Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը միջազգային հանրությունից պահանջում է արձագանքել զինվորի զոհվելու փաստին


Շփման գծի հյուսիսային հատված, արխիվ

Շփման գծի հյուսիսային հատված, արխիվ

Կեսգիշերին մոտ Երևանի զինվորական հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Արտաշեսի Վարդանյանը, հաղորդում է ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունը։

20-ամյա զինծառայողը վիրավորվել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելիս․ հակառակորդի դիպուկահարի գնդակը խոցել էր նրա դեմքը: Միջադեպի օրը Վարդանյանն ուղաթիռով տեղափոխվել էր Երևան։ Գարիկ Վարդանյանը վաղը պետք է զորացրվեր։

Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ արձագանքել կատարվածին։ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով, նմանատիպ միջադեպերը կանխելու նպատակով օր առաջ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները։

«Պետք է ավելի կոշտ արձագանք լինի, ավելի հասցեական լինի միջազգային հանրության հայտարարությունը, որովհետև, ի վերջո, յուրաքանչյուր կորուստ անդառնալի է թե՛ ազգի համար, թե՛ բանակի, և թե՛ հատկապես զոհվածի հարազատների ու բարեկամների համար։ Ինչքան շուտ կյանքի կոչվեն այդ հետաքննության մեխանիզմները և միջոցառումները, կարողանան մշակվել ու գործի դրվել, այնքան ավելի քիչ զոհեր կլինեն, այնքան ավելի կայուն կլինի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- «Ազատությանն» ասաց Բաբայանը:

Երեկ զինծառայողի զոհվելու մասին հաղորդագրություն էր տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ Ֆիկրետ Բաշիրովը զոհվել է հայկական զինուժի արձակած կրակոցից։ Դավիթ Բաբայանի պնդմամբ, մինչդեռ, ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Երբ որ Ադրբեջանը պնդում է, դա էլ է քաղաքականություն: Փաստորեն, դրանով նա պարտադրում է միջազգային հանրությանը՝ անել, այսպես կոչված, հավասարակշռված և անհասցե հայտարարություններ։ Սրանով, փաստորեն, ծուղակի մեջ է դնվում նաև համանախագահող միջնորդ երկրներին, որովհետև նրանք ստիպված պետք է բոլոր կողմերի հայտարարություններն ի մի բերեն, և դա արվում է միտումնավոր Բաքվի կողմից, որպեսզի անհասցե և ոչ ճիշտ հայտարարություններ հնչեցվեն»,- նշում է ԼՂ նախագահի խոսնակը:

ԼՂ պաշտպանության բանակը տեղեկացնում է,որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր: Առավելապես արկակոծման են ենթարկվել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանը 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների, նշվում է հաղորդագրությունում:

«Բարեբախտաբար, մենք զոհեր կամ վիրավորներ չունենք։ Հակառակորդը ճիշտ է՝ մի քիչ ավելի շատ է խախտել զինադադարի ռեժիմը, բայց դա տարօրինակ չէ, առավել ևս՝ սա սպասելի էր, որովհետև հունվարը տոնական և նախատոնական ամիս է։ Դրա հետ զուգահեռ փորձում են ազդել նաև մեր բարոյահոգեբանական արժեհամակարգի վրա, կեղծ լուրեր հաղորդելով մեր զոհերի մասին, որպեսզի ժողովրդի մոտ վհատություն առաջանա»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

ԼՂ ՊԲ-ի փոխանցմամբ, առաջնագծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հավելում է՝ «հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ»:

XS
SM
MD
LG