Մատչելիության հղումներ

Արամ Սաթյան․ Ժամանակակից ստեղծագործությունները կատարումը հատուկ մոտեցում է պահանջում


Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ վերջին 25 տարիներին հայ կոմպոզիտորական դպրոցը հավատարիմ է մնացել իր ազգային արմատներին՝ համալրելով այն առավել համամարդկային, անգամ համատիեզերական հնչերանգներով:

Ավելի քան հարյուրամյա հայ կոմպոզիտորական դպրոցը ստեղծել է հրաշալի դասական երաժշտություն՝ շնորհիվ Տիգրան Չուխաջյանի, Մակար Եկմալյանի, Արմեն Տիգրանյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Առնա Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի,Ղազարոս Սարյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի և այլոց: Անկախության տարիներին կոմպոզիտորների նոր սերունդ է եկել՝ իր խոսքն ասելու հայ երաժշտական դպրոցի պատմության մեջ՝ ժամանակակից երաժշտական բնագավառում ունենալով իր ունկնդիրն ու հանդիսատեսը:

Այսօր հայ ժամանակակից կոմպոզիտորները շատ ավելի են հայտնի աշխարհում, քան նույնիսկ խորհրդային տարիներին, երբ պետության կողմից հովանավորվող կոմպոզիտորներն էին միայն կարողանում ժամանակ առ ժամանակ հայտնվել արտասահմանում և այնտեղ ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Իսկ հիմա ազատ է․ բոլոր տաղանդավոր մարդիկ կարողանում են իրենց համար ճանապարհ հարթել միջազգային ասպարեզում, նրանց ստեղծագործությունները հնչում են եվրոպական երկրների ամենատարբեր նվագախմբերի կողմից:

Հայաստանում, իհարկե, նույնպես հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Օրինակ, անցյալ տարեվերջին Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակի հոբելյանական համերգին մասնակցում էին մեր լավագույն երաժիշտները:

Բայց հայ ժամանակակից կոմպոզիտորների անուններն ու առավել ևս ստեղծագործությունները հանրությանը այնքան էլ հայտնի չեն: Հարցին, թե ինչու նրանց գործերն մեր համերգասրահներում հաճախ չեն հնչում, Արամ Սաթյանն արձագանքեց․ - «Ես չեմ կարծում, որ քիչ են կատարում: Նրանց [հայաստանյան նվագախմբերի] երգացանկի մեջ ընդգրկված է 30 տոկոսը՝ ըստ կանոնադրության, որ նրանք պետք է կատարեն հայ կոմպոզիտորների երաժշտությունը: Նրանք բոլորը փորձում են: Նվագախմբերի համար էլ է նոր: Պատկերացնո՞ւմ եք, հարյուր հոգանոց նվագախումբը նվագում է մի գործ, որը էսքպերիմենտալ է․․․ Դրա համար հատուկ մոտեցում է պետք: Ուրիշ դասական գործերը կարող են շատ կատարել, որովհետև դրա օրինակները կան՝ ձայնագրությունները և այլն, և այլն: Ես իրենց էլ եմ հասկանում»:

Սաթյանը հարկ համարեց անդրադառնալ զանգվածային լրատվամիջոցներին դերին․ - «ԶԼՄ-ները կարող են շատ մեծ դեր կատարել, բայց նրանք այսօր հաղորդում են այն, ինչ որ իրենց ղեկավարությունն է ընկալում կամ տեսնում»:

Հարցին, թե իրենց բնագավառում որն է այսօր պետության կողմից, պետական միջոցներով լուծելիք ամենահրատապ խնդիրը, Կոմպոզիտորների միության նախագահը պատասխանեց․ - «Այնքան պրոբլեմներ կան․․․ Հենց կատարումը առաջին հերթին: Կատարումը փող արժի: Եթե ուզում ենք բարձրորակ երաժշտություն, պետք է լավ կատարում լինի, լավ բեմադրություն լինի: Երկու փորձից, երեք փորձից լավ գործ չեն ստանա․․․ Կոմպոզիտորները, չստանալով փող, կատարողին փող են տալիս, որ կատարվի իրենց գործը»:

Դիտարկմանը, որ պետությունը գնում է կոմպոզիտորների ստեղծագործությունները, Արամ Սաթյանն արձագանքեց․ - «Սիմֆոնիայի համար կարող է տալ, ասենք թե, 200-250 հազար դրամ: Երբ որ առաջ սիմֆոնիան գնում էին, ստանում էին մի մեքենայի փող: Արտասահմանում սիմֆոնիայի համար, եթե որևէ մեկը պատվիրում է, ստանում է 150 հազար դոլարից սկսած»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG