Մատչելիության հղումներ

Քաղաքացին ԿԲ-ի դեմ բողոքով դիմել է իրավապահներին


Սամվել Սահակյանը Կենտրոնական բանկին մեղադրում է իր անձնական կյանքին առնչվող տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու մեջ։

Ըստ Սահակյանի՝ ինքը և կինը Կենտրանական բանկ են տարել իրենց ազգական բիզնես գործունեությանն առնչվող նամակ՝ ԱՄՆ-ում գտնվող ազգականի խնդրանքով, ապա բանկի ներսում արված մի քանի լուսանկարներ փոխանցվել են «Ֆիկո» վարկային կազմակերպությանը։

«Չորս օր անց ստացա հեռախոսազանգ մի մարդուց, որը ներկայացավ՝ Հայկ «Ֆիկո» վարկային կազմակերպությունից, և առաջարկեց հանդիպենք, որ քննարկենք ինչ-որ փաստաթղթեր: Հարցրեցի՝ ի՞նչ փաստաթղթեր: Թե՝ կգաս, կտենաս: Հետո առաջարկեցի, որ ուղարկեն ինձ: Վայբեր արեց լուսանկարներ, որտեղ ակնհայտ երևում է, որ լուսանկարները արված են տեսախցիկներից, որոնք տեղակայված են Կենտրոնական բանկի ներսում, և այնտեղ պատկերված ենք ես և կինս», - պատմեց Սահակյանը:

Նրա խոսքով, պատմությունը երկար նախաբան ունի։ Իր կնոջ՝ այժմ ԱՄՆ-ում գտնվող մայրը ժամանակին եղել է «Ֆիկո»֊ի համահիմնադիրներից և բաժնետերերից մեկը, ապա կորցրել է բաժնեմասերը, հիմա էլ տարաձայնություններ ունի այդ ընկերության հետ։

Սամվել Սահակյանը պնդում է, որ կազմակերպության ներկայացուցիչները նախկինում սպառնացել են իր կնոջ մորը, հետևաբար ինքը սպառնալիք է նկատել «Ֆիկո»-ից ստացված հեռախոսազանգ-հանդիպման հրավերում․ - «Ես ահաբեկված էի, որովհետև եթե մարդը տենց հնարավորություններ ունի, որ քո մասին տվյալներ է հավաքում ստեղից-ընդեղից, կարողանում ա նույնիսկ Կենտրոնական բանկից հանել քո մասին ֆոտոներ, Աստված գիտի էլ ինչ կա մոտը»:

Կենտրոնական բանկը իր բացատրությունն ունի․ լրատվության բաժնից խնդրեցին օգտվել «Հետք» պարբեականին արդեն տրված մեկնաբանություններից՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունեն։

Ըստ այդմ, բանկը կասկածներ է ունեցել, որ Սահակյանը և իր կինը դեկտեմբերի 16-ին կեղծված նամակ են հանձնել իրենց: Հետևաբար հրավիրել են «Ֆիկո»-ի ներկայացուցչին՝ պարզաբանումներ ստանալու: Միևնույն ժամանակ տրամադրել են կադրերը` հորդորելով պարզել, թե ով է իրականում կազմակերպության անունից Կենտրոնական բանկ նամակ մուտքագրել:

Իսկ դեկտեմբերի 21-ին ԿԲ-ն պաշտոնապես դիմել է իրավապահներին փաստաթղթերի կեղծման կասկածանքով:

Սամվել Սահակյանը հակադարձում է՝ եթե բանկը կասկածներ ուներ, ինչո՞ւ չի դիմել իրավապահներին, այլ լուսանկարները տրամադրել է երրորդ կողմի․ - «Ես ամսի 16-ին, ըստ Կենտրոնական բանկի, տանում եմ Կենտրոնական բանկ կեղծ փաստաթուղթ: Կենտրոնական բանկը, երթադրենք, ամսի 17-ին ենթադրում է, որ սա կեղծ է, կանչում է «Ֆիկո»-ի տերերին, ասում ա՝ մի հատ գնացեք, էս մարդուն գտեք, պատժեք իրան, որ ինքը կեղծ փաստաթուղթ ա բերել: Ամսի 20-ին էդ մարդիկ զանգում են ինձ, փորձում են երևի կանչել ինչ-որ տեղ, իրանց հասկանալով՝ պատժել: Տեսնում են, չի ստացվում, դրանից հետո էլ երևի Ջավադյանը ասում ա՝ դե լավ, չստացվեց, ուրեմն կդիմենք ոստիկանություն: Նոր ամսի 21-ին իրանք մուտք են անում ոստիկանություն հայտարարություն, որ կեղծ փաստաթուղթ ա տարվել»:

Սամվել Սահակյանը կասկածներ ունի, թե վարկային այդ կազմակերպությունը ջերմ հարաբերություններ ունի Կենտրոնական բանկի հետ․ - «Իրանց մեջ այնպիսի փոխադարձ կապակցված խաղ կա, որ ես չեմ կարծում, որ սա կարող է լինել անշահախնդիր»:

Օրերս հայտարարությամբ է հանդես եկել վարկային կազմակերպությունը, որի ներկայացուցիչը չցանկացավ տեսախցիկի առկայությամբ զրուցել։

Ծավալուն հայտարարությունում նշվում է, որ ընկերության բաժնետերը ինքն է դիմել Կենտրոնական բանկին՝ պահանջելով տրամադրել ենթադրյալ կեղծ նամակի մուտքագրման վերաբերյալ տեղեկություններ։

«Այս ամբողջ պատմության մեջ մեր միակ սխալը եղել է այն, որ մենք, պարզելով նամակ մուտքագրողի ինքնությունը, դրա մասին փորձել ենք զրուցել վերջինիս հետ և ուղարկել ենք հրապարակված նկարները, ինչի համար հայցում ենք Կենտրոնական բանկի ներողամտությունը», - գրում է ընկերությունը։

Կենտրոնական բանկն իր հերթին իր մեկնաբանությունում նշում է, որ բանկի տարածքը
պետական պահպանության օբյեկտ է, և այնտեղ միշտ տարվում է տեսաձայնագրություն։

Սահակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հակադարձում է՝ բանկն իրավունք ուներ տեսանկարահանելու, բայց այդ լուսանկարները շրջանառելն արդեն Քրեական օրենսգրքի խախտում է․ - «Քո նկարահանածը պետական հիմնարկի ո՞նց ա հայտնվել քաղաքացու ձեռքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG