Մատչելիության հղումներ

Եվրամիության օրենսդիր մարմնի գործող նախագահ Մարտին Շուլցը լքում է Բրյուսելը՝ գերմանական քաղաքականություն վերադառնալու նպատակով։

Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնում Շուլցին փոխարինելու հայտ են ներկայացրել յոթ թեկնածուներ։ Հիմնական պայքարը, ըստ ամենայնի, կծավալվի աջ կենտրոնամետ կուսակցությունների՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և «Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս»-ի ներկայացուցիչների՝ Անտոնիո Տայանիի և Ջիանի Պիտելայի միջև, երկուսն էլ քաղաքականությունում վաղուց են։

Իտալիայի նախկին վարչապետ, սկանդալային Սիլվիո Բեռլուսկոնիի մամուլի խոսնակ Տայանին մասնագիտությամբ իրավաբան է և անդամակցում է Բեռլուսկոնիի պահպանողական «Առաջ, Իտալիա» կուսակցությանը։ Նա, ինչպես խոստովանել է, ցանկանում է դառնալ «նախագահ, ով կամուրջներ է կառուցում»։

Տայանիի մրցակից Ջիանի Պիտելան էլ հայտարարել է, թե ցանկանում է ամբողջ Եվրոպական խորհրդարանի նախագահը լինել՝ «բոլոր խմբակցությունների և բոլոր պատգամավորների»։ Պիտելան 1999-2014 թվականներին զբաղեցրել է Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, որից հետո նախագահել սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը։

Եվրոպական խորհրդարանի նախագահը ընտրվում է երկուսուկես տարի ժամկետով՝ խորհրդարանի աշխատանքի ժամկետի կեսի չափով։

Գործող խորհրդարանը ընտրվել է 2014 թվականի մայիսին: Այն ունի 751 պատգամավոր ԵՄ անդամ 28 երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG