Մատչելիության հղումներ

«Գթության խոհանոց»-ից նաև սիրիահայերն են օգտվում


Երևան, Գերմանական Կարմիր խաչի նախաձեռնած՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող բարեգործական խոհանոցը

Հալեպահայ Րաֆֆի Բժյանը Հայաստանում գերմանական Կարմիր խաչի նախաձեռնած՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող բարեգործական խոհանոցի այցելուներից է: Բժյանները Երևանում վարձով են ապրում։ Կահույքագործ երիտասարդը ցանկանում է գինի համտեսող (սոմելիեր) դառնալ՝ չմոռանալով նախկին արհեստը:

«Գթության խոհանոց»-ից գոհ է, ասում է՝ սիրում է այցելել այնպիսի վայրեր, որտեղ իրեն սպասում են։ «Ինձ համար ավելի կարևոր է մարդկանց հետ շփումը։ Եթե շփումդ նորմալ է, ամեն տեղ կդառնա ոսկի։ Այն տեղերը, որոնք ինձ համար հաճելի են, ես հաճախակի եմ գնում»,- «Ազատության» հետ զրույցում ասում է սիրիահայ երիտասարդը:

«Գթության խոհանոց»-ից այսօր Հայաստանում հաստատված 60-ից ավելի սիրիահայեր են օգտվում։ Ովքեր էլ չեն կարողանում գնալ այնտեղ, նրանց սնունդը տուն են ուղարկում։ Ասում են՝ իրենց ընտանիքների հոգսերն այդպիսով փոքր ինչ թեթևանում են։

«Ամենամեծ խնդիրը տան վարձն է, տան ապրանքների պակաս ևս կա, բայց օգնել են ինձ։ Բայց լավ է, հանդարտ քաղաք է», «Շատ դժվարությամբ ենք վճարում տան վարձը, սննդից կտրում ենք, որ տան վարձ տանք։ Այստեղ ոչ մի դժվարություն չկա, կյանք է, թանկ է, էժան է, պետք է ապրենք։ Ես այստեղ շատ սիրեցի, բայց տան հարցը պետք է լուծվի։ Դա խնդիր է բոլորիս համար», «Տան վարձ ենք տալիս, լույս, գազ, տակը բան չի մնում։ Ես չեմ կարողանում աշխատել, կինս էլ ոտք չունի»,- դժգոհում են բարեգործական խոհանոցից օգտվող սիրիահայերը:

Գերմանական Կարմիր խաչի երևանյան գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանն ասում է, թե սիրիահայերին իրենց ժպիտներից է ճանաչում՝ «Մենք այսօր 60-ից ավելի դիրիահայ շահառու ունենք։ Այս մարդկանց շատ հեշտ է տարբերակել մեր շահառուների շարքում։ Նրանք ժպիտով են ներս մտնում»:

Բացի սիրիահայերից, այս խոհանոցից օգտվում են շուրջ 700 մարդ։ Անհրաժեշտ միջոցները, գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ, հավաքվում են տարբեր բարեգործական աղբյուրներից, որոշակի գումար տրամադրում է նաև Երևանի քաղաքապետարանը:

«Երբ Էրեբունի շրջանում մենք 65 կտրոն տրամադրեցինք, որ մարդիկ գան սնունդ ստանալու, սոցիալական բաժնի պետն ասաց՝ լավ, էս 60 հոգուն տվեցինք, բա մնացած 2500 հոգուն ի՞նչ անենք։ Կարիք, այո, իսկապես շատ կա։ Մենք չենք կարող ամբողջ Հայաստանի կարիքը հոգալ, բայց արդեն 700 հոգու օժանդակություն ենք ցույց տալիս»,- ասում է Պողոսյանը: Ըստ նրա,շատերն այստեղ են գալիս ոչ միայն սնվելու, այլև միմյանց հետ շփվելու համար։

Սիրիահայ Րաֆֆին, ով ամենից շատ է գնահատում իրենց հանդեպ դրսևորվող ջերմ վերաբերմունքը, չի մոռանում նաև նկատած թերությունների մասին՝ «Ծառ չկա, որ կտրած ճյուղ չունենա։ Ամեն տեղ էլ կան լավություններ, վատություններ, բայց տեղեր կան, որ այդ լավությունների կողքին թերությունները չեն երևում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG