Մատչելիության հղումներ

Գուգարաց թեմի առաջնորդ․ «Ես մշտապես Հանրապետական կուսակցությանը ձաղկել եմ»


Եթե Սրբազանը տարածաշրջանի առաջնորդն է ու հորդորում է համախմբվել, ու սա եթե համարվում է քաղաքականություն, ուրեմն ես կամ քաղաքականության մեջ՝ այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը քննադատության ենթարկվեց այն բանից հետո, երբ Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ հորդորեց Վանաձորի ավագանու անդամներին հավաքվել, վերջ տալ խռովկանությանը և «լծվել քաղաքի կառուցման սուրբ գործին»: Այսօր հարցրեցինք Սրբազանին՝ արդյոք նման հայտարարությունը չի՞ նշանակում, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը: Հայաստանի սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից:

«Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե Սրբազանը տարածաշրջանի առաջնորդն է և հորդոր է անում, կոչ է անում միավորվել, համախմբվել, ազգային, պետական կառույցների շուրջը, սա եթե համարվում է քաղաքականություն, ուրեմն ես կամ քաղաքականության մեջ: Իսկ եթե սա համարվում է առաջնորդի պարտականություն, ուրեմն ես իմ տեղում եմ՝ առաջնորդն եմ», - նշեց Չուլջյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ հաճախ կարելի է քննադատություն լսել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին, թե նրանք մշտապես կանգնած են իշխող կուսակցության կողքին, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը արձագանքեց՝ ինքը կանգնած է ոչ թե իշխող Հանրապետական կուսակցության կողքին, այլ՝ հայոց պետականության․ - «Ես մշտապես Հանրապետական կուսակցությանը ձաղկել եմ ուղղակի, բայց այնպես չէ, որ դուք, լսելով մեկ ուրիշին, թե ես իբր թե հանրապետականների կողքին կանգնած եմ, և նրանց խնայում եմ: Դա այդպես չէ՝ սուտ է, կեղծիք է: Ես Հանրապետական կուսակցությանն ավելին եմ ասել, քան կարելի էր ասել: Մեկ միջոցառման մեջ, օրինակ՝ «դուք երբևիցե մտածե՞լ եք այս եթիմների մասին, էս ի՞նչ սեղանի շուրջ եք նստած, ինչպե՞ս կարելի է այսպես հաց ուտել, երբ այնտեղ սոված մարդիկ են», այս արտահայտությունը ընդհուպ տարածվել է: Այսինքն, ես Հանրապետական կուսակցության նկատմամբ ավելի խիստ եմ եղել, քան որևէ մեկ այլ կուսակցության նկատմամբ, որպես ավագ, որպես մեծամասնություն, որպես թիվ մեկ պատասխանատուն, որովհետև ի վերջո իշխող կուսակցություն է»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ ունեցած հեռակա բանավեճին՝ այսօր Սրբազանը կոչով դիմեց նրան․ - «Այո՛, տեր եմ իմ ասած խոսքերին և շարունակելու եմ հորդորել՝ միացեք: Ընդամենը այս երիտասարդ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը կայանալու խնդիր ունի: Եվ ցավում եմ, որ ես չեմ կարողացել նրա հոգևոր դաստիարակությամբ զբաղվել: Հիմա ես իմ սխալս պետք է ուղղեմ և նրան հայրաբար հորդորեմ, որ ազնիվ, արդար, բարոյական ճիշտ ճանապարհով ինքը իր կարիերան, իր կուսակցական քաղաքական գործունեությունը և կենսագրությունը կառուցի, այլապես ծուռ-մուռ երկար չի կարող գնալ: Եվ իրապես հայրաբար նրան այստեղից էլ հորդորում եմ՝ Էդմո՛ն, արի՛ ինձ մոտ: Ես քեզ ներում եմ և ամեն ինչ կանեմ, որ դու ճիշտ ճանապարհի վրա կարողանաս շարունակել քո քաղաքական գործունեությունը: Քեզ կօգնեմ իմ խորհուրդներով, խրատներով, որպեսզի զեղծարարությունների հետ գործ չունենաս: Եվ ո՛չ դու, ո՛չ էլ մյուս կուսակցությունները»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Էդմոն Մարուքյանը, արձագանքելով Գուգարաց թեմի առաջնորդի հրավերին, մասնավորապես, ասաց․ - «Ես գտնում եմ, որ կոչը չի եղել օբյեկտիվ, չի եղել անկողմնակալ: Եվ ես գտնում եմ, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է սահմանադրությամբ, պետությունն ու եկեղեցին անջատ են, և եթե եկեղեցին, եկեղեցականները փորձում են քաղաքական կյանքին միջամտել, ապա գոնե դա պետք է անեն օբյեկտիվ և համակողմանի: Եթե ոչ՝ ապա ուրեմն պետք է չխառնվեն»:

Ինչ վերաբերում է հանդիպելու մասին սրբազանի կոչին՝ Մարուքյանն ասաց․ - «Գալ-գնալու խնդիր չկա: Ես Վանաձորում եմ ծնվել, մեծացել: Այն եկեղեցիները, որոնք Վանաձորում կան, ես այդ եկեղեցիներում եմ աղոթում և մոմ վառում: Ամեն պատարագից պատարագ տեսնում եմ սրբազանին, տաղավար տոների ժամանակ, և բնականաբար այդ հանդիպումը անխուսափելի է: Ես չեմ մտածում, որ սա այնպիսի հարց է, որ ես պետք է հատուկ գնամ, կամ սրբազանը ինչ-որ հատուկ բան անի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG