել է 0,5 տոկոսով՝ մոտ 2,4 տոկոսի կանխատեսման պարագայում, ըստ ձեզ, որքա՞ն կկազմի տնտեսական աճը 2017-ի ավարտին:

Սուրեն Կարայան- Իմ կարծիքով, առնվազն 3,2 տոկոս տնտեսական աճ մենք կարձանագրենք 2017 թվականի արդյունքով: Մենք բավականաչափ աշխատանքներ ենք իրականացրել, և կան բոլոր նախադրայալները, որպեսզի այդ ցուցանիշը մենք արձանագրենք: Ավելի լավատես լինելով, ես կարող եմ ասել, որ մենք հիմա ձգտում ենք գերազանցել այն ցուցանիշը, որը նպատակադրված է 2017 թվականի բյուջեով:

«Ազատություն»- Կարծիք կա, որ եթե Հայաստանում տնտեսական աճն առնվազ 5 տոկոս չկազմի, ապա դա իրական զարգացման չի բերի:

Սուրեն Կարայան- Տնտեսական աճի ցանկացած դրական ցուցանիշ ցույց է տալիս, որ տնտեսությունն աճում է: 5 տոկոսը վերաբերում է այլ խնդիրների: Մենք մեր բոլոր հեռանկարային ծրագրերում արձանագրել ենք, որ պետք է կարողանանք արագ տեմպերով աճել ու կարողանանք լուծել մեր առջև ծառացած բոլոր սոցիալական խնդիրները: Դրա համար մի քանի տարի շարունակ մենք պետք է առնվազն 5 տոկոս տնտեսական աճ արձանագրենք, որպեսզի իջեցնենք աղքատության շեմը, լուծենք սոցիալական ոլորտի խնդիրները:

«Ազատություն»- Արդյո՞ք Հայաստանում ձևավորված մենաշնորհները չեն խոչընդոտում ներդրումները, ինչպե՞ս եք աջակցում ներդրողին, գործարարին:

Սուրեն Կարայան- Մեր աջակցության մեխանիզմն այս հարցում հստակ է՝ մենք ստեղծում ենք բավարար մրացակցային պայմաններ: Ես կարող եմ այսօր արձանագրել, որ Հայաստանի շուկայում մոնոպոլ դիրք կարող են գրավել միայն հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունները: Խոսքը բնական մենաշնորհների մասին է: Մնացած բոլոր ոլորտներում մենաշնորհներ չկան: Կան գերիշխող դիրք ունեցողներ, ինչը բնական է փոքր տնտեսությունների համար: Եթե դուք կգտնեք մի ոլորտ, որտեղ մենաշնորհային դիրք զբաղեցնողներ կան, ապա ես խնդրում եմ՝ մեզ էլ այդ մասին տեղեկացրեք, և մենք ձեզ հետ միասին այդ խնդիրներին լուծում կտանք:

«Ազատություն»- Ոչ ոք չի հայտարարում՝ ես մենաշնորհ ունեմ: Այդ ամենը կատարվում է սպառնալիքների միջոցով:

Սուրեն Կարայան- Եթե նման մի դեպք լինի, ես խնդրում եմ՝ անձամբ ինձ տեղեկացրեք:

«Ազատություն»- ՊԵԿ-ի հաղորդած՝ այլընտրանքային բանան ներկրողի հետ կապված ի՞նչ կասեք, պատժվեցի՞ն նրանք, ովքեր խոչընդոտում էին գործարարին: Եթե մեղավորները չեն պատժվում, մարդիկ ինչպե՞ս կարող են վստահ լինել, որ խնդիր չեն ունենա:

Սուրեն Կարայան- Այսօր հենց իրենք՝ այդ նոր ներմուծողներն ասում են, որ շուկան ազատականացված է, և ոչ մի խոչընդոտ ոչ մի ոլորտում չկա: Ես դա ձեզ վստահաբար եմ ասում և ի պաշտոնե պատրաստ եմ պատասխան տալ ցանկացած դեպքի համար:

Ինչ վերաբերում է ներդրումներին, մենք լուրջ ակնկալիքներ ունենք: Այս տարի միայն այն կազմակերպությունների մասով, որոնց այս վերջին շրջանում օժանդակել ենք մեր գործիքակազմով, առնվազն 500 միլիոն դոլարի չափով ներդրումներ կլինեն: 2017 թվականին: Ես էլի եմ ասել՝ մեր թիրախն է՝ ներդրումների ծավալը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսին:

XS
SM
MD
LG