Մատչելիության հղումներ

Ստամբուլի «ամանորյա» ահաբեկչության ձերբակալված կասկածյալը Ուզբեկստանի քաղաքացի է


Ահաբեկչության մեջ կասկածվող Մաշարիպովը ձերբակալման պահին

Ահաբեկչության մեջ կասկածվող Մաշարիպովը ձերբակալման պահին

Ըստ թուրք պաշտոնյաների, Աբու Մուհամեդ էլ Հորասանի ծածկանունով հայտնի Մաշարիպովը չորս լեզվի է տիրապետում և Աֆղանստանում լավ պատրաստություն անցած ահաբեկիչ է։

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ամանորի գիշերը Ստամբուլի նշանավոր «Ռեյնա» գիշերային ակումբում 39 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության հիմնական կասկածյալին՝ Աբդուլքադիր Մաշարիպովին։

Ստամբուլի նահանգապետ Վասիբ Շահինը հայտարարել է, որ ահաբեկիչը խոստովանել է մեղքը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, խոսելով Մաշարիպովի ձերբակալության մասին, այսօր հայտարարել է. «Ինչպես նախկինում էլ եմ ասել, ոչ ոք այլևս չի մարսելու այն, ինչ անում են մեր երկրում։ Մենք նրանց ստիպելու ենք պատասխան տալ օրենքի առաջ։ Օրթաքյոյի հարձակումը իրականացրած ահաբեկչի ձերբակալությունը լավագույնս ցույց է տալիս անվտանգության հարցում այս մոտեցումը»։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ արյունալի ահաբեկչությունից 16 օր անց Ուզբեկստանի քաղաքացի Մաշարիպովը հայտնաբերվել է Ստամբուլի Էսենյութ շրջանում գտնվող տանը, որը ենթադրաբար հանդիսանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների թաքստոցներից մեկը։

Մաշարիպովի հետ միասին աֆրիկացի երեք կին և ազգությամբ ղըրղզ մի տղամարդ է բերման ենթարկվել։ Ահաբեկչի հայտնաբերման աշխատանքների համար շուրջ հազար հոգանոց ոստիկանական հատուկ խումբ էր ձևավորվել։ Բացի այդ, Ստամբուլի 5 վարչական շրջաններում հատուկ գործողություններ և բազմաթիվ ձերբակալություններ են իրականացվել «Իսլամական պետության» ուզբեկական թևի վնասազերծման նպատակով։

Նահանգապետ Վասիբ Շահինի խոսքով՝ Աբու Մուհամեդ էլ Հորասանի ծածկանունով հայտնի Մաշարիպովը չորս լեզվի է տիրապետում, Աֆղանստանում լավ պատրաստություն անցած ահաբեկիչ է։ «Լուրջ հիմքեր կան կարծելու, որ ահաբեկիչը 2016 թվականի սկզբին անօրինական ճանապարհով մուտք է գործել Թուրքիա՝ հատելով երկրի արևելյան սահմանները։ Հստակ է, որ ահաբեկչությունը իրականացվել է «Իսլամական պետության» անունից»,- ասել է Շահինը։

Մաշարիպովը Ամանորի գիշերը մտել էր Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի նշանավոր «Ռեյնա» ակումբ և կրակ բացել տարեմուտը տոնող մարդկանց վրա։ Հարձակման հետևանքով 39 մարդ, այդ թվում 25 օտարերկրացի էր զոհվել, ավելի քան 70 հոգի վիրավորվել էր։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել էր տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Գործի առնչությամբ թուրքական ոստիկանությունը 35 մարդ է ձերբակալել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG