Մատչելիության հղումներ

ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրենը մտադիր է գիրք գրել Տարոն Մարգարյանի մշակութային գործունեության մասին


Արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը:
Արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը:

««Երևան» գիտական հոդվածների ժողովածուում զետեղված Տարոն Մարգարյանի գործունեությանը նվիրված ավելի քան 10 էջանոց հոդվածը միանշանակ գիտական է, իսկ ովքեր այն ոչ գիտական են անվանում, հեռու են գիտությունից», - պնդում է հոդվածի հեղինակը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

Այս հոդվածը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում Երևանի քաղաքապետին ուղղված ձոն հիշեցնող մի քանի ընդգրկուն պարբերությունների պատճառով։

«Ասեմ Ձեզ, որ, այդ մասին Տարոն Մարգարյանն էլ տեղյակ չէ, գիրք եմ գրելու իր մշակութային գործունեության մասին: Ես դա անելու եմ, որովհետև մեր գիտության կարևորագույն խնդիրներից մեկն էլ մեր արվեստի երևույթները պատմականացնելն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու, նաև Հանրային խորհրդի անդամ Աննա Ասատրյանը «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» վերնագրված հոդվածում գրում է․ - «Տարոն Մարգարյանն իր պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին, տվյալ դեպքում` երևանցուն ծառայելու հնարավորություն»։

Մեկ այլ էջում շարունակում է․ - «Մարգարյանի անձնական միջամտությամբ 2013 թ. ապրիլին ՀՀ ԳԱ ակադեմիայի բակում տեղադրվեցին «Երևան» մակնիշի նստարաններ, իսկ վերջերս ասֆալտապատվեց ակադեմիայի բակային տարածքը»։

Հարցին, թե արդյոք նման բովանդակությամբ հոդվածը գիտական է, Ասատրյանն արձագանքեց․ - «Սա գիտական աշխատություն է»:

Մեկ այլ տեղ Ասատրյանը գրում է․ - «Կենսական տարբեր գործոններ ու հանգամանքներ (ընտանեկան ճիշտ ու հիմնարար դաստիարակություն, առողջ ու ուսանելի կենսափորձ, բնատուր բարություն ու լավատեսական խառնվածք և այլն) Տ. Մարգարյանի մեջ ձևավորել են մարդկային բնավորության այնպիսի առաքինի գծեր, ինչպիսիք են հայրենասիրությունը, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումը, ազնվությունն ու հավատարմությունը»:

«Ի՞նչն է այդտեղ, որ ճիշտ չէ», - հակադարձեց հեղինակը՝ շարունակելով․ - «Եթե խոսում ես մարդու մասին, բնականաբար, նրա մարդկային նկարագիրը դու պիտի տաս: Դա անխուսափելի է: Ու եթե ինչ-որ մարդիկ ասում են ուրիշ բան, որ եթե ես սուտ բան գրած լինեի, և եթե ինքը չար մարդ է, ինքը երեխաների համար լավ բան չի անի: Եվ իր գործունեության հիմքում մարդու նկարագիրն է, մարդու կերպարն է»:

Երևանի ավագանու անդամը, ով պատրաստվում է Տարոն Մարգարյանի մշակութային գործունեության մասին գիրք գրել, իր հեղինակած հոդվածը անցյալ տարեվերջին ներկայացրել է նաև գիտաժողովի ընթացքում, որին ներկա մի քանի գիտնականններ «Ազատության» հետ զրույցում չտեսագրվելու պայմանով նշեցին, որ Ասատրյանի զեկույցի ընթացքում զարմացած հայացքներ են փոխանակել, որովհետև նա այդ ամբիոնը ևս օգտագործել է Երևանի քաղաքապետի հասցեին գովեստի ու հիացմունքի խոսքեր հնչեցնելու համար։

«Երևան» գիտական հոդվածների ժողովածու պատասխանատու խմբագիր Արմինե Սարգսյանը, նախօրոք ծանոթանալով ու խմբագրելով Ասատրյանի հոդվածը, դրանում որևէ արտառոց բան չի նկատել․ - «Այսօր խոսքի ազատություն է: Իր զգացմունքներին ազատություն է տվել: Կարծում եմ, դա որակավորել գիտական կամ ոչ-գիտական, այնքան էլ կարևոր չէ: Տարոն Մարգարյանի հատվածների վերաբերյալ, ինձ թվում է, հեղինակը իր զգացմունքային տեսակետն է արտահայտել ընդամենը»:

Հանդեսի պատասխանատու խմբագրից հետաքրվեցինք՝ արդյո՞ք «զգացմունքային տեսակետով» համեմված հոդվածի առկայությունը ստվեր չի գցի «Երևան» հանդեսի վրա, որի խմբագրական խորհրդում հանրահայտ գիտնականներ են։ Սարգսյանն արձագանքեց․ - «Ոչ: Որովհետև ի վերջո մենք մարդ ենք, և մարդկային գործոնը բոլոր խնդիրների վրա իր կարևոր ազդեցությունն է գործում»:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով ծանոթ է Տարոն Մարգարյանի մասին գիտական հոդվածին, դրա շուրջ ծագած աղմուկը պատահական չի համարում. - «Այնտեղ որևէ գիտական բան չկա»:

Հոդվածի հրապարակումից մեկ ամիս անց Աննա Ասատրյանը Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով։ Բախշյանը կասկածներ ունի, որ պարգևատրումն ու դրան նախորդած հոդվածը փոխկապակցված են․ - «Եթե Աննա Ասատրյանը սա գիտական հոդված է համարում, և Տարոն Մարգարյանը դրանից շոյվում է, ուրեմն կապ կա»:

Աննա Ասատրյանը ծիծաղելի որակեց նման տեսակետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG