Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով տուժող ոստիկանի հայտարարությունները հակասեցին նախաքննական ցուցմունքին


Սարի թաղ, 29-ը հուլիսի, 2016 թ․

Սարի թաղ, 29-ը հուլիսի, 2016 թ․

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Կարեն Վանոյանն այսօրվա նիստին ասաց, որ իրականում «ոստիկաններն էին քաղաքացիներին գետնին գցել ու հարվածում»։

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սարի թաղի գործով հերթական դատական նիստը։ Թեև կողմերն առարկություն չունեին, սակայն, դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ տվեց նիստի միայն առաջին 10 րոպեները տեսանկարահանել։

Տուժող ճանաչված ոստիկան Դավիթ Սահակյանի նախաքննական ցուցմունքի համաձայն, Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ սարիթաղցիներն իրենց օրինական պահանջներին չեն ենթարկվել, հայհոյանքներ են հնչեցրել պետության ու ոստիկանների հասցեին, ապա քարերով հարվածել։

Քանի որ դատարանում ոստիկանի հայտարարությունները հիմնականում հակասում էին ավելի վաղ քննիչին պատմածին, միջնորդություն ներկայացվեց, որպեսզի տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակվի։ Մեղադրյալ Կարեն Վանոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը հարցրեց՝ ինչպե՞ս է որ ոստիկանը մի դեպքում ասում է՝ տեսել է թե ինչպես են սարիթաղցիները ձեռքերով ու ոտքերով հարվածում, մյուս դեպքում ասում, որ նման բան չի եղել։ Ավագ սերժանտ Սահակյանին հարվածելու մեջ մեղադրվող Կարեն Վանոյանն էլ ասաց, որ իրականում ոստիկաններն էին քաղաքացիներին գետնին գցել ու հարվածում։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որն այս գործով երեք սարիթաղցիների շահերն է պաշտպանում, նկատեց՝ գրեթե բոլոր ոստիկանների ցուցմունքների մեջ հակասություններ են եղել։ Թե այդ օրն իրականում ինչ է կատարվել, երևում է նաև տեսանյութում՝ ասաց Սիմոնյանը։

Հուլիսի 19-ի բախումից հետո ինը սարիթաղցի էր կալանավորվել։ Ամբաստանյալների պնդմամբ՝ իրենք փողոց էին դուրս եկել ոչ թե քաղաքական, այլ կենցաղային պահանջներով, քանի որ Երևանում իրենց հարակից ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին անջատված էր ջրամատակարարումը, գազամատակարարումը, հասարակական տրանսպորտն էլ չէր աշխատում: Սարիթաղցիները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG