Մատչելիության հղումներ

Վարչապետը Ֆրանս Վիկերսի հետ քննարկել է ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության առաջնահերթությունները


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետն արդյունավետ է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, բազմաթիվ համատեղ ծրագրերը և կառավարության անունից այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Կարևորելով հատկապես մասնավոր հատվածին բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. - «Հայաստանի մարզեր այցերի ժամանակ մենք բազմաթիվ ծրագրեր ենք դիտարկում, ամփոփում, որոնց շրջանակում ցանկանում ենք համագործակցել մասնավոր հատվածի հետ և որպես գործիք, շահագրգռված կլինենք, եթե ՎԶԵԲ-ն էլ հետաքրքրված լինի այդ ուղղություններով համգործակցությամբ: Կառավարության նպատակն է՝ խթանել գործարար միջավայրի ակտիվությունը տարբեր միջոցներով, և սա բիզնես միջավայրը փոխող գործընթաց կարող է դառնալ, քանի որ ներկայացվող գաղափարները մշակվում և դառնում են կոնկրետ բիզնես տրամաբանությամբ ծրագրեր»:

Հաշվի առնելով ներդրողների հետ ՎԶԵԲ-ի աշխատանքի մեծ փորձը՝ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և առաջիկայում ստեղծվելիք ներդրումային հիմնադրամի շրջանակում գործակցության հնարավորությունները:

Կարեն Կարապետյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր հատված գործընկերությանը վերաբերող օրենսդրության մշակման և բիզնես օմբուդսմենի ինստիտուտի կայացման գործում բանկի հետ համատեղ աշխատանքը:

Ֆրանս Վիկերսը նշել է, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ը երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, որի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել:

Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը: Ֆրանս Վիկերսը խոստումնալից է համարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունները և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG