Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»


Գագիկ Ծառուկյանի՝ այսօր կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Երկու տարվա դադարից հետո «բացելով քաղաքականության էջը»՝ Գագիկ Ծառուկյանն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին նիստի էր հրավիրել:

Ծառուկյանը, ով Սերժ Սարգսյանի հետ լուրջ տարաձայնություններից հետո 2015 թվականի գարնանը հեռացավ քաղաքականությունից՝ հրաժարվելով նաև կուսակցության ղեկավարի պաշտոնից, առաջիկայում կայանալիք համագումարում կրկին կընտրվի ԲՀԿ կուսակցության նախագահի պաշտոնում:

Լյովա Խաչատրյան - Մոտակա համագումարը, կարծում եմ, կվերընտրի Գագիկ Ծառուկյանին կուսակցության նախագահ:

«Ազատություն» - Ե՞րբ է նախատեսվում համագումարը:

Լյովա Խաչատրյան - Կարծում եմ, մոտակա 12-13 օրվա մեջ:

«Ազատություն» - Նրա մոտ կա՞ այդ ցանկությունը, և կուսակիցների մոտ կա՞ այդ ցանկությունը:

Լյովա Խաչատրյան - Կուսակիցների մոտ կա այդ ցանկությունը: Համագումարը, կարծում եմ, կփաստի: Մենք երբեք իրեն չէինք համարել քաղաքականությունից դուրս և երբեք մենք չէինք համարել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրականում ունի այլ առաջնորդ:

«Ազատւթյուն» - Բայց չէ՞ որ ձեր առաջնորդը Նաիրա Զոհրաբյանն էր:

Լյովա Խաչատրյան - Ղեկավարը Նաիրա Զոհրաբյանն էր որոշ ժամանակ, բայց կուսակցության առաջնորդը միշտ եղել է Գագիկ Ծառուկյանը:

«Ազատություն» - Այսօրվա հանդիպման ընթացքո՞ւմ էլ այդ հարցը բարձրացվեց, որ նա պետք է ղեկավարի կուսակցությունը:

Լյովա Խաչատրյան - Այո: Այդ թվում՝ նաև կուսակցության այսօրվա ղեկավարի կողմից:

«Ազատություն» - Եվ Ծառուկյանը տվե՞ց իր համաձայնությունը:

Լյովա Խաչատրյան - Համագումարը ցույց կտա: Կարծում եմ, այո:

«Ազատություն» - Այսօրվա հանդիպման ժամանակ պարոն Ծառուկյանի հետ պետք է քննարկեիք այն հարցը, թե որ քաղաքական ուժերի հետ եք դաշինքով մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Լյովա Խաչատրյան - Գնալու ենք, հավանաբար, «Ծառուկյան դաշինքով»: Որ քաղաքական ուժերը կմիանան, ում հետ ինչ քննարկումները ինչ արդյունքներ կտան՝ ցույց կտան մոտակա օրերը:

«Ազատություն» - Այդպե՞ս է դաշինքը կոչվելու:

Լյովա Խաչատրյան - Հավանաբար: Կարծում եմ:

«Ազատություն» - Ի՞նչ եք կարծում, լայն կոնսոլիդացիա կհաջողվի՞ ունենալ «Ծառուկյան դաշինքի» շրջանակներում:

Լյովա Խաչատրյան - Հանրության և ընտրողների և ժողովրդի հետ՝ միանշանակ լայն կոնսոլիդացիա կա, մնում է և կլինի: Իսկ քաղաքական ինչպիսի ուժեր կմիանան, դա ցույց կտան մոտակա քննարկումները:

«Ազատւթյուն» - Քննարկե՞լ եք արդեն իսկ ստեղծված դաշինքների հետ համագործակցության հարցը:

Լյովա Խաչատրյան - Ոչ: Նման ոչ մի խնդիր այսօր չի քննարկվել: Այսօր առաջին հանդիպումը իր կուսակիցների հետ էր, տեղական կառույցների ղեկավարների հետ էր:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը պնդում է, որ եթե իրենք գան իշխանության, ապա միանշանակ ավելի լավ կկառավարեն տնտեսությունը և ամենակարևորը՝ չեն գողանալու: Լինելու են ազնիվ և պրոֆեսնիոնալ:

«Ազատություն» - Կարո՞ղ ենք ասել, որ Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստանը» իսկապես գնում են իշխանափոխության և նպատակադրված են փոխել գործող համակարգը, վերցնել մեծամասնություն և իշխանություն ձևավորել:

Լյովա Խաչատրյան - Մենք գտնում ենք, որ մենք ավելի լավ կկառավարենք երկրի տնտեսությունը: Եթե վստահի մեզ ժողովուրդը, ընտրողը, մենք դա կապացուցենք: Դա կոչվում է իշխանափոխություն, թե մեկ այլ խուճուճ բառով դա կարելի է բնորոշել, դա ինձ համար ոչ հետաքրքրիր հասկացողություն է: Եթե ընտրողը մեզ վստահի, մենք համոզված ենք, որ ավելի լավ կկառավարենք երկրի տնտեսությունը և կունենանք տնտեսության աճ, ներգաղթ և աղքատության մակարդակի կրճատում, կոռուպցիայի կրճատում: Առաջին հերթին՝ չենք գողանալու:

«Ազատություն» - Նկատի ունեք, որ այսօրվա իշխանությունը գողանո՞ւմ է:

Լյովա Խաչատրյան - Այսօրվա միջազգային տարբեր կառույցների և ժողովրդի գնահատականը ի նկատի ունեմ:

«Ազատություն» - Այսինքն ձեր հաջողությունը լինելու է նրանում, որ դուք չեք գողանալու, ինչպես գործող իշխանությունը․․․

Լյովա Խաչատրյան - Մեր հաջողությունը լինելու է նրանում, որ մենք լինելու ենք ազնիվ և պրոֆեսիոնալ:

«Ազատություն» - Մինչև վերջ գնալո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, թե՞ հնարավոր է նաև 2015-ի իրադարձությունների կրկնությունը:

Լյովա Խաչատրյան - 2015 թվականը ընտրական շրջան չէր, և բոլորիս համար պարզ էր, որ նման ժամանակահատվածում սեփական ծրագրեր իրականացնելու խաղաղ հնարավորություն գոյություն չունի: Իսկ դիմացը ընտրություններ են, և դրա հնարավորությունը կա՝ խաղաղ ճանապարհով սեփական ծրագրերն իրականացնելու և ծառայելու ժողովրդին:

«Ազատություն» - Կարծում եք, ինչպես Ծառուկյանն ասել է՝ մինչև վերջ նա իր խաչը կտանի՞:

Լյովա Խաչատրյան - Եթե այդ խաչը վստահի ժողովուրդը Ծառուկյանին և իր թիմակիցներին, այո, իհարկե, համոզված եմ, որ կտանի:

Լյովա Խաչատրյանը նշեց, որ վաղվանից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական, ինչպես նաև տարածքային շտաբները «կլծվեն կազմակերպչական աշխատանքներին»: Իսկ թե ով կղեկավարի «Ծառուկյան դաշինքի» շտաբը, պարզ կլինի վաղը:

XS
SM
MD
LG