Մատչելիության հղումներ

Եվրամիությունում արձագանքում են Թրամփի վերջին հայտարարություններին


Դոնալդ Թրամփ և Անգելա Մերկել, արխիվ
Դոնալդ Թրամփ և Անգելա Մերկել, արխիվ

Այսօր ելույթով է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ներկայացնելով Եվրամիությունից դուրս գալու՝ իր երկրի քայլերը, ակնկալիքներն ու խնդիրները, ինչպես նաև՝ ՄԲ կառավարության ռազմավարությունն այդ խնդիրների լուծման հարցում:

Ֆրանսիայի ֆինանսների նախարարն այսօր հայտարարել է, որ Եվրամիության հասցեին ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած քննադատությունը միայն նպաստում է ԵՄ-ի ներսում համերաշխության ամրապնդմանը:

Անցած կիրակի գերմանական Bild և բրիտանական The Times թերթերին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել էր Եվրամիությունից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշումը, կանխատեսելով, թե հնարավոր է, որ այդ միությունից ուրիշ հեռացողներ էլ լինեն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին էլ Թրամփն ասել էր, թե վերջինս «աղետալի սխալ է» գործել՝ միգրանտների դիմաց երկրի դռները բացելով:

Եվրոպական երկու ազդեցիկ երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներն արդեն արձագանքել են Թրամփի հայտարարություններին: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե եվրոպացիների ճակատագիրն իրենց սեփական ձեռքերում է: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին նշել է, թե Եվրամիությունն իր գործերում դրսի խորհուրդների կարիքը չունի:

Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականներից մեկը, փորձելով հարթել ստեղծված իրավիճակը, BBC-ի հետ զրույցում ասել է, թե Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահի խոսքերը սխալ են մեկնաբանվել: «Նա շատ մեծ հարգանք ունի Մերկելի հանդեպ»,- ընդգծել է Թրամփի խորհրդական Էնթոնի Սկարամուչին ու շարունակել՝ «Մենք շատ երկարատև, շատ սերտ հարաբերություններ ունենք Արևմտյան Եվրոպայի հետ, և այդպես է լինելու նաև Թրամփի վարչակազմի օրոք»:

Այսօր ելույթով է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ իր խոսքում ներկայացնելով Եվրամիությունից դուրս գալու՝ երկրի քայլերը, ակնկալիքներն ու խնդիրները, ինչպես նաև՝ բրիտանական կաբինետի ռազմավարությունն այդ խնդիրների լուծման հարցում:

Թերեզա Մեյ, արխիվ
Թերեզա Մեյ, արխիվ

Մեյն ասել է, թե Եվրամիությունից դուրս գալու վերջնական փաստաթուղթը քվեարկության է դրվելու ՄԲ խորհրդարանի երկու պալատներում: ԵՄ-ից դուրս գալու պայմանները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև նշել է, որ բանակցություններում փոխզիջումներ են լինելու, «բայց կարևոր է դրանցում հնարավորինս հստակություն ապահովել»:

Թերեզա Մեյի խոսքով, իր երկիրը չի կարող կիսով չափ Եվրամիությունում լինել, կիսով չափ՝ ոչ, իսկ ԵՄ-ին ասոցացված անդամակցությունը նա բացառել է: Մեյը նաև հայտարարել է՝ սպասվող համաձայնագիրը պետք է ապահովի ազատ առևտուրն ու ծառայությունները Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության անդամ բոլոր երկրների միջև:

«Այն պետք է բրիտանական ընկերություններին առավելագույն ազատություն տա եվրոպական շուկայում և նույնպիսի պայմաններ ապահովի Մեծ Բրիտանիայում եվրոպական բիզնեսի համար»,- ասել է Թերեզա Մեյը, այդուհանդերձ ընդգծելով, որ դա չի նշանակում անդամակցություն՝ միասնական շուկային: Լոնդոնը, հրաժարվելով «միասնական շուկային» անդամակցելուց, չի ենթարկվի եվրոպական կանոնակարգող մարմինների որոշումներին, շեշտել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Միգրանտերի խնդրի հետ կապված, նա ասել է, որ Մեծ Բրիտանիան վերահսկելու է նրանց հոսքը, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրներից: Ըստ Մեյի, Եվրամիությունից դուրս գալն իր երկրին հնարավորություն կտա ավելի սերտ հարաբերություններ զարգացնել այլ պետությունների հետ, ներառյալ ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, ինչպես նաև ասիական ու աֆրիկյան երկրները:

«Մեր որոշումը միշտ չէ, որ հասկանալի է եվրոպական մեր ընկերների ու դաշնակիցների համար: Շատերը վախենում են, որ Եվրամիությունում սկսվելու են մեծ խմորումներ: Սակայն, թույլ տվեք հստակ լինել՝ ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա: Դա Մեծ Բրիտանիայի շահերին չի համապատասխանում»,- ասել է Թերեզա Մեյը, ընդգծելով՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկությունը չի նշանակում հրաժարում եվրոպական արժեքներից: «Մենք լքում ենք Եվրամիությունը, ոչ թե Եվրոպան»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG