Մատչելիության հղումներ

Սվիտալսկի․ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի բանակցություններն ավարտական փուլում են


Պյոտր Սվիտալսկին «Ազատության» տաղավարում, 17-ը հունվարի, 2017 թ․

Պյոտր Սվիտալսկին «Ազատության» տաղավարում, 17-ը հունվարի, 2017 թ․

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին պատասխանում է «Ազատության» հարցերին:

Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, և առաջիկայում փաստաթուղթը կստորագրվի: Այսօր այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Բրյուսելից խումբ է գալիս, և այս շաբաթ Երևանում տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը: Սա ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ ունեն գործընթացն արագացնելու կամք: Տեսանելի է, որ բացառությամբ մի քանի հարցերի, որոնք դեռ բաց են, համաձայնագրի մնացած մասը հիմնականում պատրաստ է: Սրանք բանակցությունների վերջին ակորդներն են»,- մասնավորապես, ասաց Սվիտալսկին:

Նա չնշեց, թե որ հարցերի շուրջ դեռ համաձայնություն չի ձևավորվել, ընդգծելով, որ որոշ դեպքերում քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն կա: Դեսպանը, սակայն, չմանրամասնեց՝ արդյո՞ք այդ որոշումը հայկական կողմը պետք է կայացնի: «Սա փոխադարձ համաձայնության գործընթաց է, որևէ մեկը չի խոսում միակողմանի զիջումների մասին: Կարծում եմ՝ ցանկացած բանակցության ժամանակ փոխհամաձայնությունը պահանջում է ճիշտ քայլեր երկու կողմից»,- ասաց ԵՄ դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նաև նշեց, որ համաձայնագիրը ամբողջական տեսքի բերելու ժամկետներն ավելի հստակ կլինեն բանակցությունների վերջնական փուլից հետո: Այդուհանդերձ, դեսպանն ընդգծեց՝ Հայաստանի փոխարտգործնախարարի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ նոր փաստաթուղթը ստորագրվելու է 2017-ի առաջին երեք ամիսներին՝ «հեռու չէ իրականությունից»:

Շրջանակային նոր համաձայնագրի նախագիծը Հայաստանի և Եվրամիության միջև սկսեց քննարկվել շուրջ 3 տարի առաջ, այն բանից հետո, երբ Հայաստանը, անսպասելիորեն միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ հրաժարվեց ստորագրել 3,5 տարի բանակցված ասոցացման համաձայնագիրը: Դեսպան Սվիտալսկին «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ նոր համաձայնագիրն, իհարկե, տնտեսական առումով չի նախատեսում այնպիսի լայն համագործակցություն, ինչպիսին ասոցացման համաձայնագրի դեպքում էր:

«Ակնհայտ տարբերությունն այն է, որ առևտրի մասով չի լինելու արտոնյալ ռեժիմ, տնտեսական այլ հարցերի վերաբերյալ ևս նոր համաձայնագիրը կլինի ավելի քիչ հավակնոտ, բայց ակնհայտ է, որ ասոցացման համաձայնագրի հիմնական քաղաքական տարրերը կարտացոլվեն շրջանակային համաձայնագրում»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Սվիտալսկին նաև բացահայտեց, թե որքան գումար է տրամադրել Եվրամիությունը Հայաստանին՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների և էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Ըստ նրա, ԵՄ-ն Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ տրամադրել է ներդրվող տեխնիկական միջոցների համար անհրաժեշտ աջակցության 90 տոկոսը:

«Եվրամիությունը հատկացրել է մեծ գումար՝ 7 միլիոն եվրո, որպեսզի օգնի Հայաստանին՝ անցկացնել նոր մակարդակի ընտրություններ, վստահության և ապահովության նոր մեխանիզմներով»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այդ գումարի մի մասն արդեն տրամադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, որի շրջանակում էլ իրականացվում է տեխնիկական համակարգի ներդրումը, ծրագրավորումն ու պատրաստումը: «Պայմանավորվածությունների մի մասն ավելի ուշ կիրականացվի, բայց այս պահին ամեն ինչ շատ լավ է զարգանում»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ դեսպանն ընդգծեց՝ եթե ընտրություններն անցկացվեն թափանցիկ ու արդար, ապա դա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի հետ համագործակցության համար:

«Այս ընտրությունները կարևոր դեր են ունենալու Հայաստանի իմիջի ստեղծման հարցում: Եթե դրանք անցնեն այնպես, ինչպես մենք ակնկալում ենք՝ արդար, թափանցիկ, ապա դա կզարգացնի Հայաստանի կերպարը, որպես եվրոպական արժեքների վրա հիմնված, եվրոպական ժողովրդավար ընտանիքի անդամ երկրի: Դա նաև կօգնի մեզ մտածել մեր համագործակցության մեջ նոր տարրերի ավելացման մասին»,- շարունակեց Սվիտալսկին:

Արդյո՞ք կտուժեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, եթե ապրիլին կայանալիք ընտրությունները չարդարացնեն եվրոպական ընտանիքի սպասումները, այս հարցին ԵՄ դեսպանը չպատասխանեց՝ առաջարկելով մտածել միայն դրական արդյունքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG