Մատչելիության հղումներ

Ջո Բայդենն Արևմուտքին մի վերջին կոչ է հղում՝ ուժի մեջ թողնել Կրեմլի հանդեպ պատժամիջոցները


Ջո Բայդեն և Պետրո Պորոշենկո, Կիև, 16-ը հունվարի, 2017 թ․
Ջո Բայդեն և Պետրո Պորոշենկո, Կիև, 16-ը հունվարի, 2017 թ․

Որպես իր վերջին արտասահմանյան ուղևորության նպատակավայր՝ Կիևն ընտրած ԱՄՆ-ի փոխնախագահն այսօր նաև հայտարարել է, թե հարկ է շարունակել՝ քայլեր ձեռնարկել՝ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու համար: «Միջազգային հանրությունը պետք է դիմակայի ռուսական ագրեսիային»,- ասել է դեռևս գործող փոխնախագահը:

Լիազորությունների ավարտից երեք օր առաջ՝ այսօր, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ժամանեց Կիև, Արևմուտքին մի վերջին անգամ կոչ անելու՝ ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու քայլեր ձեռնարկել՝ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու համար: «Միջազգային հանրությունը պետք է դիմակայի ռուսական ագրեսիային»,-Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է Բայդենը:

«Ուկրաինան, ինչպես և Եվրոպայի ցանկացած այլ պետություն, իր սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի, մինչդեռ Ռուսաստանը փորձում է մերժել այդ ընտրությունը: Ռուսական ագրեսիայի ու բռնության հարցում միջազգային հանրությունը պետք է շարունակի միասնական լինել: Պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ, քանի դեռ Ռուսաստանը լիովին, ընդգծում եմ՝ լիովին չի կատարել Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և Ուկրաինայի ժողովրդին չի վերադարձրել Ղրիմի վերահսկողությունը»,- Կիևում հայտարարեց ԱՄՆ-ի փոխնախագահը:

Օբամայի վարչակազմում տարիներ շարունակ ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունները համակարգելուց հետո Բայդենը հենց այս երկիրն էր ընտրել՝ որպես իր արտասահմանյան այցերի վերջին կանգառ: «Հորդորում եմ, շարունակեք պայքարը հանուն ժողովրդավարության ու օրենքի գերիշխանության, հետաքննեք ու պատժեք այն պաշտոնյաներին, որոնք օգտագործում են բյուջեի միջոցները՝ սեփական գրպանը հարստացնելու համար»,- դիմելով Ուկրաինայի ժողովրդին ու իշխանություններին՝ այսօր նաև պատգամեց Ջո Բայդենը:

«Վերջին տարիներին Կրեմլը հարևանների ու այլ երկրների հետ հարաբերվելիս գործի է դնում նոր գործիք՝ կոռուպցիան, փորձելով դրա միջոցով Ուկրաինան դարձնել խոցելի ու կախյալ: Այդ պատճառով, հորդորում եմ՝ առաջ տարեք բարեփոխումները՝ կոռուպցիան արմատախիլ անելու համար: Դա սոսկ լավ կառավարման հարց չէ, այլ ազգային անվտանգության»,- ասաց Բայդենը:

Նախագահ Պետրո Պորոշենկոն էլ վստահեցրեց՝ Ուկրաինան չի ընկրկի Ռուսաստանի առջև և երբեք չի համաձայնի Կրեմլի վասալը դառնալ: «Մենք կառուցում ենք նոր Ուկրաինա, որը միևնույն արժեքներն է կիսում ԱՄՆ-ի հետ և հանձնառու է միևնույն ազատությունների ապահովմանը»,- հայտարարեց Պորոշենկոն՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ևս ԱՄՆ-ի աջակցությունը չի նվազի: Վերջին տարիներին Ուկրաինան Վաշինգտոնից ավելի քան 3 միլիարդ դոլարի աջակցություն է ստացել:

«Երեք տարի է, ինչ Ռուսաստանն իսկական պատերազմ է սանձազերծել մեր պետության դեմ, և այդ պատերազմը դեռ շարունակվում է: Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան Մոսկվայի միակ թշնամին չէ: Կրեմլի համար անցանկալի են բոլոր այն երկրները, որոնք ժողովրդավարական արժեքներ են դավանում: Այդ իսկ պատճառով, Ուկրաինայի պաշտպանությունն այսօր ազատ աշխարհի ու արժեքների պաշտպանություն է նշանակում»,- նաև հայտարարեց Պորոշենկոն:

Անցած շաբաթ, պաշտոնավարումն ավարտելուց մի քանի օր առաջ, նախագահ Բարաք Օբաման երկարաձգել էր Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահամանված պատժամիջոցները: Այդ որոշումից ժամեր անց, սակայն, ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե նշված պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնության գան միջուկային զենքի կրճատման շուրջ:

«Կմնա՞ արդյոք Ուկրաինան գերակայություն՝ Թրամփի վարչակազմի համար»,- այսօր Կիևում լրագրողների հնչեցրած այս հարցին ԱՄՆ-ի դեռևս գործող փոխնախագահ Ջո Բայդենը բավական զուսպ արձագանքեց՝ «Հույսը վերջինն է մահանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG