Մատչելիության հղումներ

Իրանը հրաժեշտ տվեց նախկին նախագահ Ռաֆսանջանիին


Իրանի չորրորդ նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիին վերջին հրաժեշտ տալու համար Թեհրանի համալսարանի տարածքում այսօր հազարավոր մարդիկ էին հավաքվել: Այստեղ էր նաև երկրի ողջ քաղաքական վերնախավը, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ով հավաքված հազարավոր իրանցիների հետ միասին աղոթում էր Ռաֆսանջանիի հոգու հանգստության համար:

Ռաֆսանջանիի աճյունն ամփոփվեց 1979 թվականի իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեինիի դամբարանի հարևանությամբ:

Հուղարկավորությանը մասնակցող մարդկանց նման քանակությունն ինչպես նաև երկրում հայտարարված եռօրյա սուգը պատահական չեն: Իսլամական Հանրապետության հիմնադիրներից մեկը համարվող Ռաֆսանջանին երկրի նորագույն պատմության առանցքային գործող անձանցից մեկն էր:

1989-ին նա որոշիչ դերակատարություն ունեցավ, երբ Խոմեինիի մահից հետո վճռվում էր նրա քաղաքական ժառանգորդի անունը: Հենց իրանական խորհրդարանի` Մեջլիսի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Ռաֆսանջանին էր, որ բուռն քննարկումները ընթացքում պնդեց, որպեսզի 74 մահմեդական հոգևորականներից կազմված խորհուրդը Խամենեիին վստահի Իրանի հոգևոր առաջնորդի պարտականությունները:

«Իմամ Խոմեինին ինձ անձամբ է ասել` երկրի հաջորդ ղեկավարի պաշտոնում հարկավոր է ընտրել պարոն Խամենեիին», - 1989-ի հունիսին Ռաֆսանջանիի հնչեցրած այս խոսքերն էին, որ Ալի Խամենիի համար ճանապարհ հարթեցին դեպի իրանական պետության ղեկավարի պաշտոնը, պաշտոն, որ նա զբաղեցնում է արդեն 28 տարի անընդմեջ:

Ինքը՝ Ռաֆսանջանին 1989-ից 1997 թվականներին զբաղեցնում էր Իրանի իշխանական բուրգի ազդեցությամբ երկրորդ` հանրապետության նախագահի պաշտոնը:

Թեև իրանցի իրավապաշտպանները նշում են, որ նրա նախագահության տարիներին երկրում մարդու իրավունքների խախտումները շարունակում էին համատարած բնույթ կրել, այնուհանդերձ Ռաֆսանջանիի վարչակազմի որդեգրած արտաքին քաղաքական կուրսն աչքի էր ընկնում չափավորությամբ:

Ռաֆսանջանին հակված էր Միացյալ Նահանգների հետ որոշակի երկխոսության ծավալմանը: Հենց Ռաֆսանջանիի նախագահության տարիներին էր, որ Իրանը անում էր հնարավորը Խորհրդային Միության փլուզումից հետո իր հյուսիսային սահմանի երկայնքով ձևավորված նորանկախ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու համար:

Հենց Ռաֆսանջանիի նախագահության տարիներին Երևանի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, իսկ 1992-ի մայիսին Իրանի նախագահը Թեհրանում ղարաբաղյան կարգավորմանը նվիրված բանակցություններ կազմակերպեց: Դրանց արդյունքում հրապարակվեց Ռաֆսանջանիի, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի համատեղ հայտարարությունը, որում տեղ գտած դրույթները, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեցին:

Ներքաղաքական ասպարեզում Ռաֆսանջանի հարաբերություններն իր երբեմնի հովանավորյալ Խամենեիի հետ տարեցտարի վատթարանում էին: 2009-ին նախագահական ընտրությունների ընթացքում Ռաֆսանջանին աջակցեց ընդդիմության թեկնածու Միր-Հոսյեն Մուսավիին, ինչը առիթ տվեց Խամենեիի աջակցությունը վայելող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կոշտ քննադատության ենթարկել Ռաֆսանջանիին` նրա ընտանիքի հասցեին կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ հնչեցնելով:

Հետագա տարիներին, ի դեպ, նախկին նախագահի որդին` գործարար Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանին, մի քանի անգամ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

2015-ին արդեն Թեհրանի հեղափոխական դատարանի Մեհդի Հաշեմիին մեղավոր ճանաչեց ֆինանսական մեքենայությունների և 2009-ին հետընտրական բռնություններ հրահրելու մեջ` դատապարտելով երկարատև ազատազրկման: Նրանից հետո սակայն, երբ հայտնի դարձավ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան մասին, նրա որդուն հնարավորություն տրվեց մեկ օրով լքել Թեհրանի Էվին բանտը` հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG