Մատչելիության հղումներ

Կառավարությունը լուծարեց հայ-իրանական երկաթուղու համար պատասխանատու ընկերությունը


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արխիվ:

Այսօր՝ հայ-իրանական երկաթգիծը առաջիկա տարիներին կառուցելու նախագահ Սարգսյանի խոստումից ութ տարի անց, Կառավարությունը լուծարեց այդ երկաթուղու նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ընկերությունը:

Գործադիրի նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ լուծարման արդյունքում «առկա տասներեք հաստիքային միավորների և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կխնայվի մոտ 35 միլիոն դրամ»:

Գործադիրի նիստից հետո նախարարը ընդգծեց՝ ընկերության լուծարումը ամենևին չի նշանակում, որ Կառավարությունը հրաժարվում է հայ-իրանական երկաթուղու կառուցումից․ - «Որովհետև նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն, այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը: Եվ, ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք ԾԻԳ-երի միավորումը, դա տրանսպորտների իրականացման ԾԻԳ է, որ բոլոր մրցույթները կարող են հայտարարել այդ ԾԻԳ-ի միջոցով»:

Մոտ մեկ ամիս առաջ լրագորղների հետ հանդիպմանը Վահան Մարտիրոսյանը հայտատարել էր, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում որևէ նշանակալից առաջընթաց չկա, առայժ միայն քննարկումներ են ներդնողների հետ:

Այսօր պարզվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերոհիշյալ հայտարարությունից ութ տարի անց երկաթգծի անգամ վերջնական նախագիծը պատրաստ չէ․ - «Մոտավոր հաշվարկներով, դա մոտավորապես երեք միլիարդից ավել է մի քիչ՝ 3.2 միլիարդ: Բայց դա շատ կոպիտ հաշվարկ է, որովհետև դեռ նախագիծը չկա վերջնական»:

«Ազատության» հարցին, թե ինչու նախագահի հայտարարությունից 8 տարի անց պատրաստ չէ վերջնական նախագիծը, նախարարը պատասխանեց․ - «Որովհետև ինվեստորը, որ պիտի ներդրում կատարի, ինքը պետք է անի իրեն հարմար նախագիծ»:

2008 թվականի հոկտեմբերին, ժողովրդին և Ազգային ժողովին հասցեագրած ուղերձում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ․ - «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան - Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Հայ-իրանական երկաթգիծը Սարգսյանի առաջարկած երեք խոշոր նախագծերից մեկն էր: Ամիսներ անց պետք է սկսվեր նաև նոր ատոմակայանի կառուցումը, իսկ ստեղծվելիք Համահայկական բանկը պետք է մեծամասշտաբ ծրագրեր ֆինանսավորեր: Այդպես էլ ոչ մեկը չիրականացավ:

Վերջին շրջանում անգամ բարձրաստիճան իշխանավորները կասկած հայտնեցին, որ առաջիկայում հայ-իրանական երկաթուղու կառուցումը հնարավոր է:

2015-ի փետրվարին կառավարության նիստում այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին՝ անկեղծացավ․ - «Բեգլարյան, հույս ունե՞նք էս հարցում մենք ընդհանրապես»:

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը իր գոյության շուրջ հինգ տարիների ընթացքում պետբյուջեից ստացել է առնվազն 185 միլիոն դրամ, և ի՞նչ են արել 185 միլիոնի դիմաց՝ դիմեցինք նախարար Վահան Մարտիրոսյանին:

«Անիմաստ չի աշխատել: Ինքը աշխատանքներ արել է, քննարկումներ արել է: Այդ ընթացքում ունենք պայմանագիր մեկ կոնցեսիոն կառավարչի հետ, ովքեր որ ուսումնասիրությունները արել են, թե քանի թունել է հարկավոր, քանի կամուրջ․․․ Ես չեմ կարող գնահատել՝ 185 միլիոնի համար դա շատ է թե քիչ է, բայց աշխատանքներ կատարվել են»:

Հարցրեցինք՝ եթե Կառավարությունը չի ցանկանում անգամ տասներեք հոգու աշխատավարձ վճարել հայ-իրանական երաթուղու կառուցումը կյանքի կոչելու համար, արդյո՞ք դա նշանակում է, որ իրատեսական չի համարում, որ առաջիկայում երկաթգիծը կկառուցվի: Նախարարի արձագանքը․ - «Ժամկետներ չեմ կարող ասել, բայց այդ ծրագիրը Կառավարության հսկողության տակ է»:

Ըստ նախարարի, նախնական հաշվարկով՝ ներդնողը 3.2 միլիարդ դոլարը հետ կբերի մոտ 22 տարի անց:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, հայ-իրանական երկաթուղին չունի տնտեսական հիմնավորվածություն, և առաջիկա տասնամյակների ընթացքում դժվար թե կառուցվի․ - «Բեռնաշրջանառությունը, ուղևորաշրջանառությունը, որը կարող է ապահովել այդ երկաթուղին, չափազանց փոքր է, որպեսզի ներդրողին համոզի, որ կարելի է հսկայական այդ գումարը ներդնել: Այն հաշվարկները, որ այսօր ներկայացվում են, թե 22 տարում նա իրեն կծախսածածկի և դրանից հետո կաշխատի եկամուտով, մեղմ ասած՝ վստահություն չեն ներշնչում»:

XS
SM
MD
LG