Մատչելիության հղումներ

Դիլիջանում ՊԵԿ-ի համար կառուցված ուսումնական կենտրոնը կարող է փոխանցվել ՊՆ-ին


Պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում կառուցված թանկարժեք ուսումնական կենտրոնը հնարավոր է փոխանցվի Պաշտպանության նախարարությանն ու այնտեղ տեղափոխվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ այժմ այդ հարցը քննարկվում է երկրի ղեկավարի և վարչապետի հետ․ - «Ես խնդրեմ եմ Հանրապետության նախագահին և վարչապետին քննարկել այդ հաստատությունը Զինված ուժերին Մոնթե Մելքոնյան վարժարանի համար փոխանցելու խնդիրը»:

Պետական գույքի կառավարման վարչությանից, որին կառավարության որոշմամբ հանձնվեց շենքը,« Ազատությանը» փոխանցեցին, որ ուսումնական կենտրոնը նախարարությանը հանձնելու հարցը Վիգեն Սարգսյանն ավելի վաղ քննարկել է նաև վարչության պետ Արման Սահակյանի հետ։

Պետական գույքի տնօրինման վարչության պետ Անյուտա Օհանյանը, «Ազատության» հարցին, թե այդ դեպքում չի ստացվի, որ շենքի կառուցման համար ծախսված հսկայական միջոցներն այդպես էլ չեն վերադարձվի պետբյուջե, պատասխանեց․ - «Քանի որ տրվելու է էլի պետական մարմնի՝ մեր Պաշտպանության նախարարությանը, չեմ կարծում, որ դա կստացվի, որ գումարները կորան»:

Թե ում միտք է եղել նախագահին առաջարկել այն հանձնել պաշտպանական գերատեսչությանը և արդյոք չի մտահոգում այն փաստը, որ տվյալ ուսումնական կենտրոնն իր գերթանկարժեք ծախսերի պատճառով բազմիցս քննադատության է ենթարկվել, այս հարցերն ուղղեցինք նաև պաշտպանության նախարարի մամլո քարտուղարին։

«Ես չեմ կարող ասել, առաջինը ում միտքն է եղել, բայց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը․․․ մենք իրենից ենք իմացել, որ ինքը ուզում է Մոնթե Մելքոնյան վարժարանը լիովին նոր մակարդակի ռազմակրթական վարժարան դարձնել, և դրա համար շատ հարմար է այդ մասնաշենքը տեղափոխվելը, որով պահմանները նաև լրիվ այլ մակարդակի կլինեն», - պատասխանեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ռազմական կրթությունը նոր մակարդակի հասցնելու համար նաև նոր պայմաններ են պետք, հատկապես, որ վարժարանին միացավ նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրը, և հին շենքն արդեն փոքր է և անհարմար․ - «Ես չեմ կարծում որ ավելի լավ խումբ կա Հայաստանի Հանրապետությունում, որն արժանի է օգտվել ձեր ասած լավ պայմաններից: Ես չգիտեմ ինչ լավ պայմաններ են․ բայց այդ լավ պայմաններից թող օգտվի մեր ապագա սպան»:

Տնտեսական մեկնաբանը Հայկ Գևորգյանը ողջունելի է համարում, որ ապագա սպաների ուսուցումն անցնի գերազանց պայմաններում, բայց, նրա խոսքով, դա էլ պետք է սահման ունենա:

Գևորգյանը, ով ուսումնական կենտրոնի կառուցման պատմությունը, ճոխ գնումներն ու միլիարդավոր դրամների ծախսն մանրամասներնժեն ուսումնասիրել է, ասում է, որ դա նույնն է թե, Պաշտպանության նախարարությունը որոշի և ռազմական կենտրոն դարձնի Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկը․ - «Այդ ուսումնական կենտրոնը ունի մոտ յոթաստղանի հարմարավետություն: Հիմա այդ յոթաստղանի հարմարավետությամբ հյուրանոցը տրամադրել ռազմական ինչ-որ օբյեկտի, որտեղ երիտասարդները պիտի պարապեն, նաև ֆիզիկական պարտարստվածություն պիտի անցնեն․․․ Չեմ կարծում, որ դա լավագույն լուծումն է: Ոնց որ «Արմենիա» հյուրանոցը, կամ «Գոլդեն Փալեսը» կամ «Գոլդեն Թյուլիփը» դնենք սարքենք զորանոց»:

Տնտեսական մեկնաբանը պնդում է, որ այդ շենքը պետք է վաճառել ու անպայման մասնավորին։ Պաշտոնական թվերով դրա վրա ծախսված 16 միլիարդ դրամի մի մասն էլ ուղղել նոր վարժարանի կառուցմանը։

Գևորգյանի կարծիքով, այն պետք է գնեն նրանք, ովքեր հարկատուների հաշվին նման ճոխ շինարարություն արեցին․ - «Խոսքը մի հինգ-վեց պաշտոնյաների մասին է, որոնք իրենց գրպանից պիտի գնեն այդ օբյեկտը»:

Կենտրոնի կառուցուման նախաձեռնողներից մեկը Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն էր։ Գևորգյան նկատում է, որ եթե արդեն կա ուսումնական կենտրոնը Պաշտպանության նախարարությանը հանձնելու քաղաքական որոշումը, ապա դա կլինի ամենաանարդյունավետ տարբերակը․ - «Ինչպե՞ս եք պատկերացնում քառասուն միլիոն դոլարանոց զորանոցը ինքն իրան փոխհատուցի: Զորանոցը ծախսեր պահանջող բան է, ծախսեր վերադարձնող չի»:

«Մինչ այս նմանատիպ կամ որոշակիորեն համեմատելի որևէ նման կառույց մենք ստացել ենք, հաստատ մեր պետությունում գոյություն ունեցող մեկ այլ կառույցից ավելի լավ ենք կարողացել դրանք պահե՛լ էլ, սպասարկե՛լ էլ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարից հետաքրքրվում ենք՝ այդ դեպքում ի՞նչ է լինելու ներսում գտնվող թանկարժեք գույքի հետ։ Օրինակ, շենքի դռների բռնակները գնվել են 200 դոլարով, սանհանգույցներում տեղադրված հայելիները՝ 500 դոլարով, մոխրամաններից յուրաքանչյուրը՝ 100-ականով։ Արդյո՞ք այս ու մյուս իրերը շենքի հետ միասին փոխանցվելու են վարժարանին։ Հովհաննիսյանի պատասխանը․ - «Մենք ինչ ենք անելու թանկ սպասքը․․․ Մեզ պետք չի նման բաները: Այն, ինչը որ մեր գործառույթներին պետք չի, միանշանակ Պաշտպանության նախարարությունը չի վերցնի»:

Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ շենքը դեռ պետք է վերահարմարեցվի ռազմական վարժարանի պահաջներին։ Հետաքրքրվում ենք՝ իսկ ո՞վ է հոգալու այդ ծախսերը, որտեղի՞ց են տրամադրվելու լրացուցիչ ֆինանսական միջոցները։ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը նշում է՝ քանի դեռ չկա վերջնական որոշում, այդ հարցերին պատասխանել չի կարող։

XS
SM
MD
LG