Մատչելիության հղումներ

Գյումրիում այս տարի աննախադեպ ցուրտ եղանակ էր դեկտեմբեր ամսին, երբ ջերմաստիճանը -25-30 էր: Ցուրտ եղանակը հատկապես զգում են տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքները:

«Մեկ էլ նման ցուրտ էղել էր 2002 թվին: Ջուրը լրիվ սառել էր», - հիշում են տնակների բնակիչները:

Վառում են այն ամենը՝ ինչ այրվում է՝ պլաստիկ տարրաներ, անվադող, կոշկ, ստվարաթղթե արկղեր, ծառի ճյուղեր, աթար, ոմանք, ովքեր հնարավորություն ունեն, խնայողաբար ջեռուցում են տնակները էլեկտրաէներգիայով: Տնակները հիմնականում գազաֆիկացված չեն: Ձմռան համար այրման ենթակա իրերի հավաքումը սկսվում է հենց ջեռուցման սեզոնի ավարտին, որը Գյումրիում տևում է 6 ամիս:

«Սպես ցուրտ չի էղել հեչ մե տարիմ, ահավոր էր», - ասում էին մեր զրուցակիցները:

Տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին վառլեփայտ է տրամադրում «Շիրակ» կենտրոնը՝ հիմնականում ամերիկահայ բարերարների տրամադրած միջոցներով: Կենտրոնն արդեն 1200 ընտանիքի վառելափայտ է տրամադրել: Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ այս տարի մի մտահոգիչ երևույթ է արձանագրել. նոր ընտանիքներ են դիմում իրենց: Նրանք նախորդ տարիներին հնարավորություն ունեցել են հոգալու իրենց վառելիքի խնդիրը, իսկ այս տարի ոչ:

«Այնպիսի մարդիկ են զանգահարում, լալիս, իրենց տան կահույքը վառելու մասին հայտնում, որ նախորդ տարիներին որևէ խնդիր չունեին հաստատ: Այսինքն՝ աղքատության թիվը ավելանում է նաև գլխի ճարը մի կերպ տեսնող մարդկանց հաշվին», - ասում է Թումասյանը:

Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ ու նաև ամենացուրտ մարզն է։ Այստեղ տնակներում դեռ 3000-ից ավելի ընտանիք է բնակվում։

XS
SM
MD
LG