Մատչելիության հղումներ

«Համախմբումը» ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ


«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, արխիվ:

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, արխիվ:

«Համախմբում» կուսակցությունը վարչության նիստից հետո հայտարարում է, որ սկսում է ակտիվ բանակցություններ մի խումբ խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի հետ ապրիլի ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցով։

Կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, փակագծերն ամբողջովին չբացելով, չի հերքում, որ քննարկումներ ընթանում են նաև «Ժառանգության» կուսակցության, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, եղել են խորհրդակցություններ նաև «Բարգավաճ Հայաստան»-ի հետ․ - «Ժամանակը շատ քիչ է: Կարծում եմ, որ շուտով արդյունքը կունենանք այս կամ այն ձևով: Ունենք երկուստեք պայմանավորվածություններ՝ առայժմ չհրապարակել մինչև վերջնական համաձայնություն կայանալը բոլոր ուժերի հետ»:

Մարգարյանի խոսքով՝ վերջին շրջանում փորձում էին հասկանալ, թե կա արդյոք գաղափարական հենք, որը կարող է միավորել «Համախմբում» կուսակցությունն այլ ուժերի հետ, և, նրա խոսքով, այս հարցում հաջողության հասել են. կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց տարաձայնությունները դնել մի կողմ․ - «Քաղաքական դաշինք կազմելը հենց այնպես չի լինում կուսակցության անունից կամ ինչ-որ զուտ անձնական հարաբերություններից: Այն պետք է վեր կանգնի դրանից: Պետք է ունենա գաղափարական հենք, որում պետք է ներառված լինեն Հայաստանի առաջ ծառացած բոլոր մարտահրավերները՝ անվտանգության հետ կապված խնդիրներն են, տնտեսության հետ կապված խնդիրներն են, Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային մեկուսացված լինելու հետ կապված խնդիրներն են»:

Այդ խնդիրները, Մարգարյանի համոզմամբ, հնարավոր է լուծել միայն լայն դաշինքներով ընտրություններին գնալու պարագայում: Նա հավելեց, որ եթե ընդդիմադիր դաշտը մեկ դաշինքով չի կարող հանդես գալ, գոնե պետք ունենալ մի քանի դաշինքներ․ - «Լայն դաշինքն է, որ երաշխիք է երկրում լուրջ փոփոխությունների, արմատական փոփոխությունների, որոնք իրենց հերթին երաշխիք են երկրի զարգացման: Եթե մրցակցությունը կամ նախընտրական գործընթացը գնում է մի քանի դաշինքների, քիչ թվով դաշինքների միջև, էլի դա երաշխիք է, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել և քաղաքական ընտրություն կատարել»:

«Ժառանգություն»-ը համակարծիք է այս հարցում համախմբանը․ խորհրդարանական ընտրություններին «միայնակ գնալու դեպքում հնարավոր չէ երկրում արմատական բարեփոխումներ կատարել։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս չի խախտում պայմանավորվածությունը մյուս ուժերի հետ՝ լռելով դաշինքի հնարավոր մասնակիցների մասին, սակայն վստահեցնում է, որ 2008 մարտի 1-ի արյունալի դեպքերը խոչընդոտ չեն «Համախմբում» կուսակցության և դրա ղեկավար Վարդան Օսկանյանի հետ համագործակցելու համար, ով այն ժամանակ արտգործնախարար էր․ - «2012 թվականին պարոն Օսկանյանը միասնական շտաբում էր Դաշնակցության և ՀԱԿ-ի հետ միասին, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միևնույն սեղանի շուրջ նստած էր, և որևէ մեկը չէր հիշում Մարտի 1-ը: Այսօր, չգիտես ինչու, բոլորը հանկարծ հիշեցին Մարտի 1-ի մասին: Մարտի 1-ի հայտարարության հետ կապված ես ունեցել եմ իմ մոտեցումը, որ կրակելու հրաման չի տվել: Բայց հայտարարության հետ կապված էլ եմ ունեցել, որ դա ընդունելի չէր»:

Մամուլի տեղեկություններով, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ Լոս Անջելեսում է։ Արմեն Մարտոսյանը վստահեցրեց, որ Հովհաննիսյանը մինչև շաբաթվա վերջն արդեն Երևանում կլինի, բայցի այդ, այս ընթացքում էլ նա անմասն չէր քաղաքական գործընթացներից․ - «Մինչև Հայաստանից մեկնելը ինքն էր հանդիպումները անցկացնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG