Մատչելիության հղումներ

Մամուլում շրջանառվող ԱԻՆ ղեկավարի հավանական թեկնածուներից ոչ մեկը առաջարկ չի ստացել


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից մոտ մեկ ամիս անց ոլորտի նոր ղեկավարի պաշտոնի համար արդեն 4 անուն է շրջանառվում։

Ըստ հայաստանյան մամուլի, հավանական թեկնածուներն են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանն ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։

«Ազատությունն» այս լուրերը փորձեց ճշտել հենց նրանցից։

Արմեն Աշոտյանը, սա անհեթեթ բնորոշելով, միայն նշեց, որ այդ մասին խոսում էին նաև նախարարի մահվանից անմիջապես հետո, ինչը, ըստ նրա, անբարոյականություն է։

Նախկին ոստիկանապետին ևս լուրերը զարմացրել են։ Ալիկ Սարգսյանն ասում է՝ նախարարի թափուր տեղը զբաղեցնելու առաջարկ չի ստացել, ինքը Հանրապետության նախագահի խորհրդականն է և կմնա այդ պաշտոնում այնքան, քանի դեռ այլ նշանակում երկրի ղեկավարը չի արել․ - «Ես մի քանի անգամ ասել եմ՝ պաշտոնի ընտրություն ես չեմ կատարել: Հանրապետության նախագահը ուր կորոշի, այդտեղ էլ կշարունակեմ իմ աշխատանքը: Այս պահին նախագահի խորհրդականն եմ, բնականաբար, իմ հետագան պետք է որոշի հենց Հանրապետության նախագահը: Ուր կնշանակի, ես զինվորական մարդ եմ, կշարունակեմ աշխատել»:

Նա հավելեց, որ չգիտի, թե ինչու է հատկապես իր անունը շրջանառվում Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում․ - «Ես չգիտեմ ինչն է պատճառը․․․ Որևիցե թեմա չի եղել, որևիցե առաջարկ չի եղել: Կարծում եմ, որ նման բան լիներ, ես էլ կիմանայի»:

Նախարարի պաշտոնում իրեն չի տեսնում Լոռու մարզպետը։ Արթուր Նալբանդյանն ասում է, որ զարմացել է, երբ մամուլում կարդացել է նաև իր անունը․ - «Նման բան երբևիցե չի եղել, և իրականության հետ ընդհանրապես կապ չունի: Երբեք չի էլ քննարկվել նման հարց․․․ Դուք իմ անցած ճանապարհը գիտեք: Իհարկե, ես նման փորձ չունեմ երբևիցե՝ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի»:

Նալբանդյանը նույնպես չգիտի, թե ինչու է իր անունը հայտնվել նախարարի պաշտոնի հավանական թեկնածուների անունների մեջ:

Համակարգի աշխատակից, Երևանի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը նախարար դառնալու առաջարկ չի ստացել։ «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ երկու օր առաջ է վերադարձել արձակուրդից ու նման խոսակցություններ չի լսել․ - «Ես իմ աշխատանքին աշխատում եմ, և նման առաջարկ չի եղել երբեք»:

Ներսիկ Նազարյանը հերքեց նաև այն լուրերը, որ նախարարությանում ներքին խմորումներ են սկսվել։ Ըստ նրա, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը աշխատանքը կազմակերպում է բնականոն հունով․ - «Բացարձակ նման բան չկա: Բնականոն հունով աշխատանքները շատ լավ ընթանում են: Համակարգը շատ լավ դրված է եղել Երիցյանի ժամանակ էլ, և նորմալ հենց հիմա շարունակվում են աշխատանքները, մի փոքր նույնիսկ խոչընդոտ չկա: Եվ նման խմորումներ էլ բացարձակ չկան»:

Նոր նախարարի նշանակման հետ կապված «Ազատությունը» փորձեց նորություններ ճշտել Կառավարությունից։ Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը փոխանցեց, որ երբ հայտնի լինի ոլորտի նոր ղեկավարի անունը, այդ մասին կծանուցվի պատշաճ կերպով։

Սարդարյանը չմեկնաբանեց այն լուրերը, թե իշխանությունը որոշել է մինչև նոր կառավարության ձևավորումը նախարար չնշանակել:

XS
SM
MD
LG