Մատչելիության հղումներ

Թուրքիայի մեջլիսում ավարտվեց սահմանադրական փաթեթի քննարկման առաջին փուլը


Թուրքիայի մեջլիսի նիստում, արխիվ

Թուրքիայի մեջլիսի նիստում, արխիվ

Անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանականները հաջորդաբար քննարկեցին և քվեարկեցին 18 կետ, որոնք բոլորն էլ ընդունվեցին՝ ստանալով 330-ից ավելի ձայներ։ Առաջիկա հանրաքվեի ժամանակ քաղաքացիների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում՝ Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի:

Մեջլիսի նիստերը բուռն ընթացք ունեցան՝ ուղեկցվելով սուր բանավեճերով, անգամ ծեծկռտուքներով։ Երկրի նախագահի լիազորություններն էականորեն ընդլայնող սահմանադրական առաջարկին կտրականապես դեմ հանդես եկող ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և բարեփոխումները հեղինակած՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների պատգամավորները նիստերից մեկի ժամանակ ձեռնամարտի բռնվեցին՝ միառժամանակ խափանելով մեջլիսի աշխատանքը։

Սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման երկրորդ փուլը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի, այն քվեարկության կդրվի շաբաթվա վերջին։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու նաև երկրորդ փուլի քվեարկությանը՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով նոյեմբերին կուսակցության 11 անդամների ձերբակալության կապակցությամբ։

Եթե երկրորդ փուլում ևս սահմանադրական բարեփոխումների նախագիծը ստանա 330 «այո»՝ այն կներկայացվի Թուրքիայի նախագահի հաստատմանը, որից հետո էլ հանրաքվեի կդրվի։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ապրիլի սկզբին։ Հանրաքվեի ժամանակ քաղաքացիների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում՝ Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի, որը, ըստ Քուրթուլմուշի, ավելի ազդեցիկ կառավարման մոդել է։

Նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական և ընտրվելու է 5 տարի ժամկետով։ Նա նշանակելու է մեկ կամ մեկից ավելի փոխնախագահներ։ Խորհրդարանական ընտրությունները ևս 5 տարին մեկ են անցկացվելու՝ նախագահական ընտրությունների հետ միևնույն օրը։ Խորհրդարանականների թիվն ավելանալու է՝ հասնելով 600-ի։

Եթե Թուրքիայի խորհրդարանի քվեարկությանը ներկայացված սահմանադրական փոփոխությունների առաջարկն, այնուամենայնիվ, չընդունվի, ապա առաջիկա մեկ տարվա ընթացքում այն չի կարող կրկին ընդգրկվել մեջլիսի օրակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG