Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը բացում է իր «քաղաքական գործունեության փակված էջը»


ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ բացում է «քաղաքական գործունեության փակված էջը» և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ «ձևավորելով լայն դաշինք»:

Այս մասին Ծառուկյանը հայտարարեց «Կենտրոն» հեռուստատեսության եթերում:

Մեկնաբանելով 2015 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո քաղաքականությունից հեռանալու իր որոշումը՝ ԲՀԿ հիմնադիրը, մասնավորապես, ասել է․ - «Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների՝ այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության և Աստծո դատին»:

Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու պատճառներին՝ Ծառուկյանը հայտարարել է․ - «Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն»:

Նշելով, որ չի կարող «անտարբեր լինել ժողովրդի ճակատագրի հանդեպ»՝ Ծառուկյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր օր իրեն են դիմում հազարավոր քաղաքացիներ, «Բարգավաճ Հայաստանի»-ի կուսակից ընկերներ, բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը»: Նա հավելել է, որ վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել նաև Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների և մտավորականության ներկայացուցիչների հետ՝ «ովքեր ևս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն»:

«Ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում անգամ ես չեմ դադարել զբաղվել բարեգործությամբ՝ ցույց տալով, որ դրա տակ երբեք չի եղել քաղաքական նպատակ և ենթատեքստ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Բայց, որքան էլ ծանրակշիռ լինի իմ կողմից իրականացվող բարեգործության ծավալը, այն չի կարող լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները: Մենք պետք է ձևավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձևավորենք անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար», - շարունակել է Ծառուկյանը և փաստելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները «ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար», հայտարարել․ - «Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով:

Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար:

Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու:

Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG