Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի ստեղծած խորհուրդը փորձելու է միջազգային բիզնեսի համար գրավիչ դարձնել Հայաստանը


Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ, փոխանցում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաև ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը: Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու»,- խորհրդակցության ժամանակ իր խոսքում ասել է նախագահը:

Հիշեցնելով, որ նոյեմբերի 30-ին ինքը վավերացրել է ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, համաձայն որի` Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր և երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները, Սարգսյանն ասել է՝ «Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016թ. նոյեմբերի 26-ին իմ հրամանագրով ստեղծվել է այս խորհուրդը, և ձեր մշակած ծրագրի հիմնադրույթները հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

«Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անց է կացնում իր առաջին լիարժեք նիստը: Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են: Ուղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը և, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի և, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը և Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց և ընկերությունների համար: Ես վստահ եմ, որ այստեղ նաև մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին:

Բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ»:

Պաշտոնական հաղորդագրությունը նաև տեղեկացնում է, որ նախագահի հրամանագրի համաձայն, եռամսյա պարբերականությամբ «ՀՀ Նախագահին հաշվետվություն կներկայացվի «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG