Մատչելիության հղումներ

Խստաշունչ ձմեռը հանրակացարաններում անմարդկային վիճակ է ստեղծել


Տեսարան Արցախի փողոցի 10-րդ հանրակացարանի միջանցքից

Տեսարան Արցախի փողոցի 10-րդ հանրակացարանի միջանցքից

Քաղաքապետարանից հայտնում են, որ արագ վերաբնակեցման համար բավարար միջոցներ չունեն:

Ցրտաշունչ ձմեռը բազմապատկել է առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող երևանյան հանրակացարանների բնակիչների հոգսերը։ Վարդաշենի հանրակացարանում վթարային իրավիճակին և մշտական խոնավությանը գումարվել է ջրատար խողովակների սառցակալումը, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել: Հանրակացարանի բնակիչների խոսքով՝ «անմարդկային սանիտարահիգիենիկ պայմաններ են առաջացել»:

«5 տարեկան երեխա է, արդեն 8 անգամ բրոնխներից պառկել ա հիվանդանոց էս խոնավության պատճառով», «չենք կարողանում չորացնել, էս ամբողջ տան վիճակը դայա, լրիվ ճաքեր են, էլ չեմ ասում բաղնիք, զուգարան, մի խոսքով՝ խոնավության մեջ ճպճպում ենք»,- ասում են նրանք:

Մինչդեռ, խոնավության հարցն այստեղ «չարյաց փոքրագույնն է»: Մարդիկ օգտվում են խարխուլ, սառցակալած, հիգիենայի տարրական պայմաններից զուրկ սանհանգույցներից։ «Սա մեր ընդհանուր լվացարանն է, այստեղից ենք ջուր վերցնում, երեխաներն այստեղ են լվացվում, ամաններն այստեղ ենք լվանում։ Հլա էն գետնի վրայի սառույցը նայեք, երեխեքին էստեղ ենք լողացնում», «Հնարավոր չի սենց ապրել։ 5 տարեկան թոռնիկ ունեմ, ստիպված ուղարկում եմ գիշերօթիկ դպրոց»- մատնացույց անելով խարխուլ սանհանգույցները, ասում են բնակիչները:

Այս ձմռան ընթացքում խիստ վատ վիճակ է ստեծվել նաև Արցախի փողոցում գտնվող 10-րդ հանրակացարանում։ Կոյուղի չկա, տներից դուրս եկող ինքնաշեն խողովակները ցրտից պայթել են, կոյուղաջրերը լցվել են բակ՝ «Շենքի մի քանի բնակիչների կոյուղին ա, էստեղ ա թափվում»: Կոյուղաջրերը չեն խնայել նաև որոշ բնակարաններ։ «Սա առաջին հարկն ա, վերևի հարկերից սանհանգույցները սառել են, ամբողջ կեղտը լցվել էր էս առաջին հարկի հարևանի տունը։ Տաքացնում են, բացվում ա, էլի նորից սառում»,- բողոքում են բնակիչները:

Այս շենքում ևս բնակիչներն օգտվում են ընդհանուր սանհանգույցից։ Շենքի որոշ հատվածներում ամանորին նույնիսկ ջուր չեն ունեցել։ «Տեսնում եք՝ որտեղից ջուր է գալիս, անընդհատ տրուբաներ ենք փոխում, շենքն ամբողջությամբ տրուբաներով պատված ա, ով որտեղից կարողացել, ջուր ա միացրել, նույնիսկ նոր տարուն մենք ջուր չունեինք, գնում էինք հարևանից վերցնում»:

4-րդ կարգի վթարային հանրակացարանում խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Պատերը, սանդուղքներն աստիճանաբար փլուզվում են։ «Աստիճաններից 3 տարեկան երեխա է ընկել նորից», «Ամեն ինչ ունեցել ա էս տանն ապրող կինը, սաղ փչացել ա, հանել ա թափել», «Հեսա, նայեք, ամբողջը ցեխ ա ու չի չորանում»,- ասում են բնակիչները:

Տարրական կոմունալ պայմաններից զրկված մարդկանց հատկապես զայրացնում են ամեն ամիս իրենցից պահանջվող վճարումները, այդ պայմաններում մեծացած երեխաներին պարտադիր բանակ զորակոչելը։ «Էստեղից համ զինվոր ենք ունենում, համ զոհ ենք ունեցել: Ու դեռ ինչքան երեխաներ էլ հաշմանդամ են դարձել ու չեն զորացրվել»,- շարունակում են բողոքել հանրակացարանի բնակիչները:

Այս խնդիրներին Երևանի քաղաքապետարանում տեղյակ են, սակայն, դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ չունեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Ըստ պաշտոնյայի՝ վերաբնակեցում կատարում են միայն 4-րդ կարգի վթարայինների դեպքում։ Վարդաշենի հանրակացարանը, մինչդեռ, 3-րդ կարգի վթարային կառուց է, այդ պատճառով առայժմ այնտեղից վերաբնակեցում չեն կատարի: Իսկ Արցախի փողոցի 10-րդ շենքի բնակիչներին էլ կվերաբնակեցնեն, հավանաբար, 2018 թվականի վերջին։

«Ակնկալում ենք մեր բանակցությունները պետական ատյանների հետ հասկանալի դաշտում ավարտել։ Անկախ արդյունքներից, 2017-ին նախատեսում ենք առկա խնայողությունների հաշվին տալ շենքի կառուցման սկիզբ և արդեն մնացորդային գումարով փորձել՝ մոտավորապես 2018 թվականի վերջին ավարտել»,- ասաց Նիկոյանը: Ինչ վերաբերում է ձմռանը հանրակացարաններում ստեղծված իրավիճակին, այդ առնչությամբ, փոխքաղաքապետը համաձայնեց, որ «պայմանները շատ վատն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG