Մատչելիության հղումներ

Վրաստանով գազի տարանցման նոր պայմանագրի ստորագրումը ձգձգվում է


Արդեն լրացավ 10-րդ օրը, որ ռուսաստանյան «Գազպրոմը» Հայաստանին կապույտ վառելիք է մատակարարում առանց տարանցման պայմանագրի։

Թեև հունվարի 1-ին ավարտվել է Վրաստանի և ռուսաստանյան «Գազպրոմ-էքսպորտի» միջև ստորագրված պայմանագրի ժամկետը, սակայն կողմերը նոր պայմանների շուրջ դեռ չեն կարողանում համաձայնության գալ։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն երեկ հայտարարել է, որ այս հարցում վրացական կողմն ունի պարզ դիրքորոշում։ Նա շեշտել է՝ եթե անգամ անցում է կատարվելու ֆինանսական վճարմանը, երկիրը պետք է ունենա նույն օգուտը, ինչ այն պայմաններում, երբ բնական գազը ստանում է հումքի տեսքով։

Թե ինչն է պատճառը, որ նոր պայմանագրի ստորագրումը ձգձգվում է, և արդյոք կան հստակ երաշխիքներ, որ տարանցման գինը իսկապես նվազելու է, «Ազատությունը» փորձեց ճշտել «Գազպրոմ Արմենիայից»։ Ընկերության լրատվության ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը, սակայն, այդպես էլ անպատասխան թողեց մեր զանգերը։

Մինչդեռ գազի գնի խնդիրներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանն ասաց, թե անտրամաբանական էր մտածել, որ հարևանը պատրաստ կլինի հրաժարվել իր շահույթից, հատկապես, որ բնական վառելիքի սպառման ծավալները գնալով կրճատվում են Հայաստանում․ - «Գնալ, վրացիներին համոզել, որ արդեն պակասած ինը միավորը մի հատ էլ իրենք պակասացնեն, ոչ մի տնտեսվարող, ոչ մի երկիր չի համաձայնի: Տրամաբանական չէ, որ վրացիները համաձայնեին այդ տարբերակին, քանի որ հակառակ գործոններ՝ արդեն աշխատող, կան»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, դեռ նոյեմբերին խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ Կառավարություն այդպես էլ հստակ երաշխիքներ չներկայացրեց, որ Վրաստանն իսկապես պատրաստ է ընդառաջել նոր պայմաններին։ Ըստ Մանուկյանի, հույսը դրված էր ռուսաստանյան ընկերություն վարպետության վրա, որ վերջինս կկարողանա համոզել վրացիներին։ Սակայն, ինչպես երեկ նշել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիաշվիլին, առավելագույն արդյունքը հնարավոր է լինի տարանցիկ փոխադրման դիմաց վճարի մոնետիզացիան, սակայն՝ ընդունելի պայմաններով, կամ էլ վերադարձ հնին։

«Այստեղ որևէ մեկին մեղադրել պետք չէ: Ես մեղադրում եմ մերոնց, որ հույս են կապել ինչ-որ մի երևակայական, ոչ-ռեալ պրոեկտի հետ, որը չիրականանալու ավելի շատ շանս ունի», - նշեց Արամ Մանուկյանը:

Այն, որ սակագինը կարող է կրկին բարձրանալ, չի բացառում նաև տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։ Ըստ նրա, տարածաշրջանի գազի շուկայում իր դիրքերը կորցնող Ռուսաստանը, եթե չկարողանա համաձայնության գալ նոր այդ 10 տոկոսի հարցում, ապա առիթ է ստեղծվում, որ Հայաստանը ակտիվ բանակցություններ սկսի Իրանի հետ․ - «Այստեղ ստեղծվում է հնարավորություն Իրանից արդեն գազ ստանալ ոչ թե երրորդ կողմին՝ «Գազպրոմին» ներգրավելով, այլ ուղղակի պիտի մտնել բանակցությունների մեջ»:

Վրաստանով տարանցման գնի հնարավոր նվազեցումը դարձավ նաև այն հիմնական գործով, որով պայմանավորված դեռ նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս հունվարի 1-ից նվազեցրեց կապույտ վառելիքի սակագները։ Դեռ այդ ժամանակ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը վստահեցնում էր, որ հարցի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում․ - «2017 թվականի հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման վրացական գազատրանսպորտային ընկերության և ռուսական «Գազէքսպորտ» ընկերության միջև կնքված պայմանագիրը, ոորտեղ ֆիքսված էր կոնկրետ այն 10 տոկոս հասկացողությունը, որ դուք լսեք եք երկար ժամանակ: Ներկայումս փորձում ենք չվճարել տասը տոկոս, այլ ավելի պակաս: Պակաս մասը պետք է գնա և հնարավորություն ստեղծի․․․ այն, ինչ որ մենք արեցինք, որը լինելու է: Ակնկալում ենք, որ դա կլինի նշանակալի թվեր, նշանակալի միջոցներ»:

Սակագների նվազեցմամբ «Գազպրոմ Արմենիայի» եկամուտները պակասելու են 13 միլիարդ 4 միլիոն դրամով։ Ինչպես վստահեցնում են պատասխանատուները, եթե նախնական ակնկալիքները չարդարանան, ապա ռուսաստանյան ընկերությունը իր վրա կվերցնի ֆինանսական ռիսկերի փոխհատուցումը։

Արամ Մանուկյանը թերահավատորեն է վերաբերում այս խոստմանը՝ հիշելով թե որքան թանկ է վճարում նման դեպքերում մեր երկիրը․ - «Ես կարծում եմ, հետո, ինչպես մեր իշխանությունները լավ փորձ ունեն, կկուտակեն պարտքը, հետո ինչ-որ ուրիշ բանով կփոխհատուցեն: Սա, չգիտեմ, կարող է լինել ՋԷԿ-ը, կարող է լինել ինչ-որ մի բան․․․ Լավ ասացվածք կա՝ մեր սիրուն աչքերի համար իրենք իրենց գրպանից մեզ չեն վճարելու: Տրամաբանականը կարող էր լինել, եթե իսկապես «Գազպրոմը» համաձայնել է, սահմանի վրա իջեցնեին»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից այս հարցը չեն մեկնաբանում: Նախարարի մամլո քարտուղար Վասակ Թարփոշյանի խոսքով, միայն գազամատակարարող ընկերությունն է զբաղվում բանակցություններով, իսկ սակագնի վերանայման մասին խոսել այս պահին չեն կարող։

Ինչպես հայտնում է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, նոր պայմանագրի շուրջ հերթական հանդիպումը ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչների հետ կայանալու է այսօր Մինսկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG