Մատչելիության հղումներ

Տնտեսագետները վարչապետի գործունեությունը գնահատում են առաջիկա ընտրությունների համատեքստում


Այն որ վարչապետ Կարեն Կարապետյանը 100 օր առաջ էլ էր դժգոհ տնտեսության վիճակից, այսօր էլ, բնական է։ Վերջին ամիսների ընթացքում գրեթե ոչինչ չի արվել նոր ձեռքբերումներ ունենալու համար, և եթե դրանք լինեին, առաջինը հենց ինքը՝ վարչապետը կմատնանշեր, ասում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։

Անդրադառնալով գործադիրի ղեկավարի երեկվա ամփոփիչ ասուլիսի այն հայտարարությանը, որ այսօր էլ տնտեսությունը ծանր վիճակում է, Եղիզարյանը նշում է՝ Հայաստանը իր ինքնիշխանության զգալի հատվածը հանձնել է Ռուսաստանին, հետևաբար վարչապետը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս պարագայում հնարավոր չէ հասնել հաջողությունների, առաջընթացի ու զարգացման․ - «Մենք նույնը կարող ենք ասել 3 ամիս հետո, որովհետև եթե չկա զարգացում, եթե վատթարանում են սոցիալ-տնտեսական ցուցանիշները, բացասական միտումները շարունակվում են, չկա որևէ դրական գործոն դրական ազդեցության առումով, դա նշանակում է, որ վիճակը ամեն օր կվատանա»:

Տնտեսագետը շեշտում է՝ տնտեսության խոցելիությունը ևս մեկ անգամ դրսևորվեց, երբ երեկ Կարապետյանը չբացառեց, որ իր վարչապետ լինելու փաստն ազդել է գազն էժանացնելու որոշման վրա։ Աշոտ Եղիազարյանի համոզմամբ՝ «Գազպրոմի» սահմանած գները, չեն ձևավորվել մրցակցային շուկայական պայմաններում, դրանք քաղաքական գներ են։

«Դրանք քաղաքական են, և կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Դա նորմալ չէ: Նորմալ կլիներ, որ բազմազանեցված լիներ մեր այդ ռեսուրսների ձեռքբերումը, նորմալ կլիներ, որ մեր ենթակառուցվածքները այնքան զարգացած լինեին, որ կարողանայինք տարբեր աղբյուրներից ձեռք բերել թե՛ գազը, թե՛ նավթամթերքը», - ասում է նա:

Տնտեսագետը նկատում է՝ չի բացառվում, որ գները ընտրություններից հետո կրկին բարձրանան։

Գործատուների միության նախագահն էլ հավելում է՝ շատ կարևոր է, թե ինչպիսին կլինեն առաջիկա ընտրությունների արդյունքները: Դրանք ուղղակիորեն փոխկապակցված են տնտեսության հետագա զարգացման հետ։ Գագիկ Մակարյանը նշում է՝ եթե կրկին պետք է որոշ օլիգարխներ, հանցագործ աշխարհի հեղինակություններ այդ օրերին ծառայություն մատուցեն ու հետո էլ փոխհատուցում պահանջեն, ապա մենաշնորհների դեմ պայքարը շատ կդժվարանա։

«Ինչո՞ւ է մեր մոտ մենաշնորհներ: Որովհետև նրանք ինչ-որ ֆունկցիաներ են իրականացրել նախկինում, և այդ կատարած ծառայությունների դիմաց արհեստականորեն արտոնություններ են ստացել», - բացատրում է Մակարյանը:

Այն, որ մենաշնորհների սեփականատերերը ներգրավված են ընտրական գործընթացում ու դրանց նախաշեմին կառավարությունը կոշտ քայլերի չի գնա՝ համոզված է նաև տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ միայն կարվեն որոշակի մակերեսային քայլեր, առանց արմատական փոփոխությունների․ - «Թեկուզ՝ փիառի, կամ հասարակության աչքերում այդպիսին լինելու, կամ շուկայում չնչին մասնաբաժինների տեսանկյունից քայլեր կարվեն, բայց արմատական փոփոխություններ առաջիկա երեք ամիսներին, հատկապես՝ մինչև ընտրությունները տեղի չեն ունենա»:

Երեկ լրատվամիջոցները վարչապետից հետաքրքրվեցին, արդյո՞ք հայտնաբերվեց այն անձը, որն ըստ ՊԵԿ-ի՝ խոչընդոտել էր բանանի նոր ներկրողին։ Ի պատասխան Կարապետյանը արձագանքեց, թե ինքը չգիտի՝ կրե՞լ է այդ մարդը պատիժը, թե ոչ և որ իր համար դա կարևոր հարց չէ։ Նա նաև ասաց՝ ունե՞ք օրինակ, բերեք ինձ ասեք, «բայց ինձ միլիցա մի՛ սարքեք»:

Գործադիրի ղեկավարի այս արտահայտությունը, ըստ Վիլեն Խաչատրյանի, նախազգուշացնող է․ - «Սա նաև նախադեպ է հանդիսանում, որ ստիպում է նաև մյուսներին մտավախություն ունենալ, որ ներմուծման պարագայում հնարավոր է, որ խնդիրներ ունենա»:

Գործատուների միության նախագահն էլ ասում է՝ կառավարությունը իր ծրագրում զարգացման նոր միտումներ է նշել, արդեն իսկ որոշակի փոփոխությունների հիմք դրել, բայց մենաշնորհների դեմ կարող է պայքարել միայն 50-70 տոկոսով։ Գագիկ Մակարյանը պնդում է՝ դրանից ավելին վեր է վարչապետի ուժերից․ - «Ավելը արդեն գնում է այլ դաշտ: Այդ համագործակցությունը և պայքարը պետք է լինեն նախագահի և իշխող կուսակցության՝ Հանրապետականի հետ համատեղ: Միայն կառավարությամբ դա չի լինի»:

Ըստ Մակարյանի՝ գլխավոր խնդիրը, որտեղ նոր կառավարությունը դանդաղում է, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է։ Թեև 100 օրվա ամփոփիչ հաշվետվության մեջ մի քանի էջ էր նվիրված դրա ախտորոշմանը, պայքարի մեթոդներին, նաև օրենսդրական փոփոխություններին, սակայն փորձագետի գնահատմամբ՝ այստեղ ավելի սուր ու մասշտաբային գործելաոճ է հարկավոր․ - «Կարեն Կարապետյանը հիմա դեռ մի քիչ զգուշավոր է այս հարցում, որովհետև ինքը կարող է իր էներգիան, ռեսուրսները, նաև իր ժամանակի կարճությունը՝ ուղղում է այնպիսի խնդիրների իրականացնելուն, որ շատ մեծ կոնֆլիկտներ ու հակադրություններ չառաջանան ընտրությունների նախաշեմին: Իմ կարծիքով ինքը ավելի համարձակ ու ձեռքները ազատ կգործի ընտրություններից հետո»:

Այս հարցում Մակարյանը նկատում է, եթե իհարկե, հետագայում վարչապետը շարունակի պաշտոնավարել։ Երեկ ինքը՝ Կարապետյանն էլ հաստատեց, որ եթե հնարավորություն չունենա, 2018 թվականից հետո վարչապետ չի լինի:

XS
SM
MD
LG