Մատչելիության հղումներ

Պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Թիլերսոնը քննադատում է Օբամայի վարչակազմի պահվածքը Ղրիմի ճգնաժամի ընթացքում


grab: tillerson 2

grab: tillerson 2

Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Ռեքս Թիլերսոնը չորեքշաբթի օրը շուրջ 9 ժամ պատասխանում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:

Թիլերսոնի նշանակման առթիվ կազմակերպված քննարկումները թերևս ամենաբուռն էին Թրամփի առաջադրված պաշտոնյաների թեկնածությունների շուրջ կազմակերպված լսումների շարքում:

Քննարկումների մի զգալի մասը նվիրված էր ռուս-ամերիկյան հարաբերություններին: Այս առումով առավել ակտիվ էր հանրապետականների ներկուսակցական ընտրություններին մասնակցած և այդ պայքարում Դոնալդ Թրամփին զիջած սենատոր Մարկո Ռուբիոն:

«Թույլ տվեք ինձ ձեզ այս հարցն ուղղել` արդյո՞ք Վլադիմիր Պուտինը պատերազմական հանցագործ է», - դիմելով պետքարտուղարի թեկնածուին՝ հարցրել է Ֆլորիդայից ընտրված սենատորը:

«Ես զերծ կմնայի նման ձևակերպումից», - հակադարձել է Թիլերսոնը:

Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրված Թիլերսոնը բավական կոշտ է արտահայտվել պաշտոնական Մոսկվայի` Ուկրաինայում վարած քաղաքականության մասին:

Թիլերսոնն անգամ բացատրել է սենատորներին, թե ինչ կաներ 2014-ի գարնանը` Ղրիմի`Ռուսաստանի կողմից բռնակցման ժամակաշրջանում, եթե զբաղեցներ պետքարտուղարի պաշտոնը:

«Ես խորհուրդ կտայի ուկրիանացիներին տրամադրության տակ եղած բոլոր ստորաբաժանումները տեղակայել երկրի արևելյան սահմանի երկայքնով, այդ ուժերին պաշտպանական նշանակության զինատեսակներ կմատակարարվեին: Բացի այդ, մենք կհայտարարեինք, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ են տրամադրելու: Ավելին՝ ԱՄՆ կամ ՆԱՏՈ-ն հետախուզական թռիչքներ կիրկանացնեին`դիտարկելով [ռուս-ուկրաինական] սահմանին իրականացվող ցանկացած շարժ», - հայտարարել է Թիլերսոնը` համոզմունք հայտնելով, որ Ղրիմում ծավալված իրադարձություններից հետո հակաքայլերի նման համալիրը հնարավորություն կտար խուսափել Դոնբասում ռազմական գործողությունների ծավալումից:

«Այդ կոշտ պատասխանը ռուսներին պետք է հասկացներ, որ Ղրիմից հետո քայլ անգամ առաջ գնալ չի կարելի», - նել է պետքարտուղարի թեկնածուն:

Ինչ վերաբերում է բուն Ղրիմին, ապա այստեղ ևս պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրված Թիլերսոի տեսակետը բավական հստակ է․ - «Ղրիմի գրավումը ուժային գործողություն էր: Ղրիմի բնակիչները սեփական կամքով չէ, որ միացել Ռուսաստանին: Այդ ժամանակահատվածում հարկավոր էր ուժի համարժեք ցուցադրության դիմել` Ռուսաստանի կողմից տարածքների հետագա գրավումը բացառելու համար»:

Ամերիկացի սենատորների կողմից Ռեքս Թիլերոոնին ուղղված հարցերի մի զգալի մասը վերաբերում էին Ռուսաստանի ազդեցիկ շրջանակների հետ նրա ունեցած կապերին:

Հիշեցնեմ, Թիլերսոնը 1975 թվականից ի վեր աշխատում է ամերիկյան խոշորագույն նավթային ընկերություններից մեկում` «Էքսոն-Մոբայլում», որն ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանի հետ համատեղ ծրագրերում: Դրանցից թերևս ամենաառանցքայիններն են Արկտիկայում և Սախալին կղզու հյուսիսում նավթի և գազի խոշոր պաշարների արդյունահանման ծրագրերը:

Միայն մեկ փաստ․ Թիլեսրոնի ղեկավարած նավթային ընկերությունը Սախալինում ավելի քան 4 միլիարդ դոլարի ուղղակի ներդրումներ է կատարել: Մոսկվայի հետ ծավալած նման սերտ համագործակցության ֆոնին ամերիկացի սենատորներին հատկապես հետաքրքրում էր, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե 2014-ին Թիլերսոնը փորձել է հետ պահել ամերիկյան ղեկավարությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից:

«Ես երբեք անձնապես պատժամիջոցների սահմանման դեմ լոբբիստական գործունեություն չեմ իրականացրել», - նշել է Ռեքս Թիլերսոնը:

Սենատոր Ռոբերտ Մենեդեսի ճշգրտող հարցին, թե արդյոք Թիլերսոնի ղեկավարած նավթային ընկերությունն է նման գործունեությամբ զբաղվել, ապագա պետքարտուղարը պատասխանել է․ - «Իմ տեղեկություններով, «Էքսոնը» երբեք պատժամիջոցների դեմ լոբբիստական գործունեությամբ չի զբաղվել»:

Ընդհանուր առմամբ, սակայն, երեկ կայացած լսումների ընթացքում Ռեքս Թիլերսոնը բավական կոշտ էր արտահայտվում Մոսկվայի հասցեին: Նրա գնահատմամբ՝ «Ռուսաստանը վտանագավոր, բայց կանխատեսելի պետություն է, որը սեփական շահերն է հետապնդում»:

Պետքարտուղարի թեկնածուի խոսքով, պատժամիջոցների շուրջ ստեղծված ստատուս քվոն առայժմ պետք է պահպանվի, Օբամայի օրոք հաստատված «Մագնիտսկու օրենքն» էլ ամերիկյան նոր վարչակազմը պետք է ուժի մեջ թողնի:

Երեկ կայացած լսումների ընթացքում Ռեքս Թիլերսոնը անդրադարձավ նաև Հայաստանի անմիջական հարևաններից երկուսի` Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններին: Պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Թիլերսոնը կրկին քննադատեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում կնքված համաձայնագիրը:

«Ինչ վերաբերում է վերջերս ստորագրված պայմանագրին, որի նպատակն է սահմանափակել Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը, ապա իմ թեկնածության հաստատման դեպքում ես խորհուրդ կտամ ամբողջությամբ վերանայել այդ պայմանագիրը: Դա համահունչ է նաև նորընտիր նախագահի տեսակետներին», - պնդել է Թիլերսոնը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թիլերսոնը խորհուրդ է տալիս չթերագնահատել Անկարայի՝ որպես Միացյալ Նահանգների կարևոր դաշնակցի դերը․ - «Մենք պետք է վերականգնենք հարաբերությունները Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ով Հյուսիսատլանտյան դաշինքի վաղեմի դաշնակիցներից է: Ամերիկյան առաջնորդող դերակատարության փաստացի բացակայության պայմաններում, նա նյարդայնության որոշակի նշույլներ էր ցուցաբերում: Այդ իրավիճակում նա վերածվեց Ռուսաստանի դաշնակցի: Դա, սակայն, կայուն դաշինք չէ, և պետք է հստակ հասկացնել [Էրդողանին], որ Թուրքիան հարատև դաշինք կարող է ձևավորել հենց Միացյալ Նահանգների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG