Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր, փոխանցում է ԱԱԾ-ն:

«Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան քաղաքում և մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։

Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:

Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) և առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար»,- մասնավորապես, նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG