Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հայտարարում է, որ խորհրդարանական ընտրություններում արդեն առաջադրել է կուսակցության վարչության անդամներ Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի թեկնածությունները:

«Ազատություն»-ը զրուցել է Արայիկ Հարությունյանի և Ալեն Սիմոնյանի հետ։

«Ազատություն». - Փաստորեն, առաջինը դուք հայտարարեցիք հենց ընդդիմադիր դաշտից առաջադրվելու մասին, շո՞ւտ չէր։

Արայիկ Հարությունյան. - Դրանում զարմանալի բան չկա, որովհետև ընտրություններն իրականում շատ բարդ պրոցես է, և դրա համար անհրաժեշտ էր նախօրոք սկսել աշխատանքը՝ մի քանի ամիս առաջ։ Ես դեռևս դեկտեմբերին էի հայտարարել առաջադրվելու մասին Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում ընդհանուր ընտրատարածքում։

Ալեն Սիմոնյան. - Իրոք տենց խնդիր կա, որովհետև, ինչպես ասում են, քարոզարշավը սկսվում է ընտրությունների հաջորդ օրը, և իշխանության պարագայում մի՞գուցե ունենալով այդպիսի մեծ քանակությամբ ռեսուրսներ իրենց տրամադրության տակ, իրենք կարող են ընտրություններից մի քանի օր առաջ էլ սկսել հայտարարել, ընդդիմության պարագայում ժամանակավրեպ չեմ համարում։

«Ազատություն». - Առաջադրվել եք ոչ հեշտ ընտրատեղամասերում, ո՞րն է տեղամասը և ովքե՞ր են այնտեղ ձեր մրցակիցները։

Արայիկ Հարությունյան. - Մալաթիա-Սեբաստիան և Շենգավիթն է։ Ըստ մամուլի, որովհետև դեռ որևէ մեկը չի հայտարարել դրա մասին, առաջադրվելու են, օրինակ, «Հայկական վերածնունդ»-ից Հեղինե Բիշարյանը, իրենց ցուցակներով են գնալու։ Հայտնի է, որ, համենայն դեպս մամուլում, որ դա Հակոբ Հակոբյանն է։ Ավանդաբար այս ընտրատարածքից առաջադրվել է և ընտրվել է Սամվել Ալեքսանյանը, այսպես մի հատ կոնգլոմերատ է օդիոս դեմքերի։

«Ազատություն». - Ի վերջո Մալաթիայի բնակիչները տարիներ շարունակ, օրինակ, անվճար լավաշ էին ստանում, հիմա դուք ի՞նչ եք առաջարկելու բնակիչներին, որպեսզի այդ մարդիկ ձեզ ընտրեն։

Արայիկ Հարությունյան. - Ես առաջարկելու եմ այդ բնակիչներին արժանապատիվ ապրել, որովհետև այնումենայնիվ օրական գնալ հերթեր կանգնել ժամերով և երեք լավաշի համար պայքարել, համաձայնեք՝ մարդկանց արժանապատվության ոտնահարում է։ Գիտեք, այս անձինք, ովքեր այստեղ պայքարել են, նրանք երազ չունեցող անձինք են, և ես իմ երազած Հայաստանն եմ առաջարկելու հանրությանը։

Ալեն Սիմոնյան. - Հեշտ ընտրատարածք չկա, 13-ից ամեն մեկն իր յուրահատկությունն ունի, իմ՝ չորրորդ ընտրատարածքը, որտեղ ներառված են Կենտրոնը, Նորք- Մարաշը, Էրեբունին և Նուբարաշենը ահռելի մեծ՝ 200 հազարից ավել ընտրող ունեցող տարածքներ են, և չեմ կարծում, որ որևիցե տեղ հեշտ է լինելու։ Կանխատեսում եմ, որ Բեգլարյան ընտանիքից ինչ-որ մեկը ներկա կլինի, դրա մասին խոսակցություններ կան, իմ ունեցած տեղեկություններով դա Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։ Ենթադրում եմ, որ Մհեր Սեդրակյանի տղան մի՞գուցե կառաջադրվի, դրա մասին նույնպես խոսակցություններ կան, բայց քանի դեռ այդ անձնավորությունները չեն հայտարարել, ճիշտ չեմ համարում դրա մասին խոսելը, ես ավելի շատ կցանկանայի կենտրոնանալ իմ անելիքի վրա, խոսել այն ամենի մասին, ինչ ես կարող եմ առաջարկել ընտրողին։ Իրենց մասին խոսելու մեծ ցանկություն չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք՝ այստե՛ղ

XS
SM
MD
LG