Մատչելիության հղումներ

«Տարածքային ցուցակները կարող են մեծացնել վարչական ռեսուրսի չարաշահման և քվեների գնման հավանականությունը»


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը բարձրաձայնում է Հայաստանի նոր ընտրական համակարգին առնչվող մտահոգությունները:

Հայաստանում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակած զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բարձրաձայնում է տարածքային ցուցակների շուրջ հնչեցված մտահոգությունները: «Կարիքների գնահատման առաքելություն» կոչվող զեկույցում, մասնավորապես, նշվում է, թե «նոր ընտրական համակարգը բարդացված է»:

«Մեր մի շարք զրուցակիցներ քննադատում են ընտրական համակարգի բարդությունը, համարելով, որ այն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից: Որոշ ընդդիմադիր կուսակցություններ և քաղհասարակության ներկայացուցիչներ իրենց անհանգստությունն են հայտնել, որ տարածքային (առավելապես հայտնի է՝ ռեյտինգային անվանմամբ) ցուցակները կարող են մեծացնել վարչական ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև ընտրողների ձայների գնման հնարավորությունը»,- նշում են զեկույցի հեղինակները, մանրամասնելով՝ փոփոխված ընտրական օրենսգրքով 101 պատգամավորական տեղերի համար թեկնածուները մասնակցելու են ոչ միայն համապետական, այլև 13 ընտրատարածքների վրա բաշխված տարածքային ցուցակներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայն չէ այս դիտարկման հետ: Նրա ընդգծմամբ, ընտրական գործընթացի մասնակիցները լիակատար վերահսկողություն իրականացանելու իրավասություններ ունեն, ինչն ուղղված է ցանկացած բնույթի իրավախախտումը կանխելուն: «Ինքնին, որևէ ընտրական համակարգ չի կարող այս կամ այն կերպ նպաստել այս կամ այն երևույթին»,- «Ազատության» հետ զրույցում նկատեց ԿԸՀ-ի ղեկավարը:

Քվեաթերթիկի մի կողմում ներկայացվելու է կուսակցության անվանումը, մյուս կողմում՝ տարածքային համակարգով մասնակցող թեկանծուների բաց ցուցակը: Ընտրողը կարող է ընտրել ինչպես կուսակցությունը, այնպես էլ ընտրություն կատարել տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուների միջև: Ընդ որում՝ տարածքային ցուցակով առաջադրվածները ներառվելու են նաև կուսակցությունների համամասնական ցուցակներում:

Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտարկմանը, թե նոր ընտրական համակարգը բարդացված է, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց՝ իհարկե, նախորդ ընտրական օրենսգրքի համեմատությամբ, կան տարբերություններ, բայց դրանք խառնշփոթ չեն առաջացնի: «Գլխավոր խնդիրն ընտրողին իրազեկելն է»,- ասաց Տիգրան Մուկուչյանն ու շարունակեց՝

«Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ընտրողը կարող է ընտրել միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկի քվեաթերթիկը: Եվ եթե այդ քվեաթերթիկի հակառակ կողմում նա նշում չի կատարում, դա համարվում է քվե, որն ընտրողը տվել է տվյալ կուսակցությանը: Կարծում եմ՝ սա խառնաշփոթ չի առաջացնի: Ես նորից եմ նշում՝ այստեղ կարևորագույն խնդիրը ընտրական գործընթացի մասնակիցների իրազեկ լինելն ապահովելն է»:

Զեկույցը նաև հիշեցնում է՝ կուսակցությունները խորհրդարանում հայտնվելու համար պետք է հաղթահարեն ընտրական շեմի 5, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը: Մրցակիցների միջև տեղերը նախ բաշխվելու են կուսակցությունների համամասնական ցուցակների ստացած ձայների հիման վրա: Մնացած տեղերը կբաշխվեն տարածքային ցուցակներում ներառված հաղթած թեկանածուների միջև: Այն թեկնածուները, որոնք կընտրվեն տարածքային ցուցակով, դուրս կգան կուսակցության համամասնական ցուցակից։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցն անդրադառնում է նաև Սահամանադրությամբ ամրագրված՝ խորհրդարանական կայուն մեծամասնության մասին դրույթին, ըստ որի, կառավարություն ձևավորվելու համար անհրաժեշտ է 54 տոկոս ձայն հավաքել: Եթե որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի չի հաջողվում կայուն մեծամասնություն ապահովել, ապա 6-օրյա ժամկետում պետք է կոալիցիոն կառավարություն ձևավորի: Այն դեպքում, երբ քաղաքական ուժը կամ դաշինքը պարզ մեծամասնություն են ձևավորել, սակայն, չեն հավաքել անհրաժեշտ 54 տոկոսը, ապա այդ ուժին կամ դաշինքին կտրվեն լրացուցիչ տեղեր՝ անհրաժեշտ կայուն մեծամասնությունը ձևավորելու համար :

ԵԱՀԿ- ԺՀՄիԳ-ն իր զեկույցում անդրադառնում է նաև ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը, ընդգծելով, որ իրենց զրուցակիցները սա դիտակում են որպես վստահության ամրապնդման արժեքավոր միջոց ու հնարավոր կեղծիքները կանխող գործիք: «Ամեն դեպքում, մի շարք զրուցակիցներ անհանգստություն են հայտնում հրապարակված ցուցակների մասին միտումնավոր կերպով ոչ ճիշտ տեղեկություն տարածողներին քրեական պատասխանատվության ենթարկելու դրույթի շուրջ, ընդգծելով, որ դա նվազեցնում է ցուցակների հրապարկման արդյունավետությունը»,- նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելություն» անվանված զեկույցում:

Կառավարության ներկայացուցիչները, մինչդեռ, այդ պատժամիջոցն անհրաժեշտ են համարում, որպեսզի կանխվեն կեղծ տեղեկություններ պարունակող համատարած հայտարարությունները, որոնք կարող են խոչընդոտել ընտրությունների արդյունքների ամփոփումը:

Զեկույցն անդրադառնում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը պատասխանատու է ընտրական ողջ գործընթացի համար: Հիշեցնելով, որ հանձնաժողովն ընտրվում է խորհրդարանի անդամենրի 3/5-ի կողմից, 6 տարի ժամկետով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի հեղինակներն ընդգծում են հանգամանքը, որ ԿԸՀ-ի բոլոր նախկին անդամները վերընտրվել են 2016-ի հոկտեմբերին: «Այդ հանգամանքը որոշ ընդդիմադիր կուսակցությունների և քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում անհանգստություն է առաջացրել՝ կապված ԿԸՀ-ի անկախության հետ»,- արձանագրում է զեկույցը: Տիգրան Մուկուչյանը հակադարձում է՝ ԿԸՀ անդամների հարցը քննարկվել, ապա և քվեարկվել է խորհրդարանում:

«Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված անվստահությունը, որովհետև հղումը կատարվում է տարբեր մասնակիցների, որոնց հետ վերջիններս հանդիպել են և որոնցից տեսակետներ են լսել: Կարող են դրանք ամենատարբեր լինել՝ կախված այն հանգամանքից, թե հատկապես իրենց որ զրուցակիցն է նման տեսակետ հայտնել»,- հավելեց ԿԸՀ-ի ղեկավարը:

ԵԱՀԿ/ժՀՄԻԳ-ն իր զեկույցում նաև խորհուրդ է տալիս, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները դիտարկվեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության 24 երկարաժամկետ, իսկ բուն ընտրությունների օրը՝ 250 կարճաժամկետ դիտորդների կողմից, իհարկե՝ Հայստանի իշխանությունների պաշտոնական հրավերի պարագայում:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք կլինի նման հրավեր, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց՝ «Ամեն ինչի մասին ժամանակին կհրապարակվի: Սա նախնական գնահատող խումբ է: Ենթադրվում է, որ եթե նախնական գնահատումն իրականացվել է, հետևաբար, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը կլինի, և նրանք, ինչպես միշտ, կլինեն նաև տեղամասային կենտրոններում ու կիրականացնեն իրենց դիտորդական առաքելությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG