Մատչելիության հղումներ

Ամանորը Թբիլիսիում դիմավորելու համար Վրաստան մեկնած բազմաթիվ հայաստանցիներ միայն հյուրանոցում են պարզել, որ խաբված են: Խարդախության փաստով քրգործ է հարուցվել:

«Մեզ թղթեր են տվել պեչատով ու ոչ մի կասկած չեն ներշնչել»,- «Ազատության» հետ զրույցում ասում է խարդախության զոհ դարձած Գայանե Մարտիրոսյանը, որի 14 հոգանոց ընտանիքը Ամանորի գիշերը Թբիլիսի հյուրանոցներից մեկում անցկացնելու փոխարեն Թբիլիսի-Երևան ավտոճանապարհին է դիմավորել։ «Մեծ Հայկ» տուրիստական ընկերությունը նրանցից մոտ 3000 դոլար է վերցրել՝ տոնական հանգիստը հարևան երկրի բարձրակարգ «Գոլդեն Փելես» հյուրանոցում կազմակերպելու համար, սակայն, գումարը ստանալուց հետո ընկերության տնօրենն անհետացել է:

«Մեզ առաջարկեցին, որ նորից ամեն ընտանիքի համար մենք մուծենք 1000 դոլար, որ կարողանանք մինչև հունվարի 5-ը մնալ այնտեղ։ Բայց մենք հետ վերադարձանք գիշերը 3 մեքենաներով»,- շարունակում է խաբված քաղաքացուհին: Նույն տուրիստական ընկերության կողմից խաբված մեկ այլ ընտանիք էլ 1300 դոլար է վճարել «Մեծ Հայկ»-ի տնօրեն Վահագ Բարեղամյանին: Թբիլիսի հասնելուն պես, սակայն, այդ ընտանքի անդամները պարզել են, որ իրենց անունով ոչ մի հյուրանոց էլ ամրագրված չէ։ Անահիտ Գրիգորյանը, ով անձամբ է գումարը փոխանցել Բարեղամյանին, «Ազատությանն» ասաց, թե արդեն հյուրանոցում են բացահայտել, որ իրենք միակ խաբվածները չեն՝ «Հյուրանոցում Հայաստանից գնացող 10 հոգու անուն ունեին։ Ասացին՝ եթե ձեր անուններն այդ ցուցակում չլինի, ուրեմն ձեր տուրիստական ընկերությունը խաբել է ձեզ, քանի որ դուք միակը չեք»:

Թբիլիսիի «Գոլդեն Փելես» հյուրանոցից «Ազատությանը» փոխանցեցին, որ ընկերությունը 30 սենյակ էր ամրագել, սակայն, միայն 10-ի համար է 30 տոկոսի չափով գումար փոխանցվել։ Հյուրանոցի մենեջեր Նինո Բեջաշվիլին, մասնավրապես, նշեց՝ «Այդ մարդը մեզ նախապես չի վճարել։ Համարներն ամրագրել էր, հետո վերջին պահին փոխանցում չէր արել։ Այդ պատճառով մենք ստիպված էինք հյուրերից գանձել այդ գումարը։ Այդ մարդու [Բարեղամյանի] բոլոր հեռախոսահամարները, որ մենք ունեինք, անջատված էին։ Դրանք փոխանցել ենք նաև հյուրերին, իրենք էլ չեն կարողացել կապվել նրա հետ»:

Հիշյալ տուրիստական ընկերությունը ԱՆ պետռեգիստրում գրանցված չէ, «Սփյուռ» տեղեկատուի մեջ մի հեռախոսահամար են գրանցել, ֆեյսբուքյան էջում էլ պարբերաբար հրապարակումներ են տեղադրում՝ տարբեր երկրներում հանգիստ կազմակերպելու առաջարկներով։ Հենց նույն էջում էլ բազմաթիվ օգտատերեր արդեն գրել են, որ մոտ 500 հոգի ընկերության խաբեության զոհն է դարձել։

«Մեծ Հայկ»-ից տուժած որոշ քաղաքացիներ էլ, ովքեր մտադրվել էին Ամանորը Եգիպտոսում դիմավորել, «Զվարթնոց» օդանավակայանից են ետ վերադարձել, քանի որ նրանց անունով ավիատոմսեր ամրագրված չեն եղել: Նրանք դիմել են մեկ այլ՝ «Հայք տուր» անվանումով ընկերությանը՝ կարծելով, թե այն առնչություն ունի «Մեծ Հայկ»-ի հետ։ Սակայն, ինչպես այդ ընկերության տնօրեն Վարդան Ավագյանն ասաց «Ազատությանը», խաբեություն է եղել նաև անվան շուրջ:

«Մեծ Հայկ»-ի տնօրենն Վահագ Բարեղամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ոստիկանության հաղորդմամբ, փաստով քրգործ է հարուցվել՝ խարդախության հատկանիշներով: Տուժածների թիվն այս պահին մեկ տասնյակից ավելի է, այն կարող է ավելանալ:

XS
SM
MD
LG